Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դժվարացնի շնչառությունը: Ի-ից հետո, 1 ժ ընթացքում, խորհուրդ չի տրվում խոսել, ծխել, երգել, սնունդ ընդունել:

Տնային պայմաններում օգտվում են տարբեր կառուցվածքի գրպանի ինհալատորներից, դրանցից մի քանիսը («Ասթմոպենտ», «Ինգաֆեն», «Ինգակամֆ») լցված են պատրաստի դեղախառնուրդով (քաֆուր, մենթոլ, նվենու յուղ ևն): Դյուրագրգիռ և անքնությամբ տառապող հիվանդներին խորհուրդ չի տրվում օգտվել «Ինգաֆենից»: Մի շարք ինհալատորներ (օրինակ՝ Մահոլդի ինհալատորը) ունեն փոշեցրիչ, որն Ի-ից առաջ լցվում է դեղորայքային անհրաժեշտ խառնուրդով:

Ի-ի տևողությունն այդպիսի ինհալատորներով 1-3 ր է, կատարման հաճախությունը՝ օրը 3-5 անգամ: Վերին շնչուղիների առանձին հիվանդությունների ժամանակ տնային պայմաններում, բժշկի խորհրդով, կարելի է կատարել գոլորշային Ի.: Հակացուցված է թոքաբորբերի, զարկերակային բարձր ճնշման, սրտի հիվանդության ժամանակ: Գոլորշային Ի. կատարվում է բժշկի նշանակմամբ, 4-5 բաժակ եռացրած ջրով և բժշկի նշանակած դեղորայքով լցված կաթսայից գոլորշիների շնչմամբ: Հաստ թղթից պատրաստված ձագարի լայն ծայրով ծածկում են կաթսան, իսկ նեղով շնչում գոլորշին: Եթե ջուրն անընդհատ տաքացնելու հնարավորություն չկա, ապա կաթսայի մեջ ջուրը սառելիս հարկավոր է եռջուր և համապատասխան քանակությամբ դեղանյութ ավելացնել: Կաթսայից գոլորշին կարելի է շնչել նաև առանց ձագարի՝ գլուխը և կաթսան ծածկելով սրբիչով կամ գլխաշորով: Նման Ի. կատարում են օրը 1-2 անգամ՝ 1-3 ր տևողությամբ:

Այրվածքներից խուսափելու համար գոլորշային Ի. երեխաները պետք է կատարեն խիստ հսկողությամբ:

ԻՆՍՈՒԼՏ, տես Կաթված:

ԻՆՏԵՐՖԵՐՈՆ, պաշտպան. սպիտակուց, որն արտադրվում է կաթնասունների և թռչունների բջիջների կողմից՝ ի պատասխան օրգանիզմ թափանցած տարբեր միկրոօրգանիզմների, հիմնականում վիրուսների, ինչպես նաև բջիջների վրա որոշ բնական (օրինակ՝ ներթույներ) և սինթետիկ (նուկլեինաթթուևերի ածանցյալներ) նյութերի՝ Ի-ի մակածիչների (խթանիչների) ազդեցության: Ի. հակավիրուսային իմունիտետի ոչ առանձնահատուկ գործոն է:

Գիտնականները վաղուց նկատել էին, որ եթե բջիջ է թափանցում որևէ տեսակի վիրուս, ապա այլ տեսակի («օտար») վիրուսն արդեն չի կարողանում այդտեղ բազմանալ: Նշված երևույթի մեխանիզմը երկար ժամանակ չէր հաջողվում բացահայտել, և միայն 1957-ին է պարզվել, որ բջջի մեջ «օտար» վիրուսի բազմացմանը խոչընդոտում է Ի. սպիտակուցային նյութը, որն արտադրում է նախկին վիրուսով ախտահարված բջիջը: Միաժամանակ պարզվել է, որ Ի-ի արտադրման ընթացքը ծրագրավորված է բնության կողմից և հսկվում է քրոմոսոմների միջոցով:

Ի տարբերություն հակամարմինների՝ Ի. օրգանիզմի հիմն. պաշտպան. գործոնն է: Ի-ի հանդեպ զգայուն են գրեթե բոլոր հայտնի վիրուսները: Արագորեն ճնշելով վիրուսների բազմացումը՝ Ի. նպաստում է մարդու և կենդանիների բնական առողջացմանը: Բայց երբ հիվանդության հարուցիչները բուռն հարձակում են գործում օրգանիզմի վրա, ապա եղած պաշտպան. նյութը չի բավականացնում պայքարի համար: Վիրուսաբանները կարողացել են Ի. ստանալ լաբորատոր պայմաններում՝ դոնորային արյան լեյկոցիտներից: Այդ եղանակով ստացված Ի-ի պատրաստուկների կանոնավոր ներարկումն օրգանիզմ արդյունավետ է շատ վիրուսային հիվանդությունների դեպքերում: Մասնագետները փորձում են ավելի «էժան» Ի. ստանալ գենետիկական ինժեներիայի մեթոդներով և հայտնաբերել Ի-ի արտադրությունը խթանող նոր, բարձրակտիվ մակածիչներ: Գործն. բժշկության մեջ Ի-ի պատրաստուկներն օգտագործվում են վիրուսային հիվանդությունների կանխման և բուժման համար: Հուսադրող արդյունքներ են ստացվել Ի-ով որոշ չարորակ նորագոյացությունների բուժման բնագավառում: ՀՀ-ում Ի. ստացվել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստ-ում (1965, Մ. Բոստանջանյանի ղեկավարությամբ):

ԻՆՔՆԱԲԵՐ ՎԻԺՈՒՄ, տես Վիժում հոդվածում:

ԻՆՔՆԱԲՈՒԺՈՒՄ, բուժմիջոցների և մեթոդների ինքնուրույն (առանց բժշկի խորհրդի և հսկողության) օգտագործումը, կարող է հանգեցնել հիվանդության բարդացման, իսկ երբեմն՝ հաշմանդամության և մահվան:

Ի. պետք է տարբերել հանկարծակի առաջացած հիվանդագին կամ կյանքի համար վտանգավոր վիճակների (օրինակ՝ սրտի շրջանում ցավերի, վնասվածքների, արյունահոսության, այրվածքների ևն) դեպքերում ցույց տրվող ինքնօգնությունից և փոխօգնությունից (տես Առաջին օգնություն):

Ի-ման ժամանակ սովորաբար ներգործում են ոչ թե հիվանդության պատճառի, այլ դրա առանձին դրսևորումների վրա, որոնք տարբեր ախտաբան. վիճակների դեպքերում կարող են իրար նման լինել: Դա աղավաղում է հիվանդության իսկական պատկերը, դժվարացնում ախտորոշումը: Բացի այդ, Ի-ման ժամանակ դեղը գործածվում է՝ հաշվի չառնելով հիվանդի տարիքը, օրգանիզմի ժառանգ. և ձեռքբերովի առանձնահատկությունները, երիկամների, լյարդի, ներզատիչ գեղձերի, ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիոնալ վիճակը, նախկինում կրած հիվանդությունները և այլ գործոններ: Միևնույն պատրաստուկը որոշակի դեղաչափով մի դեպքում կարող է լավ արդյունք տալ, մյուս դեպքում՝ քիչ արդյունավետ լինել կամ նույնիսկ վտանգավոր ազդեցություն ունենալ: Օրինակ՝ Ի-ման ժամանակ հաճախ ծանր ալերգ. հակազդեցություններ (տես Ալերգիա) են առաջացնում հակաբիոտիկները, սուլֆանիլամիդային պատրաստուկները, մեղվի և օձի թույները, որոշ քսուքներ ևն: Ինքնուրույն օգտագործվող դեղանյութերը ծանր հետևանքներ կարող են ունենալ հատկապես նախկինում ալերգ. հիվանդություն կրած կամ ալերգ. հիվանդություններով (ալերգ. հարբուխ, բրոնխային հեղձուկ, եղնջացան) տառապող մարդկանց վրա: Որոշ դեղանյութերի նկատմամբ անհանդուրժողականությունը դրսևորվում է մաշկի քորով, մաշկի կարմրությամբ կամ այտուցով, դողով, տենդով, հանկարծակի հարբուխով, մարմնով «մրջյունների սորալու» զգացողությամբ: Նման դեպքերում պետք է խուսափել տվյալ դեղանյութն ընդունելուց: Հաստատվել է, որ ալերգիա կարող են առաջացնել մոտ 500 դեղանյութ՝ չնայած հակազդեցության աղավաղում և գերզգայնություն հնարավոր են գործնականորեն բոլոր դեղանյութերի նկատմամբ:

Օրգանիզմի վրա պատրաստուկների ազդեցությունը բարդ է և բազմաբնույթ, ուստի դրանց ոչ ճիշտ օգտագործումը կարող է բացասաբար ազդել առողջության վրա: Ընդ որում, հաճախ Ի-ման վնասակար հետևանքները և հնարավոր ծանր բարդությունները պայմանավորված չեն օգտագործած դեղանյութի քանակով: Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ մահը վրա է հասել ընդամենը 1 հաբից: Երբեմն բարդություններ են առաջանում դեղի ոչ ճիշտ օգտագործումից (ուտելուց առաջ կամ հետո ևն):

Դեղանյութերի նկատմամբ օրգանիզմի գերզգայնությունը բավականաչափ պայմանավորված է նաև տարիքային առանձնահատկություններով: Օրինակ՝ ծերացող օրգանիզմում նվազում է շատ ներզատիչ