Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(հիպոմենոռեային սինդրոմ), երկարատև և առատ դաշտանը (մենոռագիա), ցավոտ դաշտանը (ալգոմենոռեա), ինչպես նաև Դ.ց-ի հետ չկապված արգանդային արյունահոսությունները մի շարք գինեկոլոգ. հիվանդությունների ախտանշան են: Նման դեպքերում հարկավոր է շտապ դիմել բժշկի: Բացի այդ, կարող է նկատվել, այսպես կոչված, նախադաշտանային համախտանիշ, երբ դաշտանից մի քանի օր առաջ թուլության, տրամադրության փոփոխությունների, կաթնագեղձերի պնդացման (կարող է լինել նաև առողջների մոտ) հետ մեկտեղ լինում են նաև գլխացավ, գլխապտույտ, սրտի շրջանի ցավեր, սրտխփոցի նոպաներ, քնի խանգարում: Նման դեպքերում նույնպես անհրաժեշտ է դիմել բժշկի:

Կնոջ առողջությունը, նրա օրգանիզմի բնականոն գործունեությունը մեծ մասամբ կախված են կենցաղային պայմաններից, վաղ մանկ. տարիքում ստացած ճիշտ խնամքից ու դաստիարակությունից: Հատկապես կարևոր են անձնական հիգիենայի կանոններին խիստ հետևելը, օրգանիզմի կոփումը, ճիշտ սնուցումը, աշխատանքի ու հանգստի կանոնավոր հաջորդականության արդյունավետ ռեժիմը, ֆիզ. վարժությունները, վարակիչ հիվանդությունների կանխման միջոցառումները, դրանց ժամանակին բուժումը: Աղջկա օրգանիզմն աստիճանաբար, դաշտանն սկսվելուց շատ առաջ, նախապատրաստվում է նոր ֆունկցիայի, որի իրականացմանը մասնակցում են ներզատիչ գեղձերը, սիրտանոթային, նյարդային և օրգանիզմի փոխադարձաբար իրար հետ կապված շատ ուրիշ համակարգեր: Բարդ ֆունկցիայի այդ բոլոր օղակները մեծ նշանակություն ունեն Դ. ց-ի բնականոն ընթացքի համար: Սեռ. հասունացման շրջանում աղջիկները հաճախ շատ դյուրագրգիռ են, նրանց օրգանիզմը հատկապես զգայուն է տարբեր անբարենպաստ ազդեցությունների հանդեպ: Նյարդահոգեկան խանգարումները, անբարենպաստ կենցաղային պայմանները, չափից ավելի ֆիզ. բեռնվածությունը և մտավոր գործունեությունը, ինչպես նաև վարակիչ հիվանդությունները կարող են առաջացնել դաշտանային ֆունկցիայի խանգարումներ: Այդ շրջանում հարկավոր է հատկապես աղջիկների նկատմամբ ուշադիր և համբերատար լինել, խուսափել ընդհարումներից, չհոգնեցնել նրանց:

1-ին դաշտանի ի հայտ գալը երբեմն նյարդային խանգարումների պատճառ է դառնում, հատկապես, երբ այն սկսվում է անսպասելի: Դրա համար անհրաժեշտ է աղջիկներին նախօրոք և նրբանկատորեն բացատրել այդ ֆիզիոլոգ. գործընթացի էությունը:

Դաշտանային ֆունկցիայի խանգարումների և գինեկոլոգ. այլ հիվանդությունների կանխարգելման համար հարկավոր է դաշտանի ժամանակ պահպանել հիգիենային որոշակի ռեժիմ: Ամենից առաջ անհրաժեշտ է սեռ. օրգանները մաքուր պահել, քանի որ դաշտանային արյունը նպաստավոր միջավայր է մանրէների բազմացման համար, որոնք կարող են թափանցել հեշտոց, այնուհետև՝ արգանդ ու հավելումներ և առաջացնել բորբոքումներ (տես Արգանդի հավելումների բորբոքում, Արգանդի մկանալորձենաբորբ): Արտաքին սեռ. օրգանները հարկավոր է լվանալ օրը առնվազն 2 անգամ՝ տաք (ավելի լավ է նախապես եռացրած) ջրով: Այդ շրջանում լոգանք ընդունել և լողանալ խորհուրդ չի տրվում, կարելի է ընդունել հիգիենային ցնցուղում:

Թույլատրվում է զբաղվել առավոտյան մարմնամարզությամբ (տես Լիցքային վարժություններ)՝ բացառելով ֆիզ. լարում պահանջող վարժությունները: Պետք է հաճախակի փոխել հիգիենային միջադիրները: Դաշտանի օրերին խորհուրդ չի տրվում սննդի մեջ օգտագործել սուր համեմունքներ (պղպեղ, քացախ, մանանեխ), ինչպես նաև ալկոհոլային խմիչքներ (նաև գարեջուր), որոնք կարող են ուժեղացնել արյունահոսությունը:

ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, բժշկ. փորձաքննության ձև, որն օգտագործվում է քննչ. և դատ. գործընթացների ժամանակ ծագող բժշկ. հարցերը պարզաբանելու համար: Դ. փ. կատարում են միայն քննչ. մարմինների վճռի կամ դատարանի որոշմամբ: Փորձաքննությունն իրականացնում են Դ. փ-յան բյուրոյի շրջանակներում (առողջապահության մարմինների համակարգի հատուկ հիմնարկներում)՝ դատաբժշկ. փորձագետները (բժիշկներ, որոնք պատրաստվել են դատ. բժշկության բնագավառում): Հատուկ կարևոր կամ բարդ դեպքերում Դ. փ. անցկացնում են դատաբժշկ. հանձնաժողովները, դրանց կազմում ներգրավվում են այլ մասնագիտությունների բժիշկներ (համալիր փորձաքննություն): Դ. փ. պարտադիր է ուսումնասիրվող օբյեկտի մահվան պատճառները և մարմն. վնասվածքների բնույթը, տարիքը, մեղադրյալի և վկայի առողջ. ու հոգեկան վիճակի որոշման համար, բացի այդ, այն անցկացվում է իրեղեն ապացույցների (արյան բծեր, մազ, հագուստի մնացորդներ, մարդու արտաթորանքներ) առկայության կամ բացահայտման պայմաններում: Դ. փ. կարող է լինել առաջնային, լրացուցիչ և կրկնակի, իրականացվում է կենդանի անձանց վկայությամբ, դիակների կամ իրեղեն ապացույցների հետազոտությամբ, հազվադեպ քննությունն անցկացնում են դատ. գործի նյութերի հիման վրա: Դ. փ-յան արդյունքները փաստաթղթերով ձևակերպում են որպես եզրակացություն: Դատաբժշկ. փորձագետների կադրեր են պատրաստում բժշկ. բուհերի դատ. բժշկության ամբիոններում, բժիշկների կատարելագործման ֆակ-ներում, ինստ-ների մասնագիտացման դասընթացներում:

Տես նաև Դատական բժշկություն:

ԴԱՏԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ, բժշկագիտության ճյուղ, որն ուսումնասիրում և լուսաբանում է դատաքննչ. գործունեության ընթացքում ծագած բժշկ. և կենսբ. խնդիրները: Դ. բ-յան տվյալները գիտ. հիմք են ծառայում դատաբժշկական փորձաքննության համար, մասնավորապես՝ անձի կյանքի, առողջության, ազատության, արժանապատվության, սեռ. անձեռնմխելիության, հղիության բնական ընթացքի, ինչպես նաև անչափահասների ու մանկահասակների բնականոն ֆիզ., բարոյական կազմավորման, սեռ. զարգացման դեմ ուղղված հանցագործությունների դեպքերում:

Հայաստանում բռնի մահերի առնչությամբ կատարվող դիազննումների մասին 1-ին տեղեկությունները հայտնի են 4-5-րդ դդ-ից: Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց»-ում հիշատակումներ կան կախաղան հանված անձանց մահվան որոշ օրինաչափությունների, դիակային փոփոխությունների, ինչպես նաև թունավորումների (մասնավորապես՝ Ներսես Ա Մեծի թունավորման և մահվան) մասին: Հովհան Մայրավանեցին «Ճառք»-ում մի ամբողջ բաժին նվիրել է հարբեցողության և գինեմոլության հարցերին: Ստեփանոս Տարոնեցու վկայությամբ՝ 989-ին Գագիկ Ա թագավորի հրամանով բացել են Սմբատ Բ թագավորի շիրիմը և դիազննել՝ մահվան պատճառը պարզելու նպատակով: Դիահերձումների կիրառման, հետևապես և բժշկ. գործողությունների տեխ. իմացության ապացույց է նաև Լևոն Բ թագավորի աճյունի հերձումը: Դատաբժշկ. արժեքավոր տվյալներ են հադորդել նաև Գրիգոր Տաթևացին իր «Գիրք հարցմանց»-ում, Մխիթար Հերացին (մասնավորապես թունաբանության մասին), Ամիրդովլաթ Ամասիացին, Գրիգորիսը և ուր.: Ծանր հանցագործություններ են համարվել հակաբեզմնավորիչ միջոցների