հանգեցրել են տիեզեր. Բ-յան զարգացմանը:
Բ-յան արագ առաջընթացը պայմանավորված է եղել ոչ միայն ֆիզիկայի և տեխնիկայի հայտնագործություններով, այլև քիմիայի և կենսաբանության նվաճումներով: Գործն. կլինիկայում ներդրվել են հետազոտման քիմ. և ֆիզ. մեթոդներ, խորացել են կենսբ., այդ թվում նաև հիվանդագին գործընթացների քիմ. հիմքերը:
Գենետիկան, որի հիմքերը դրել է Գ. Մենդելը, հաստատել է օրգանիզմի ժառանգականության և փոփոխականության սկզբունքներն ու մեխանիզմները: Գենետիկ. կոդի հայտնագործումը նպաստել է ժառանգ. հիվանդությունների վերծանմանը և բժշկ. գենետիկայի արագ զարգացմանը: Այդ գիտ. բնագավառի հաջողությունները հնարավորություն տվեցին հաստատել, որ միջավայրի պայմանները կարող են նպաստել հիվանդությունների հանդեպ ժառանգ. նախատրամադրվածության առաջացմանը կամ ընկճմանը: Մշակվել են ժառանգ. հիվանդությունների արագ ախտորոշման, կանխարգելման և բուժման մեթոդներ, կազմակերպվել բնակչության բժշկագենետիկ. խորհրդատվական օգնություն:
20-րդ դ. իմունաբանությունը վարակիչ հիվանդությունների հանդեպ անընկալության մասին դասական ուսմունքից վերաճել և աստիճանաբար ընդգրկել է ախտաբանության, գենետիկայի, սաղմնաբանության, փոխպատվաստման խնդիրները: Կ. Լանդշտայների և Յա. Յանսկու կողմից մարդու արյան խմբերի հայտնագործումը (1900-07) հանգեցրել է գործն. Բ-յան մեջ արյան փոխներարկման կիրառմանը: Իմունաբան. գործընթացի ուսումնասիրման հետ մեկտեղ հետազոտվել են օտարածին նյութերի հանդեպ օրգանիզմի աղավաղված հակազդեցությունների տարբեր ձևերը, ֆրանս. գիտնական Շ. Ռիշեն 1902-ին հայտնաբերել է անաֆիլաքսիայի երևույթները: Ավստր. մանկաբույժ Կ. Պիրկեն ներմուծել է ալերգիայի հասկացությունը և առաջարկել (1907) մաշկային ալերգ. հակազդեցությունը՝ տուբերկուլինի հանդեպ (որպես տուբերկուլոզի ախտորոշիչ փորձ): 20-րդ դ. 2-րդ կեսին ալերգիայի մասին ուսմունքը վերաճել է տես. և կլինիկ. Բ-յան ինքնուրույն ճյուղի:
20-րդ դ. սկզբին գերմ. բժիշկ Պ. Էռլիխն ապացուցել է հիվանդությունների հարուցիչների վրա ազդող պատրաստուկների սինթեզման հնարավորությունը, որով դրվել է քիմիաբուժության հիմքը: Հակամանրէային քիմիաբուժության դարաշրջանը գործնականորեն սկսվել է բժշկության մեջ ստրեպտոցիդի ներդրմամբ: 1938-ից սկսած՝ ստեղծվել են տասնյակ սուլֆանիլամիդային պատրաստուկներ, որոնցով պահպանվում է միլիոնավոր հիվանդների կյանքը: Դրանից վաղ՝ 1929-ին, Անգլիայում Ա. Ֆլեմինգն ապացուցել էր, որ բորբոսասնկերի տեսակներից մեկն արտադրում է պենիցիլին հակամանրէային նյութը: 1939-41-ին Խ. Ֆլորին և Է. Չեյնը մշակել են կայուն պենիցիլինի ստացման մեթոդ և կազմակերպել պատրաստուկի արտադրությունն արդ. մակարդակով՝ սկիզբ դնելով միկրոօրգանիզմների դեմ պայքարի՝ հակաբիոտիկների դարաշրջանին: 1942-ին Ջ. Երմոլևայի լաբորատորիայում ստացել են պենիցիլին, իսկ 1943-ին ԱՄՆ-ում Ս. Վաքսմանն անջատել է ստրեպտոմիցինը: Հետագայում արտադրվել են տարբեր նշանակության բազմաթիվ հակաբիոտիկներ:
Հաջողությամբ զարգացել է 20-րդ դ. ռուս գիտնական Ն. Լունինի առաջարկած ուսմունքը վիտամինների մասին, բացահայտվել են շատ ավիտամինոզների առաջացման մեխանիզմները և մշակվել դրանց կանխարգելման մեթոդներ: 19-րդ դ. վերջին ֆրանս. գիտնական Շ. Բրոուն Սեկարի և այլ գիտնականների առաջարկած ներզատիչ գեղձերի մասին ուսմունքը վերաճել է ինքնուրույն կլինիկ. առարկայի՝ ներզատաբանության, որի խնդիրների շրջանակներում, ներզատիչ հիվանդությունների հետ մեկտեղ, ընդգրկվել են առողջ և հիվանդ օրգանիզմում ֆունկցիաների հորմոնային կարգավորումը, հորմոնների քիմ. սինթեզը: 1921-ին կանադացի ֆիզիոլոգներ Բանտինգի և ԲԵստի կողմից ինսուլինի հայտնագործումը հեղաշրջում է առաջացրել շաքարախտի բուժման բնագավառում: 1936-ին մակերիկամից հորմոնային բնույթի նյութի (հետագայում անվանվեց կորտիզոն) արտադրության բացահայտումը, ինչպես նաև ավելի արդյունավետ պրեդնիզոլոնի և կորտիկոստերոիդների սինթետիկ մյուս նմանակների սինթեզը (1954) հանգեցրին շարակցական հյուսվածքի, արյան, թոքերի, մաշկի և այլ հիվանդությունների ժամանակ այդ պատրաստուկների կիրառմանը, այսինքն՝ ոչ ներզատ. հիվանդությունների հորմոնաբուժությանը: Ներզատաբանության և հորմոնաբուժության զարգացմանը նպաստել են կանադացի գիտնական Գ. Սելյեի աշխատանքները, որն առաջարկել է գերհույզի և ընդհանուր հարմարվող. համախտանիշի տեսությունը:
Քիմիաբուժությունը, հորմոնաբուժությունը, ճառագայթաբուժությունը, կենտր. նյարդային համակարգի վրա ընտրողաբար ազդող հոգեհակ (պսիխոտրոպ) դեղանյութերի մշակումը և կիրառումը, բաց սրտի վրա, գլխուղեղի խորքում և նախկինում վիրաբույժի համար անմատչելի օրգանների վիրահատ. միջամտության հնարավորությունը բժշկին թույլ տվեցին ակտիվորեն միջամտել հիվանդության ընթացքին:
Բժշկագիտությունը ԽՍՀՄ ժամանակաշրջանում: ԽՍՀՄ Բ-յան բնորոշ առանձնահատկությունը նրա կանխարգելիչ ուղղությունն էր (տես Կանխարգելում): Ձրի, հանրամատչելի և բարձրորակ բուժօգնության պայմաններում կանխարգելումը ձեռք էր բերել համապետ. նշանակություն և դարձել ժողովրդի առողջության պահպանման համապետ. և հաս. միջոցառումների հիմքը: Կանխարգելման ձևերը տարբեր են. բնության պահպանության ընդհանուր սան. միջոցառումները և շրջակա միջավայրի, աշխատանքի և կենցաղի պայմանների առողջացումը, սան. օրենսդրությունների, հիգիենային նորմերի, հակահամաճարակային միջոցառումների կատարման հսկողությունը, բուժկանխարգելիչ հիմնարկների ցանցի, հանգստյան տների, գիշերօթիկների, մանկամսուրների ցանցի կազմակերպումը, բնակչության զանգվածային կանխարգելիչ զննումները (տես Բժշկական զննումներ) ևն: Կանխարգելման և բուժման կարևոր համադրում է դիսպանսերացումը: Բ-յան սոցիալ-կանխարգելիչ ուղղության հաջորդական իրականացման շնորհիվ ԽՍՀՄ-ում դեռևս նախապատերազմ. շրջանում վերացել էին շատ համաճարակային հիվանդություններ, էապես բարելավվել էր բնակչության առողջ. վիճակը: ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ ստեղծվել էր վիրավորների և հիվանդների գիտականորեն հիմնավորված բուժօգնության կազմակերպություն: Բանակի բժշկ. ծառայության հստակ աշխատանքի շնորհիվ շարք են վերադարձել վիրավորների 72,3 %-ը և հիվանդների ավելի քան 90 %-ը: Զանգվածային պատերազմների պատմության մեջ 1-ին անգամ հաջողվել է կանխել համաճարակները և համեմատաբար արագ վերացվել են պատերազմի սան. հետևանքները: Մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառներում կանխարգելման ուղղությունը դարձել է առաջատար, որն արտացոլվել է մայրության և մանկության պահպանության պետ. համակարգի կազմակերպմամբ: ԽՍՀՄ Բ-յան կանխարգելիք ուղղության նվաճումներից էր առողջավայրերի ցանցի զարգացումը և կուրորտաբանության հիմունքների մշակումը: