արևմտահայերեն, գրաբար, հայոց պատմություն, գրականություն, թարգմանություն, արվեստի պատմություն, ազգագրություն: 1997-ին ուսանողների թիվը՝ 55: Կան նաև ազատ ունկնդիրներ:
Տարբեր տարիների Ֆ-ում հիմնվել են հայագիտական հաստատություններ: Հայագիտական ծրագրեր կան նաև Ֆ-ի մի շարք համալսարաններում և բարձրագույն դպրոցներում:
Հայկական ուսմանց ընկերություն, կազմակերպվել է 1920-ին: Հիմնադիրներ՝ Վիկտոր Բերար, Լև Լակրուա, Ֆրեդերիկ Մակլեր, Անտուան Մեյե և ուրիշներ: Նպատակն էր համախմբել Ֆ-ի հայագետներին, նպաստել հայագիտության զարգացմանը: 1993-ից նույն անունով գործում է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթության ազգային հիմնարկի (ԻՆԱԼԳՈ) կազմում: Նախագահ՝ Անահիտ Տոնապետյան, քարտուղար՝ Կլեր Մուրադյան: Նպատակն է զարգացնել հայերենի ուսուցումը ֆրանսիական համալսարանական համակարգում, ստեղծել գիտահետազոտական կենտրոն: Հրատարակում է «Ռևյու դեզ էթյուդ արմենիեն», «Ռևյու դյու մոնդ արմենիեն մոդեռն է կոնտամպորեն» հայագիտական հանդեսները:
Նուպարյան մատենադարան, գրադարան, հայ մշակութային խոշորագույն կենտրոն Փարիզում, հովանավորն է ՀԲԸՄ: Հիմնադրվել է 1929-ին՝ Պողոս Նուբար Փաշայի բարերարությամբ: Մատենադարանում պահվում են հայ, ինչպես նաև այլ ժողովուրդների պատմությանն ու մշակույթին նվիրված մոտ 25 հզ. արժեքավոր հրատարակություններ (հայերեն և օտար լեզուներով), պարբերականների հավաքածուներ, ձեռագիր երկասիրություններ, գրչագրեր (Ավետարան, Սաղմոս, Ճաշոց ևն), քարտեզներ, լուսանկարներ ևն: Մասնավոր ապակեդարանում պահվում են զորավար Անդրանիկի պատվանշանները, արծաթե ծայրով սուրը, Պատվո լեգեոնի սպայի վկայականը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հիտլերականները գրադարանի գրքային ունեցվածքը տեղափոխել են Գերմանիա: 1947-ին հաջողվել է դրա մի մասը վերադարձնել Փարիզ: Մատենադարանը յուրատեսակ գիտական կենտրոն է ինչպես Սորբոնի հայ ուսանողության, այնպես էլ հայագիտությամբ զբաղվող այլազգիների համար: Համագործակցում է Ֆ-ի Ազգային մատենադարանի, Երևանի Մատենադարանի հետ, ֆոնդերը հարստացվում են Հայաստանի Հանրապետությունից և սփյուռքահայ համայնքներից ստացվող գրքերով և այլ հրատարակություններով: Հրատարակում է «Ռևյու դ՚իստուար արմենիեն կոնտամպորեն» տարեգիրքը: Տնօրեններ են եղել Արամ Անտոնյանը, Արմենակ Ասլամասյանը, Արտաշես Գարտաշյանը, Ռայմոնդ-Հարություն Գևորգյանը (1997-ից):
Հայ սփյուռքի հետազոտության կենտրոն, հիմնվել է 1976-ին, Փարիզում: 1983-ին ֆրանսիական կառավարության և հայ բարեգործական կազմակերպությունների (ՀԲԸՄ, Ալեք Մանուկյան հիմնադրամ) նյութական օժանդակությամբ բացել է Հայկական փաստաթղթերի և հետազոտությունների կենտրոնը Փարիզում: Հիմնադիր-նախագահ՝ Ժան Կլոդ Քեպապճյան: Արտաքին հարաբերությունների պատասխանատու՝ Րաֆֆի Հերմոն Արաքս: Կենտրոնն ունի շուրջ 3 հզ. ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն գրքեր, հայոց պատմությանը, ցեղասպանությանը վերաբերող արխիվային նյութեր, հայ եկեղեցական ճարտարապետության վերաբերյալ լուսանկարներ (շուրջ 12 հզ.): Նյութերի մեծ մասը վերածված է վավերագրական ժապավենների [«Հայերի ցեղասպանությունը և առաջին համաշխարհային պատերազմը» (1985), «Հայաստան» (1935), «Արմենական շարժման պատմություն» (1985), «Հայկական հուշագրություն» (1985) ևն] կամ հրատարակված է առանձին հատորներով (ներառյալ Անիի մասին երկու ընդարձակ ոաումնասիրությունները): Կենտրոնը կազմակերպում է հետազոտական ճամփորդություններ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ: Հրատարակում է «Անի» պարբերականը, Ֆ-ում հայկական կյանքին վերաբերող լուսանկարչական ալբոմներ: 1998-ին Փարիզ, Լիոն և Ֆրանկֆուրտ (Գերմանիա) քաղաքներում կազմակերպել է թուրք մտավորականների հետ միջազգային համաժողով:
Ֆրանսահայ միջմասնագիտական խմբավորում (ԺԻԱ), ստեղծվել է 1981-ին, Փարիզում: Նախագահ՝ Մանուել Դեյրմենջյան (1987-ից): Համախմբում է տարբեր բնագավառների մասնագետների: Նպատակն է մասնակցել անկախ Հայաստանի վերակառուցմանը, համագործակցել գիտատեխնիկական, արդյունաբերության, առևտրի և այլ ասպարեզներում: Կատարում է Հայաստանի և Ֆ-ի միջև մասնագետների փոխանակություն: Խմբավորման կառույցներից են ճարտարապետների և նախագծողների հայկական միությունը, Ուսանողների հայկական միությունը, Մենեջմենթի կենտրոնը Հայաստանում (ՍԵՄԱ՝ շուկայական տնտեսության պայմաններում ձեռնարկությունների կառավարման ուսուցանում), գործնական ֆրանսերենի դպրոցը Երևանում: Ծավալում է մարդասիրական օգնություն՝ հատկապես 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո: Հրատարակում է «ԺԻԱ-ի լրատու» ամսաթերթը:
«Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիա, հիմնվել է 1986-ին, Փարիզում: Հիմնադիր-նախագահ՝ բժիշկ-վնասվածքաբան Հակոբ Կրկյաշարյան: Համախմբում է հայ գիտնականների Հայաստա-