Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ականջաբորբ), հաճախ առաջանում են իրար հաջորդող փորկապություն ու լուծ, կրած հիվանդություններից հետո երկար պահպանվում է ջերմաստիճանի նշանակալի բարձրացում, այսպես կոչված, ենթատենդային ջերմություն՝ 37-37,2° C: Նկատվում է օրգանիզմում ջրի կուտակման հակում, երեխաները լինում են «գերփխրուն», հաճախ գերսնուցված, բայց կարող են արագ կորցնել ջուրը, քաշի կտրուկ ավելացումները փոխվում են արագ նվազումներով: Այդպիսի երեխաները վարակիչ հիվանդությունները տանում են բավականին ծանր և երկարատև: Կարող են առաջանալ բարդություններ՝ էկզեմա, նյարդամաշկաբորբ, քորպտիկ: Սուր շնչառ. հիվանդությունների ֆոնի վրա երբեմն առաջանում են կեղծ կրուպ, բրոնխային հեղձուկ, հեղձուկային բրոնխաբորբ: Էկզեման հաճախ նկատվում է կերակրող մոր սննդակարգի խախտումից, երեխայի սննդում կովի կաթի, որոշ հյութերի, ձկան յուղի օգտագործումից: Բ.ն-յան ժամանակ կոպերի մաշկը կարմրում է, գոյանում են մանր բշտիկներ, որոնք ուժեղ քոր են առաջացնում, քորելիս պոկվում են, և մաշկի մակերևույթը թացանում է: Այտերին համաչափորեն առաջացող էկզեման կարող է տարածվել ամբողջ դեմքին, մարմնին, ձեռքերին, ոտքերին և ուղեկցվել քորով: Երեխան դառնում է դյուրագրգիռ, խանգարվում է քունը:

Մանկ. քորպտիկը Բ.ն-յամբ երեխաների մոտ բնորոշվում է ոտքերին և մարմնի ստորին մասերին հանգուցաձև ցաների առաջացմամբ: Հաճախ նկատվում է կյանքի 2-3-րդ տարում՝ սննդում ձվի, մսի, խիտ արգանակի, շոկոլադի, ցիտրուսների օգտագործումից:

Նյարդամաշկաբորբով հիվանդանում են հիմնականում 3 տարեկանից բարձր երեխաները՝ նախատրամադրվածության ֆոնի վրա կամ դրա դրսևորումները մեղմանալուց որոշ ժամանակ անց: Ծնկների, արմունկների ծալքերի, ինչպես նաև այլ խոշոր ծալքերի շրջանում մաշկը չորանում է, թեփոտում և կոպտանում, որն ուղեկցվում է ուժեղ քորով:

Բուժում է բժիշկը: Առանց բժշկի նշանակման տնային բուժիչ միջոցների, առավել ևս դեղանյութերի օգտագործումը, որպես կանոն, միայն վատացնում է երեխայի վիճակը: Նշանակվում է սննդակարգ՝ բացառելով նախատրամադրվածություն առաջացնող սննդանյութերը (մսի խիտ արգանակ, ձվի սպիտակուց, շոկոլադ, խավիար, մեղր, կակաո, ցիտրուսներ):

Շփաբորբերի դեպքում անհրաժեշտ են մանրակրկիտ խնամք, սոդայով և կալիումի գերմանգանատով հաջորդական լոգանքներ, յուղային միջադիրներ, մանկ. մաշկաքսուք: Բորբոքային երևույթների և մաշկը թացանալու դեպքերում բժշկի նշանակմամբ կիրառում են դեղանյութերով լոգանքներ, նյարդամաշկաբորբի դեպքում խորհուրդ է տրվում տարբեր մածուկներ և քսուքներ:

Կանխարգելման նպատակով հղի կանայք և կերակրող մայրերը սննդում չպետք է օգտագործեն Բ.ն. առաջացնող սննդամթերք կամ պետք է կրճատեն դրանց օգտագործումը (տես Սնուցում հղի կնոջ և կերակրող մոր): Անհրաժեշտ է ժամանակին բուժել հղիության տոքսիկոզները և այլ հիվանդություններ: Մինչև 3 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում տալ նախատրամադրվածություն առաջացնող սննդամթերք (տես Կրծքի երեխա, Մսուրային տարիք), իսկ որոշ երեխաների համար կազմում են անհատ. ճաշացուցակ:

ԲՈՐԲՈՔՈՒՄ, օրգանիզմի պաշտպանահարմարվող. տեղային հակազդեցությունը վնասակար տարբեր ազդակների նկատմամբ: Բորբոքային հակազդեցությունն ամբողջ օրգանիզմից սահմանազատում է վնասակար օջախը, դեպի ուր շարժվում են ֆագոցիտոզի երևույթն իրականացնող արյան սպիտակ մարմնիկները՝ լեյկոցիտները, որոնք լափում, կլանում են օրգանիզմ ներթափանցած օտարածին նյութերը, մանրէները ևն: Դրա հետ մեկտեղ հակամարմիններ առաջացնող արյան լեյկոցիտների և հատուկ բջիջների բազմացումը հանգեցնում է տեղային և ընդհանուր իմունիտետի բարձրացման:

Բ. ընթանում է 3 կարևոր փուլերով. ալտերացիա՝ բջիջների և հյուսվածքների վնասում, էքսուդացիա՝ անոթներից արյան հեղուկի և բջիջների արտահոսք, որից հյուսվածքներն այտուցվում են, պրոլիֆերացիա՝ բջիջների բազմացում և հյուսվածքների աճ: Բորբոքային հակազդեցությունների ժամանակ նշված փուլերը պարտադիր ընթանում են, սակայն կարող են տարբեր ձևերով դրսևորվել: Կախված փուլերից որևէ մեկի գերակայումից՝ տարբերում են ալտերատիվ, էքսուդատիվ, պրոլիֆերատիվ Բ.: Ալտերատիվ Բ. առաջանում է ներքին օրգաններում վարակիչ հիվանդությունների, որոշ ալերգ. հակազդեցությունների դեպքերում, ինչպես նաև խիստ թունավոր նյութերի (օրինակ՝ դիֆթերիայի ժամանակ՝ տոքսինի) ազդեցությունից:

Առավել հաճախ հանդիպում է էքսուդատիվ Բ., երբ բորբոքային օջախում արյան անոթները փոփոխվում են, և դրանց պատերի թափանցելիության կտրուկ բարձրացման հետևանքով շրջակա միջավայր են անցնում արյան պլազման, էրիթրոցիտները, լեյկոցիտները, սպիտակուցները ևն, որոնք միասին կազմում են արտաքիրտը (էքսուդատ): Եթե արտաքիրտը համարյա թափանցիկ է և պարունակում է մինչև 8% սպիտակուց, Բ. կոչվում է շճային, իսկ եթե մեծ քանակությամբ հատուկ սպիտակուց՝ ֆիբրինոգեն է պարունակում՝ ֆիբրինոզ Բ.: Թարախային Բ-ման ժամանակ արտաքիրտում առկա են մեծ քանակությամբ մահացած լեյկոցիտներ: Լորձաթաղանթներում, օրինակ՝ շնչուղիներում, բորբոքային գործընթացը կոչվում է լորձենաբորբային (կատառային):

Պրոլիֆերատիվ Բ-մանը բնորոշ է հիմնականում շարակցական հյուսվածքի բջջային տարրերի բազմացումը, որը դրսևորվում է հյուսվածքներում հանգույցների, հաստացումների առաջացմամբ: Լինում է սիֆիլիսի, տուբերկուլոզի, բծավոր տիֆի և այլ դեպքերում:

Արտաքին օրգանների սուր Բ-մանը բնորոշ են այտուցը, կարմրությունը, տենդը, ցավը և ֆունկցիաների խանգարումը: Ներքին օրգանների Բ-ման դեպքում որոշ ախտանշաններ կարող են բացակայել: Սովորոբար Բ-ման ժամանակ նկատվում է նաև օրգանիզմի ընդհանուր հակազդեցություն՝ տենդ, արյան լեյկոցիտների թվի ավելացում (լեյկոցիտոզ), նյութափոխանակության խանգարում, ծանր դեպքերում (դիֆթերիա, թոքաբորբ ևն) առաջանում է ընդհանուր ինքնաթունավորում: Երբեմն Բ. կարող է ավարտվել կենսական կարևոր հյուսվածքների վնասմամբ:

Բ-ման ելքը կարող է տարբեր լինել: Հնարավոր է լրիվ ապաքինում, իսկ եթե հյուսվածքը շատ է վնասվել, հաճախ բորբոքված հատվածում սպի է առաջանում: Ներքին օրգանների (օրինակ՝ որդանման ելունի) Բ-ման ժամանակ կարող են կպումներ առաջանալ: Քրոնիկ. Բ-ման հետևանքով երբեմն առաջանում են կարծրախտային փոփոխություններ և մասնակիորեն սահմանափակվում է տվյալ օրգանի ֆունկցիան:

ԲՋԻՋ, բուս. և կենդ. օրգանիզմների տարրական կառուցվածքային ու ֆունկցիոնալ միավոր, ընդունակ է աճել և բազմանալ սեփական ժառանգ. հնարավորություններին համապատասխան՝ օրգանիզմի այլ բջիջների ֆիզիկաքիմ. խթանիչների ու շրջակա միջավայրի մասնակցությամբ: Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝ բակտերիաները, որոշ ջրիմուռներ ու սնկեր, նախակենդանիները) կազմված են 1 Բ-ից: Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից