ԶԿՌՏՈՑ, ստոծանու ջղաձգային կծկում, որն առաջացնում է հանկարծակի ուժեղ շնչառում՝ բնորոշ ձայնով: Զ. երբեմն ի հայտ է գալիս առողջ մարդկանց մոտ, առանց նկատելի պատճառի և, որպես կանոն, անվնաս է ու արագ դադարում է: Կարող է նկատվել ալկոհոլի ընդունումից հետո, ստամոքսի լցվածության դեպքում ևն: Խորը շնչառումը, շունչը կարճատև պահելը, մի քանի կում սառը ջուր խմելը թեթևացնում են կամ դադարեցնում Զ.: Կարող է լինել նաև որոշ հիվանդությունների ախտանշան: Որովայնի խոռոչում բորբոքային գործընթացի դեպքում ստոծանին գրգռվելիս Զ. երբեմն դառնում է տևական և ցավոտ: Զ. առաջանում է գլխուղեղի, ողնուղեղի վարակիչ հիվանդությունների, սրտամկանի ինֆարկտի, հոգեկան գրգռվածության դեպքերում: Տևական ու համառ Զ-ի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, որը կբացահայտի պատճառը և կնշանակի համապատասխան բուժում:
ԷԼԵԿՏՐԱԱԵՐՈԶՈԼԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, տես Ինհալացիա հոդվածում:
ԷԼԵԿՏՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, էլեկտր. հոսանքի, էլեկտր. և էլեկտրամագնիս. դաշտերի կիրառումը բուժիչ և կանխարգելիչ նպատակներով, ֆիզիոթերապիայի առավել ընդարձակ բաժիններից է՝ բազմաթիվ մեթոդներով: Է. նշանակում է բժիշկը:
Գործն. բժշկության մեջ ավելի շատ օգտագործվում է ցածր լարման և ոչ մեծ ուժի հաստատուն էլեկտր. հոսանքը, որը տրվում է անընդհատ կամ առանձին իմպուլսների ձևով և դադարներով: Ազդեցությունն իրականացվում է մետաղե թիթեղների (էլեկտրոդների) և խոնավ գործվածքե տակդիրի միջոցով, որոնք դրվում են մարմնի որոշակի հատվածների վրա:
Ցածր լարման հոսանքի անցման դեպքում (գալվանացման մեթոդ) էլեկտրոդների միջև գտնվող մարմնի համապատասխան հատվածի հյուսվածքներում տեղի են ունենում իոնների տեղաշարժում, բջջային մակարդակով ֆիզքիմ. գործընթացների փոփոխություններ, որոնք նպաստում են արյան շրջանառության լավացմանը, ցավերի մեղմացմանը, բորբոքային գործընթացի վերացմանը, ինչպես նաև վնասված հյուսվածքների արագ վերականգնմանը: Այդ գործընթացներն ավելի արտահայտված են իմպուլսային հոսանքներով բուժելիս, որը հնարավորություն է տալիս դրանք կիրառել ցավերի մեղմացման, քնի խանգարման (էլեկտրաքուն), թուլացած մկանների մարզման համար (էլեկտրախթանում) ևն: Ցածր լարման հաստատուն հոսանքի ազդեցությունն ուժեղանում է, երբ էլեկտրոդի տակդիրը թրջում են դեղանյութի լուծույթով, որը չվնասված մաշկի միջոցով հյուսվածքի մեջ է անցնում հոսանքի օգնությամբ և օրգանիզմի վրա ունենում համապատասխան ազդեցություն: Նշված մեթոդը կոչվում է դեղորայքային էլեկտրոֆորեզ: Վերջինիս և գալվանացման մեթոդի ժամանակ հիվանդն էլեկտրոդների տակ զգում է հավասարաչափ ծակծկոց, իսկ իմպուլսային հոսանքի ազդեցության դեպքում՝ թեթևակի թրթռում (ցնցում) և մկանների ոչ ցավոտ կծկում:
Բարձր լարման և հաճախության իմպուլսային փոփոխ. հոսանքի կիրառումը կոչվում է դարսոնվալացում (ֆրանս. գիտնական դ՚Արսոնվալի անունով): Ազդեցությունն իրականացվում է նեոն գազով լցված ապակե էլեկտրոդներով: Մաշկի և էլեկտրոդի միջև առաջանում է կարճ կայծային պարպում, որն առաջացնում է մաշկի նյարդային վերջույթների գրգռում: Դրա հետևանքով լավանում են արյան շրջանառությունը, հյուսվածքների սնուցումը, մեղմանում են ցավերն ու քորը:
Մագնիսաբուժությունը (փոքր հաճախության փոփոխ. մագնիս. դաշտի կիրառումը) իրականացվում է մակածիչների՝ էլեկտրամագնիսների օգնությամբ, որոնք տեղադրվում են ազդեցությանը ենթակա մարմնամասերի վրա: Փոփոխ. մագնիս. դաշտը, թափանցելով հյուսվածքների մեջ, առաջացնում է զանազան ֆիզքիմ. փոփոխություններ, որոնք նպաստում են ցավերի, քորի և հյուսվածքների այտուցվածության նվազմանը, արյունատար անոթների լայնացմանը, արագացնում են սնուցող. (տրոֆիկ) խոցերի ապաքինումը և ոսկրերի կոտրվածքների սերտաճումը:
Ինդուկտաջերմաբուժությունը (ինդուկտոթերմիա) բարձրհաճախային փոփոխ. մագնիս. դաշտի կիրառումն է: Ազդեցությունն իրականացվում է մարմնի մակերևույթի վրա պարուրաձև կամ օղակաձև ոլորած հաղորդալար՝ մակածիչ տեղադրելով, որի միջով էլեկտր. հոսանք անցնելիս շուրջն առաջանում է մագնիս. դաշտ: Հիվանդը մակածիչի տակ զգում է հավասարաչափ ջերմություն: Նշված մեթոդն ունենում է հակաբորբոքային թերզգայնացնող (տես Ալերգիա), անոթալայնիչ, ցավամոքիչ ազդեցություններ:
Ֆրանկլինացումը բուժ. մեթոդ է, որի դեպքում ազդող գործոնը բարձր լարման հաստատուն էլեկտր. դաշտն է: Ազդեցությունն իրականացվում է հատուկ կառուցվածքի ասեղնակիր էլեկտրոդներով, որոնք տեղադրվում են գլխի կամ ախտահարված հատվածի (վերք, խոց) վերևում: Էլեկտր. դաշտում օդի մոլեկուլները ճեղքվում են՝ առաջացնելով բացաս. լիցքավորված իոններ (աերոիոններ), որոնց շնչելը բարերար ազդեցություն է ունենում մի շարք հիվանդությունների դեպքերում: Օդը դառնում է հոսանքահաղորդիչ, տեղի է ունենում մարմանդ էլեկտր. պարպում, և առաջանում է քիչ քանակությամբ օզոն, իսկ հիվանդը գլխավերևում զգում է թեթևակի «քամի»: Արդյունքում շնչառությունը խորանում է, բարելավվում են նյարդային համակարգի վիճակը, քունը և ընդհանուր ինքնազգացողությունը:
Անդրաբարձրհաճախային (ԱԲՀ) բուժումը անդրաբարձրհաճախային փոփոխ. էլեկտր. դաշտի կիրառումն է: Ազդեցությունն իրականացվում է կոնդենսատորային թիթեղների օգնությամբ, որոնք տեղադրվում են ախտահարված հատվածի վերևում և ուղեկցվում ջերմության (հազիվ ընկալվողից մինչև լավ արտահայտված) զգացումով: ԱԲՀ էլեկտր. դաշտն ունենում է արտահայտված հակաբորբոքային և բակտերիակասեցնող ազդեցություն, որն ուղեկցվում է արյան անոթների լայնացմամբ, հյուսվածքների սնուցման բարելավմամբ և ցավերի մեղմացմամբ:
Միկրոալիքային բուժումը էլեկտրամագնիս. (սանտիմետրային և դեցիմետրային հաճախություն) դաշտի կիրառումն է, որը կատարվում է տարբեր ձևի ճառագայթիչների օգնությամբ: Բուժարարողության ընթացքում հիվանդի մոտ առաջանում է ջերմության զգացողություն: Ճառագայթման էներգիան թափանցում է մինչև 9 սմ խորությամբ և առաջացնում արյան անոթների լայնացում, լավացնում հյուսվածքների սնուցումը, մեղմացնում ցավերը:
Էլեկտրաջերմաբուժության (դիաթերմիա) հիմքում ընկած է հյուսվածքների տաքացումը՝ դրանց միջով