1 | 2 | 3 | 4 |
---|---|---|---|
Հոգեքիմ. ազդեցության ԹՆ (Բի-Զետ) | Շնչառ. ուղիներով, իսկ որոշ դեպքերում՝ ստամոքսաղիքային համակարգով (ջրի և սննդի հետ) ընկնելով օրգանիզմ՝ կարող են առաջացնել հոգեկան խանգարում, շրջապատող իրականության ընկալման խախտումներ, անհամարժեք վարքագիծ, ծան դեպքերում՝ պսիխոզ: Ախտահարումը դրսևորվում է օրգանիզմ ընկնելուց 15-30 ր անց: Ախտահարվածն ապրում է լավատեսության զգացում, այնուհետև խախտվում է շարժումների համակարգումը, առաջանում են զգայախաբություն, սարսափի, տագնապի զգացողություն, հնարավոր են կտրուկ շարժող. գրգռման նոպաներ: Մի մասի մոտ թունավորումը դրսևորվում է չպատճառաբանված տխմարավուն, ծիծաղահարույց վիճակով: 2-4 օր անց թունավորման երևույթներն աստիճանաբար վերանում են: | Հուսալիորեն պաշտպանում է հակագազը, բայց պաշտպան. միջոցների գործածումը դժվարանում է՝ ԹՆ-ի գործածությունը ժամանակին հայտնաբերելու բարդության պատճառով: | Ախտահարվածին հագցնել հակագազ, հնարավորության դեպքում տեղափոխել ԱԲՕՋ կամ այլ բուժհիմնարկ: |
Բակտերիային վարակման օջախում (կենսբ. զենքի ազդեցության տարածք) բակտերիաբան. զենքի օգտագործման փաստը հաստատելուց հետո անմիջապես սահմանվում է կարանտին: Դա համաճարակային և ռեժիմային միջոցառումների համակարգ է, որի նպատակն է վարակված տարածքը (այնտեղ գտնվող մարդկանցով և կենդանիներով հանդերձ) շրջապատող միջավայրից մեկուսացնելը և հիվանդությունն օջախում վերացնելը: Մուտքը բակտերիաբան. վարակված օջախ և այնտեղից ելքը խիստ վերահսկվում են: Օջախից ելքի (մուտքի) անհրաժեշտության դեպքում բնակչությունը ենթարկվում է լրիվ սան. մշակման: Օջախում կարանտին սահմանելու պահից անցկացվում է անհետաձգելի կանխարգելում. բնակչությունն ստանում է հակաբիոտիկներ և այլ դեղանյութեր, որոնք նպաստում են օրգանիզմ ներթափանցող վարակների հարուցիչների կանխարգելմանը, կատարվում են նաև կանխարգելիչ պատվաստումներ: Բակտերիաբան. վարակված օջախում բնակչությունը պետք է խուսափի ավելորդ շփումներից, խստորեն պահպանի անձնական հիգիենայի և հաս. հիգիենայի կանոնները, չօգտագործի կասկածելի որակի ջուր և սննդամթերք:
Օջախում զանգվածային հիվանդությունների առաջացման դեպքում բնակչությունը բաժանվում է առանձին խմբերի՝ տներում և բնակարաններում, օջախում հաստատվում է հակահամաճարակային խիստ ռեժիմ, կատարվում է ուժեղացված բժշկ. հետազոտություն՝ համայց տներում, հիվանդների հայտնաբերում, ջերմաչափում: Բնակչությունը պետք է ըստ ամենայնի օժանդակի բուժաշխատողներին: Տկարություն զգալիս և ջերմաստիճանը բարձրանալիս անմիջապես դիմել բուժօգնության:
Կիրառված բակտերիային միջոցի տեսակը հաստատելուց հետո բակտերիաբան. որոշ զենքերի դեպքում կարանտինը փոխարինվում է դիտազննումով (օբսերվացիա), շարունակվում է օջախի բժշկ. հսկողությունը, ինչպես նաև կիրառվում են բուժկանխարգելիչ ու մեկուսացնող-սահմանափակող միջոցառումներ, որոնք խոչընդոտում են վարակի տարածումը և ուղղված են դրա արագ վերացմանը: Կարևոր նշանակություն ունեն վարակիչ հիվանդների վաղ հայտնաբերումը, մեկուսացումը, հոսպիտալացումն ու բուժումը, տարածքի, շենքերի ու շինությունների վարակազերծումը, բնակչության սան. մշակումը, կանխարգելիչ պատվաստումների կատարումը:
Բակտերիաբան. վարակման օջախում գտնվելիս բնակչությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի սննդամթերքի պահպանությանը: Ջուրը կարելի է խմել միայն վարակազերծելուց (30 ր եռացնելուց) հետո: Սննդամթերքը պետք է պահել կիպ փակվող ամաններում կամ պոլիէթիլենե փաթեթներում, օգտագործելուց առաջ ենթարկել մանրազնին ջերմային մշակման: Բնակելի շենքերում անհրաժեշտ է ախտահանիչ միջոցներով խոնավ մաքրում, հագուստի, սպիտակեղենի (լվանալ սինթետիկ լվացամիջոցների եռացող լուծույթներով), կենցաղային իրերի ախտահանում: Հատուկ նշանակություն է ձեռք բերում անհատ. և հաս. հիգիենայի կանոնների պահպանումը՝ մաշկի ուշադիր խնամք, բերանի խոռոչի մաքրում (տես Բերանի խոռոչ, առողջացում), թափոնների ժամանակին հավաքում և հեռացում (տես Բնակավայրերի մաքրում) ևն: Այդ ամենն իջեցնում են վարակիչ հիվանդությունների տարածման հնարավորությունը:
Բակտերիաբան. վարակման օջախի վերացումից հետո անցկացվում է օջախի տարածքի, շենքերի, տրանսպորտային միջոցների ախտահանում և բնակչության լիակատար սան. մշակում՝ հագուստի և կոշիկների ախտահանումով:
ԶՈԶ-ից բնակչության պաշտպանության միջոցառումների ժամանակին և լիակատար իրականացումը թույլ է տալիս էապես նվազեցնել կորուստներն ու իջեցնել զենքի ազդեցության աղետալի հետևանքները:
ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, մարդու անհատ. հոգեկան հատկանիշների ամբողջություն, որն իր կնիքն է դնում նրա վարքի ու գործունեության վրա: Բ. մարդու անկրկնելի յուրահատկությունն ու անհատականության կարևորագույն գծերից է: Դրանում դրսևորվում են կամքի, հուզ. ոլորտի, խառնվածքի և բանականության առանձնահատկությունները:
Բ. ընդգրկում է անձի առավել կայուն և արտահայտիչ գծերը, որոնք դրսևորվում են վարքում, արարքներում, բնության և հասարակության, սեփական անձի նկատմամբ հարաբերություններում: Բ-յան գծերն անփոփոխ չեն, դրանք ձևավորվում են սոցիալ. պայմանների, ընտանիքում և դպրոցում ստացած կրթության և դաստիարակության, շրջապատողների վարվելակերպի ազդեցության տակ: Երեխաների և դեռահասների Բ-յան ձևավորման և զարգացման վրա ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է ներգործել (տես Երեխայի հոգեկան զարգացումը):
ԲՈՏԿԻՆԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, տես Լյարդաբորբ վիրուսային:
ԲՈՏՈՒԼԻԶՄ, սննդային թունավորում, առաջանում է բոտուլինային մանրէների թույն պարունակող սննդամթերք օգտագործելուց:
Բ-ի մանրէները շատ տարածված են բնության մեջ և շրջակա միջավայրում գոյություն ունեն դիմացկուն սպորների ձևով: Ընկնելով մրգերի, բանջարեղենի, սննդամթերքի, անասնակերի վրա, որոշ օրգանիզմների (օրինակ՝ ձկների) աղիքներ՝ սպորներից վերածվում են (անօդ պայմաններում) վեգետատիվ ձևի և թույն են արտադրում: Հատկապես վտանգավոր են տնային պայմաններում (ոչ ճիշտ ջերմամշակված) պահածոյած սունկը, բանջարեղենը, միրգը, ինչպես նաև ապխտած