Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է մրգահյութի մգացմամբ, գազերի կուտակումով (կափարիչները փքվում են):

Պտուղների, բանջարեղենի պահածոներ պատրաստելուց 10-15 օր հետո արտաքին տեսքով կարելի է որոշել նրանց որակը, փչանալու նշանների դեպքում պահածոները պետք է անմիջապես բացել: Գինեհոտ ու բորբոսով հատապտղային կոմպոտների, պատրաստուկների բորբոսը հեռացնելուց հետո կարելի է եռացնել և մուրաբա, ջեմ պատրաստել: Տհաճ, նեխած հոտով պահածոներն օգտագործման պիտանի չեն:

Թթու մարինադների և կոմպոտների բանկաների չլաքապատված մետաղե կափարիչները կարող են փքվել մթերքի թթվի և կափարիչի մետաղի քիմ. փոխազդեցությունից առաջացած գազերից՝ չփոխելով պահածոների հեղուկ մասի գույնը: Նույն երևույթներն առաջանում են նաև միկրոօրգանիզմների կենսագործունեության հետևանքով: Բոլոր դեպքերում փքված կափարիչներով պահածոները սննդում չի կարելի օգտագործել:

Բանջարեղենի, մրգերի, հատապտուղների պահածոները կարելի է պահել 0... +20°C ջերմաստիճանի պայմաններում, ցանկալի է՝ սառնարանում: Շաքարակալումից խուսափելու համար շաքարային պահածոները (մուրաբա, ջեմ) չի կարելի պահել +10°C-ից ցածր ջերմաստիճանում: Սառչելուց վատանում է պահածոյած մթերքի համը, փոխվում է թանձրությունը: Խորհուրդ չի տրվում պահածոները, հատկապես հյութերն ու մզվածքները, պահել բնական լույսի տակ (փոխվում է գույնը), տաքացնող սարքերի մոտ և խոնավ շինություններում:

ՊԱՀԱԾՈՆԵՐ, մանրէազերծած, հերմետիկ փաթեթներով սննդամթերք: Մթերքի տեսակից կախված՝ լինում են մսի, ձկան, կաթի, մրգի, բանջարեղենի, ինչպես նաև տարբեր մթերքների խառնուրդներից պատրաստված Պ.: Պ. բազմազան են դարձնում օրաբաժինը, սնունդը հարստացնում տվյալ վայրում չարտադրվող մթերքով, շուրջ տարի ապահովում են մրգով ու բանջարեղենով: Պ. հատուկ նշանակություն ունեն հս. շրջանների բնակիչների սնուցման համար, արշավների ժամանակ ևն: Պատրաստման ժամանակակից եղանակներով մթերքի սննդային և վիտամինային արժեքներն առավելագույն չափով են պահպանվում:

Մետաղե և ապակե տարաներով որոշ Պ. մինչև 5 տարի կարող են պահպանվել չոր շինությունում՝ սենյակային ջերմաստիճանում: Խորհուրդ չի տրվում Պ. պահել 20°C-ից բարձր, 0°C-ից ցածր ջերմաստիճանների պայմաններում, որովհետև տաքացման կամ սառեցման դեպքում բանկաների պարունակության ծավալը մեծանում է, կափարիչները փքվում են: Պ. բաց մետաղե տարաներով պահել չի թույլատրվում, քանի որ թթվածին թափանցելիս տեղի է ունենում օքսիդացում և տարբեր մետաղների աղերի անցումը տարայից մթերք: Մետաղե տարաները բացելուց հետո Պ. պետք է տեղափոխել ապակե կամ արծնապատ կափարիչով ամանների մեջ: Այդպիսի Պ. սենյակային պայմաններում կարելի է պահել 1, սառնարանում` 2-3 օր: Թողարկվում են նաև չմանրէազերծած Պ. (թթու դրած կիլկի, հարինգ ևն), որոնք պետք է պահել միայն սառնարանում՝ փակ բանկաներով: Պ. փչանալիս բանկաների կափարիչները փքվում են: Նման Պ. չի կարելի ուտել, կարող են առաջացնել սննդային թունավորումներ (տես Բոտոզիզմ, Սննդային թունավարակում): Օգտագործման պիտանի չեն ժանգոտված, ինչպես նաև հերմետիկությունը խախտված տարաներով Պ.:

ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՌԵՖԼԵՔՍՆԵՐ, տես Ռեֆլեքսներ հոդվածում:

ՊԱՆԴԵՄԻԱ, տես Համայնաճարակ:

ՊԱՆԻՐ, կաթի վերամշակումից ստացվող սննդամթերք: Հայտնի է մոտ 700 տեսակ Պ. (100 գ-ի կալորիականությունը՝ 200-400 կկալ): Պ. պարունակում է հեշտ յուրացվող սպիտակուցներ (15-30%), ճարպեր (9-30%), հանքային նյութեր (կալցիում, ֆոսֆոր ևն), վիտամիններ (A, D):

Ըստ պատրաստման եղանակի՝ տարբերում են պինդ (շվեյցար., հոլանդ, ևն), փափուկ (ռոկֆոր, հայկ., երևանյան), աղաջրային (չանախ, բրինզա, սուլուգունի) և հալած Պ-ներ:

Պինդ Պ-ների պատրաստման համար թանձրուկը կտրում են և ենթարկում 2-րդային տաքացման, ապա՝ կաղապարում և մամլում: Փափուկ Պ-ների թանձրուկը չեն կտրում և կաղապարելուց հետո չեն մամլում: Աղաջրային Պ-ները պատրաստելուց հետո պահվում են 14-18%-անոց աղաջրի մեջ: «Երևանյան», «Լոռի», «Հայկական», «Եղեգնաձոր» Պ-ները թողարկվում են պոլիէթիլենային թաղանթով: Հալած տեսակները ստանում են Պ. աղալու և 70-75°C ջերմաստիճանում հալելու միջոցով: Կան նաև սերուցքային, հորած և մոթալ Պ-ներ:

Չորացումը նվազեցնելու և աղտոտումից պահպանելու համար Պ-ների մակերևույթը պարաֆինապատում են (պատրաստի Պ. ընկղմում են հալած պարաֆինի մեջ): Արտադրվում են նաև առանց կեղևի Պ-ներ, որոնք պատրաստելուց հետո հերմետիկորեն փաթեթավորում են (վակուումի պայմաններում) պոլիէթիլենային կամ այլ թաղանթներով: Այդ դեպքում Պ-ի վրա լորձ կամ բորբոս, ինչպես նաև ոչ ուտելի կեղև չի գոյանում, զգալիորեն պակասում է մթերքի չորացումը:

Որակյալ Պ-ի կեղևը պետք է լինի առանց ճաքերի, փոսերի, բորբոսի, առանց կողմնակի համի ու դառնության, ունենա համասեռ թանձրություն:

Պ., որպես բարձր սննդարար մթերք, լայնորեն կիրառվում է բոլոր տարիքի առողջ մարդկանց սննդի մեջ: Այն գրեթե լրիվ (95-97%) յուրացվում է օրգանիզմի կողմից:

Պ. օգտագործվում է նաև վարակիչ հիվանդություններից և վիրահատությունից հետո ապաքինվող հիվանդների սննդի և բուժական սննդի համար:

Պ. պահում են չոր, լավ օդափոխվող շինությունում, որտեղ օդի ջերմաստիճանը 8-10°C է, խոնավությունը՝ 85-87%:

Տնային պայմաններում Պ. կարելի է պահել սառնարանում (երկար պահելիս արտաքին տեսքը և համային հատկանիշները վատանում են): Հալած Պ-ները արագ են փչանում, պետք է պահել -2-ից +5°C ջերմաստիճանում:

ՊԱՆԿՐԵԱՏԻՏ, տես Ենթաստամոքսային գեղձի բորբոքում:

ՊԱՌԿԵԼԱԽՈՑ, պառկելահարուկ, մաշկի, ենթամաշկային բջջանքի և այլ հյուսվածքների մեռուկացումը տևական ճնշման հետևանքով, ուղեկցվում է արյան շրջանառության և նյարդային սնուցման տեղային խանգարումներով: Պ. առաջանում է թուլացած, երկարատև անկողնային հիվանդների մարմնի այն հատվածներում, որտեղ մաշկն անմիջապես հպվում է ոսկրային արտացցվածքներին: Պ. առավելապես լինում է պոչուկի, թիակների, կրունկների և արմնկային հոդերի շրջանում: Ախտահարվում են մաշկը (մակերեսային Պ.), ենթամաշկային բջջանքն ու մկանները (խորը Պ.): Մաշկի վրա Պ. կարող է առաջանալ նաև գիպսակապերի, օրթոպեդ. պրոթեզների և սարքերի, բերանի լորձաթաղանթի վրա՝ պրոթեզների ճնշումից:

Հատկապես խորը, երկարատև չապաքինվող Պ-եր են գոյանում ողնուղեղի վնասվածքների, ողնուղեղի ճնշումով ուղեկցվող հիվանդությունների կամ խոշոր նյարդերի (օրինակ՝ նստանյարդի) վնասման հետևանքով: Պ-ի առաջացման հնարավորությունները մեծանում են սակավարյունության, վիտամինային անբավարարության, նյութափոխանակության խանգարումների ժամանակ: Թուլացած,