Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րիզի մասնաճյուղ, գործում է 1992-1993-ից: Նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ առևտրի, դրամական ներդրումների, առևտրական գրասենյակների ստեղծման, տնտեսագիտական կրթության կազմակերպման, փորձագետների պատրաստման միջոցով:

«Լիոն-Երևան» համագործակցական ընկերություն, ստեղծվել է 1993-ին, Լիոնում: Նախագահ՝ Արթուր Տերտերյան (1996-ից): Ունի աշխատանքային 4 խումբ՝ մշակութային, տնտեսական, երիտասարդական, հաղորդակցության: Նպատակն է խթանել կապերը երկու քաղաքների մասնագետների միջև, համագործակցել տնտեսական, կրթական, առողջապահական բնագավառներում: Կազմակերպությունն ընդունել է ուսանողներ Հայաստանից, ուղարկել ֆրանսերեն գրականություն Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան և Հայաստանի Ազգային գրադարան: Լիոնում կազմակերպել է հայկական համերգներ, հայ արհեստավորների գործերի ցուցահանդես-վաճառք:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆ-ի մասնաճյուղ, ստեղծվել է 1993-ի հունիսին: Նախագահ՝ Պետրոս Թերզյան (1998): Կենտրոնը Փարիզում է, մասնաճյուղեր ունի Ֆ-ի շուրջ 12 քաղաքներում: Նպատակն է, համախմբելով բոլոր հայկական ուժերը, մասնակցել Հայաստանի Հանրապետության և Արցախի շինարարական, տնտեսական, մշակութային, կրթական առաջնահերթ ծրագրերի իրագործմանը: Նպաստներ է տրամադրել Լիոնի Մարգարյան-Փափազյան, Իսի լե Մուլինոյի Ս. Թարգմանչաց ամենօրյա վարժարաններին, Ֆ-ի հայերենի ուսուցիչների վերապատրաստման ֆոնդին: Հրատարակում է եռամսյա տեղեկատու (խմբագիր՝ Սուրեն Գևորգյան):

Ֆրանսահայ ընկերակցությունների ֆորում, կազմակերպվել է 1993-ին, Փարիզում: Նախագահ՝ Գեղամ Գևոնյան (1996): Համախմբում է շուրջ 60 հայկական կազմակերպություններ: Նպատակն է աջակցել Հայ դատին, նպաստել հայկական համայնքների մերձեցմանը, կազմակերպել օգնություն Հայաստանին և Արցախին:

Ֆրանսահայ իրավաբանների և փաստաբանների միություն (ֆրանսերեն՝ ԱՖԱԺԱ), հիմնվել է 1993-ին: Նպատակն է կազմակերպել իրավաբանական օգնություն Հայաստանին և սփյուռքին, օժանդակել Հայաստանում իրավաբանական բնագավառի բարելավմանը և զարգացմանը:

«Արմենիա», մշակութային միություն, կազմակերպվել է 1996-ին, Վալանսում՝ Գրիգոր Ամիրղայանի նախաձեռնությամբ: Նպատակն է նպաստել Ֆ-ի և Հայաստանի միջև մշակութային կապերի զարգացմանը: Հիմնել է Հայ մշակույթի կենտրոնը, կազմակերպում է նկարչության դասընթացներ, սահմանում կրթաթոշակներ: Ունի պարախումբ:

Ֆրանս-հայկական բարեկամական ընկերակցություն, հիմնվել է 1997-ին, Փարիզում: Նպատակն է աջակցել երկու երկրների միջև մշակութային, կրթական, գիտական, իրավագիտական, տնտեսական կապերի զարգացմանը: Հիմնադիր ժողովում ընտրվել է ընկերակցության վարչական խորհուրդ (նախագահ՝ Ժան-Պիեռ Մահե) և գործադիր հանձնախումբ:

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգիչ խորհուրդ (ՖԿՀԽ), ստեղծվել է 2001-ին, Փարիզում՝ 1994-ից գործող «Ապրիլ 24» կոմիտեի վերակազմավորման հետևանքով: Նպատակն է ավելի արդյունավետ դարձնել համայնքային տարբեր կառույցների գործունեությունը, համատեղել նրանց ջանքերն ու լոբբինգային աշխատանքը հանուն Հայոց ցեղասպանությանճանաչման և Հայ դատի պաշտպանության. այդ գործին ներգրավելով Ֆ-ի քաղաքական գործիչների, երեսփոխանների և հայտնի մտավորականների: ՖԿՀԽ-ն ներկայացնում է ավելի քան 20 հայկական կազմակերպություններ:


ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ֆ-ի հայերն աչքի են ընկել նաև գիտության տարբեր բնագավառներում: Լեզվաբան Շահան-Հակոբ Ջրպետյանը (1772-1837) եղել է Փարիզի Արևելյան կենդանի լեզուների դպրոցի հայագիտության ամբիոնի առաջին վարիչը: Լինելով հայագիտության հիմնադիրներից մեկը Ֆ-ում՝ նա որոշակի դեր է կատարել Եվրոպայում հայոց լեզուն ուսումնասիրելու և հայագիտությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես առանձին գիտական առարկա դասավանդելու գործում: Հրատարակելէ 16 անուն աշխատություն՝ մեծ մասամբ ֆրանսերեն՝ ծանոթացնելով եվրոպացիներին հայ ժողովրդի պատմությանն ու մատենագրությանը:

Հայ մատենագրությունը Եվրոպական գիտությանը ներկայացնելու ուղղությամբ մեծ գործ է կատարել մշակութային և եկեղեցական գործիչ Կարապետ վրդ. Շահնազարյանը (1814-65): 1855-ին Փարիզում հիմնել է տպարան, «Շար հայ պատմագրաց» մատենաշարով հրատարակել հայ պատմիչների երկեր: Ֆրան-