Էջ:Հայ ժողովրդական դիւցազնական վէպը.pdf/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



ԶԱՏԻԿ ԽԱՊՈՅԷՆՑ


Խապոյէնց տնից ԶԱՏԻԿԸ մօտ 50 տարեկան, միջակ հասակի տղամարդ է, բոլորովին առոյգ դէմքով, լայն կրծքով եւ կլոր երեսով, ծածկուած սեւ կոշտ մազերով. արծուի քիթը տալիս է նորան վեհանձն եւ համարձակ արտայայտութիւն: Նորա հայրենիքն է՝ Մոկս գաւառի Գինեկանց գիւղը. գլխաւոր պարապմունքն է եղել դաշտային աշխատանք եւ կտաւագործութիւն: Դաւթի եւ ՄՀերի զրոյցն եւ այլ աւանդութիւններ նա լսել է 15 տարեկան հասակում նոյն գիւղի բնակիչ Գրիգորից, որ իբրեւ «ասող» հռչակւած էր ամբողջ գաւառում: Զատիկը քսան տարեկան հասակից կրել է երկարամեայ պանդխտութիւն, երեք անգամ բախտ որոնելով Պոլսում, որտեղ նա անց է կացրել նախ 3, ապա 2 եւ վերջապէս ամբողջ 8 տարի, բանելով ջրաղացում: Վերջին 4 տարին նա անց է կացրել իւր հայրենի գիւղում, որտեղից ապա 1898ին եկաւ Էջմիածին. այստեղ նոյն թուին մենք գրի առանք նորանից մեր «Թըլօր Դաւիթը եւ Մհերը». որ մեր ժողովածուի մէջ ընդարձակագոյնն եւ գեղեցկագոյնն է հանդիսանում. զրոյցս կրկնել տւած ենք երեք անգամ, եւ երեք անգամ էլ Զատիկը պատմել է գրեթէ բառացի, առանց որեւէ փոփոխութիւնների: