Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/725

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓԻԼԻՊՊՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Փիլիպպոսյան հիմնադրամը (Ստեփան Փիլիպպոսյանի անվան հիմնադրամ) բարեգործական հաստատություն է: Հիմնվել է 1969-ին, Ինդիան Վելսում (Կալիֆոռնիա)՝ մեծահարուստ Ստեփան Փիլիպպոսյանի (արևելյան գորգերի կոնցեսիոներ) նախաձեռնությամբ: Հիմնադրամի նպատակն է նպաստել հայ երիտասարդների կրթության զարգացմանը և հայեցի դաստիարակությանը:

Կարևորելով Միջին Արևելքի երիտասարդության կրթության հարցը՝ հիմնադրամն աջակցել է Բեյրութի դպրոցների վերականգնման աշխատանքներին, Հայ ավետարանչական ընկերակցության մանկական կրթական ծրագրերին, դարձել Հայկազյան համալսարանի հիմնադիրներից մեկը: Բարեգործական ծրագրեր իրականացնելու համար Լիբանանի Հանրապետությունը Ս. Փիլիպպոսյանին պարգևատրել է երկրի բարձրագույն՝ «Մայրիի» շքանշանով (Order of the Cedar):

Ներկայումս հիմնադրամը շարունակում է իր բազմակողմանի գործունեությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով հայ երիտասարդության կրթության հարցը: Հայ ավետարանչական ընկերակցությունում ի պահ դրված Փիլիպպոսյան հիմնադրամը զգալի գումարներ է տրամադրում հայ երիտասարդներին կրթաթոշակ հատկացնելու, եկեղեցիների, հովիվների հատուկ ֆոնդերի, ընկերային ծառայությունների, հրատարակությունների, Հյուսիսային Ամերիկայի Հայ ավետարանական միության, Հայ-ամերիկյան միջազգային քոլեջի, Ամերիկայի հայկական համագումարի, հայկական մշակութային ու ընկերային այլ կազմակերպությունների համար:

Փիլիպպոսյան հիմնադրամի ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է՝ բաղկացած 5 անդամից: Նախագահն է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության խորհրդի անդամ Ջոյս Փիլիպպոսյան-Սթայնը (Ս. Փիլիպպոսյանի դուստրը):