Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օգտագործում են սիրտանոթային համակարգի հիվանդությունների (հատկապես՝ սրտի իշեմիկ հիվանդության) ժամանակ:

Բ.ֆ. սրտամկանի ինֆարկտի հիվանդանոցային, առողջարանային, ամբուլատոր բուժման բոլոր փուլերում հիվանդի առողջության համալիր վերականգնման համակարգի պարտադիր տարրերից է: Մշակվել են Բ.ֆ-ի մեթոդներ արյան ցածր (հիպոտենզիա) և բարձր (հիպերտենզիա) ճնշումների, պսակային քրոնիկ. անբավարարության, սրտի արատների և սիրտանոթային համակարգի այլ հիվանդությունների ժամանակ: Ֆիզ. վարժությունների օգնությամբ կարելի է նպատակասլաց ձևով ազդել շնչառ. համակարգի հիվանդություններից տուժած ֆունկցիայի վրա, ամրապնդել շնչառ. մկանունքը: Դրա հետ կապված՝ Բ.ֆ. կիրառում են սուր և քրոնիկ. թոքաբորբերի (տես Թոքաբորբ), թոքափքանքի, բրոնխային հեղձուկի և շնչառական համակարգի օրգանների այլ հիվանդությունների ժամանակ: Այն կարևոր նշանակություն ունի նաև նյութափոխանակության խանգարումների (ճարպակալում, պոդագրա, շաքարախտ) ժամանակ: Բ.ֆ., որպես վերականգնողական բուժման մեթոդ, կիրառում են լուծանքների, կիսալուծանքների, նևրոզների, կենտր. ու ծայրամասային նյարդային համակարգի ախտահարմամբ ընթացող վարակիչ հիվանդությունների հետևանքները բուժելիս:

Մանկաբարձությունում ֆիզ. վարժությունները նշանակում են հղիության և հետծննդյան շրջաններում, դրանք գինեկոլոգ. քրոնիկ. գրեթե բոլոր հիվանդությունների բուժման պարտադիր տարրերն են:

Ձեռք է բերված մարսողական համակարգի մի շարք հիվանդությունների ժամանակ Բ.ֆ-ի հաջող կիրառման փորձ, հատկապես հիվանդության քրոնիկ. փուլում: Բ.ֆ. առավելապես ցուցված է մանկ. տարիքում: Հիվանդությունն ընկճում և կազմալուծում է շարժող. ակտիվությունը, որը մանկան օրգանիզմի բնականոն ձևավորման և զարգացման պարտադիր պայման է: Դրա համար Բ.ֆ. մանկ. բոլոր հիվանդությունների բուժման շատ կարևոր տարրերից է:

Բուժումը նշանակում է բժիշկը, պարապմունքներն անցկացնում են պոլիկլինիկաներում, Բ.ֆ-ի դիսպանսերներում՝ հրահանգիչների, Բ.ֆ-ի մասնագետ բժիշկների ղեկավարությամբ, կամ տանը՝ բուժ. մարմնամարզության հանձնարարված համալիրով:

ԲՈՒԺՔՈՒՅՐ, միջին բժշկ. կրթությամբ մասնագետ, որն աշխատում է բժշկի ղեկավարությամբ: Հիվանդանոցում Բ. խնամում է հիվանդներին, հետևում նրանց վիճակին, բժշկի նշանակմամբ իրականացնում բուժարարողություններ, վերահսկում բաժանմունքի և հիվանդասենյակների սանհիգիենային վիճակը: Բ. աշխատում է ավագ բուժքրոջ անմիջական ղեկավարությամբ, որը վերահսկում է բժշկի նշանակումների կատարումը, իրականացնում է նաև դեղանյութերի դուրսգրումը, դրանց հաշվառումն ու պահպանումը, հիվանդների ընդունելության և դուրսգրման ձևակերպումները: Հետևում է բաժանմունքի սան. վիճակին, տնտեսությանը, հիվանդների սննդին ևն:

Պոլիկլինիկաներում Բ. բժշկին օգնում է հիվանդի ընդունման ժամանակ, պոլիկլինիկայում և հիվանդի տանը բժշկի նշանակմամբ բուժարարողություններ է կատարում, բնակչության շրջանում իրականացնում է սանլուս. աշխատանք: Մանկամսուրներում և մանկապարտեզներում խնամում է երեխաներին, կերակրում փոքրերին, հետևում է մեծերի սնվելուն, նրանց հետ գնում է զբոսանքի: Բ.՝ քույրական գործի մասնագետներ պատրաստվում են բժշկ. ուսումնարաններում (տես Բժշկական կրթություն):

ԲՈՒՍԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ, սնման համակարգ, որի դեպքում բացառվում կամ զգալիորեն սահմանափակվում է կենդ. ծագման սննդամթերքը: Բ. լայն տարածում է ստացել 19-րդ դ. 2-րդ կեսերին, երբ շատ երկրներում ի հայտ եկան բուսակերների ընկերություններ, որոնք քարոզում էին, որ մարդու համար բնական սնունդ է միայն բուս. սննդամթերքը:

Ըստ կենդ. սննդի սահմանափակման աստիճանի՝ բուսակերները բաժանվում են մի քանի խմբերի: Նրանցից առավել հետևողականներն արգելում են մսեղենի, կաթի, ձվի և կենդ. ծագման ճարպերի օգտագործումը («հին բուսակերներ»): «Երիտբուսակերները» սննդից բացառում են միայն մսամթերքը՝ թույլատրելով կաթի, ձվի, կարագի օգտագործումը:

Բուսակերները գտնում են, որ միսը նպաստում է թունավոր նյութերի առաջացմանը, որոնք թունավորում են բջիջները, օրգանիզմը կեղտոտում թունավոր խարամներով, կրճատում կյանքը և մարդուն դարձնում դյուրագրգիռ: Իսկ կենդ. սննդի կողմնակիցները իրավացիորեն ընդունում են մսի բացառիկ նշանակությունը՝ որպես լիարժեք, հեշտ յուրացվող սպիտակուցների աղբյուր:

Սնուցման վերաբերյալ ժամանակակից գիտությունը հաստատում է, որ առավել նպատակահարմար է օգտագործել խառը օրաբաժիններ, որոնք պետք է պարունակեն թե՛ բուս., թե՛ կենդ. ծագման սննդամթերք (տես Սնուցում): Սննդի բազմազանությունն անհրաժեշտ է սնուցման հաշվեկշռի համար, որի դեպքում սնունդը պարունակում է անփոխարինելի գործոններ՝ լավագույն փոխհարաբերությամբ: Բուսակերների պնդումը, թե տարբեր բուս. սննդամթերքները (հատկապես՝ հում) կարող են լինել սպիտակուցի լավագույն աղբյուր, սխալ է: Չմշակված բուս. մթերքում պարունակվող սպիտակուցները դժվար են ենթարկվում մարսող. ֆերմենտների ազդեցությանը, հետևաբար դժվարամարս են, իսկ շատերը (օրինակ՝ ցորենի, բրնձի և այլ հացազգիների սպիտակուցները) չմշակված վիճակում մասամբ են յուրացվում: Բ-յան մեջ խելամիտ է բանջարեղենի և մրգի՝ որպես վիտամինների, օրգ. թթուների և հանքային նյութերի արժեքավոր աղբյուրի, բարձր սննդային արժեքների ընդունումը: Բացի այդ, բանջարեղենը և միրգը հարուստ են բալաստային նյութերով (սննդային թելերով), որոնք կարևոր են աղիքների բնականոն շարժումների ապահովման, այդտեղ կուտակված թունավոր նյութերի և օրգանիզմից խոլեստերինի հեռացման համար: Խոհարար. մշակման և երկարատև պահպանման հետևանքով բանջարեղենի և մրգի արժեքը նվազում է, և իրավացի են բուսակերները, երբ կոչ են անում դրանք օգտագործել հում և հնարավորին չափ թարմ վիճակում: Կենդ. սպիտակուցներն, անկասկած, մի շարք առավելություններ ունեն բուսականի համեմատ: Միևնույն ժամանակ ապացուցված է, որ լավ հաշվեկշռված սննդային օրաբաժինները կարող են կազմված լինել և առանց մսի՝ բուս. մթերքների, կաթի, ձվի զուգակցումով: Այդպիսի օրաբաժինները հաճախ օգտագործվում են բուժական սննդի մեջ, օրինակ՝ պոդագրայի դեպքում: Սիրտանոթային որոշ հիվանդությունների ժամանակ նպատակահարմար է կարճատև ժամանակով Բ-յան անցնելը:

Մի շարք երկրներում սկսել են բուս. նյութերից պատրաստել մսի տարբեր տեսակներին նմանվող մթերք: ԱՄՆ-ում արտադրում են պահածոներ, այսպես կոչված, սոյայի մսից: «Բուսական մսի» այդ տեսակները գովազդում են Բ-յան համար: Փորձեր են արվում նման մթերք արտադրել բույսերից, ջրիմուռներից և միաբջիջ օրգանիզմներից ստացվող սպիտակուցային խտանյութերից: Սակայն մսի բուս. փոխարինիչներն ունեն համեմատաբար ոչ բարձր համային հատկություններ և ցածր կենսբ. արժեք:

ԲՈՒՐՍԻՏ, տես Բարձիկաբորբ: