Սուր Թ. տարբերվում են նաև թունավոր նյութն օրգանիզմ ներթափանցելու եղանակով: Առավել տարածված են սննդային Թ., երբ թույնը, բերանի միջոցով ներթափանցելով ստամոքսաղիքային համակարգ, այնտեղից արագ կամ դանդաղ ներծծվում է արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմով: Լինում են նաև ինհալացիոն Թ.՝ թունավոր նյութերի գոլորշիները շնչելիս, մաշկային, երբ թույնը օրգանիզմ է ներթափանցում անպաշտպան մաշկի միջոցով, խոռոչային՝ թունավոր նյութերի ներթափանցումը տարբեր խոռոչների՝ քթի, ականջի, արգանդի միջոցով: Վերջապես, ներարկումից առաջացող Թ., երբ թունավոր նյութերի լուծույթներն անմիջապես հյուսվածքներ կամ արյան մեջ են անցնում ներարկիչի, թունավոր միջատների ու օձերի խայթոցների միջոցով:
Սուր Թ. առաջացնող քիմ. նյութերը չափազանց շատ են. դրանցից են՝ հիվանդությունների բուժման նպատակով օգտագործվող դեղապատրաստուկները (որոնց գերչափաքանակները թունավոր ազդեցություն են ունենում), տնտ. և սան. տարբեր կարիքների, անձն. հիգիենայի ու կոսմետիկայի նպատակներով կենցաղում լայնորեն կիրառվող կենցաղային քիմ. պատրաստուկները, գյուղատնտ. վնասատուների դեմ պայքարի թունաքիմիկատները, տարբեր սինթետիկ նյութերի արտադրության հիմքը կազմող արդ. քիմիայի արտադրանքները, և, վերջապես, դեղանյութերի պատրաստման համար գործածվող տարբեր կենդ. տոքսինները, բուս. թույները ևն:
Օրգանիզմի վրա այս բազմաթիվ քիմ. նյութերի թունավոր ազդեցությունները տարբեր ձևերով են դրսևորվում, որից ելնելով տարբերում են՝ գրգռող, այրող, մաշկաթարախապալարային, խեղդող, քնաբեր, ջղաձգային և այլ թույներ: Դրանց մեծ մասը, անկախ չափաքանակից և օրգանիզմ ներթափանցելու եղանակից, ունի ընտրող. թունավոր ազդեցություն. կարող է ազդել խիստ որոշակի բջիջների և հյուսվածքների վրա՝ չվնասելով մյուսներին: Համապատասխանաբար տարբերում են արյունային թույներ՝ ազդում են առավելապես արյան բջիջների վրա (շմոլ գազ, բորակ ևն), նյարդային՝ ախտահարում են կենտր. և ծայրամասային նյարդային համակարգերի բջիջները (ալկոհոլ, թմրանյութեր ևն), երիկամային և լյարդային՝ ախտահարում են նշված օրգանների ֆունկցիաները (ծանր մետաղների միացություններ), սրտային, որոնց ազդեցությունից խանգարվում է սրտի աշխատանքը (ալկալոիդների խմբի որոշ բուս. թույներ), ստամոքսաղիքային (թթուների և ալկալիների խիտ լուծույթներ, որոշ սնկային թույներ): Թունավոր նյութերի բազմազանությունը և օրգանիզմի վրա դրանց ներգործման եղանակները դժվարացնում են սուր Թ-ի ախտորոշումը, ժամանակին բուժումը և կանխարգելումը:
Սուր Թ-ի խնդիրը խիստ արդիական է դարձել վերջին տասնամյակներում, երբ աշխարհի զարգացած շատ երկրներում ստեղծվել է «թունավոր իրավիճակ»՝ կապված շրջակա միջավայրում (կենցաղային, արտադր., բժշկ. և այլ նպատակների համար օգտագործվող) մեծ քանակությամբ քիմ. նյութերի կուտակման հետ: Առողջապ-յան համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպ. երկրներում սուր Թ-ի բուժման համար հիվանդանոցներ են դիմում 1000 բնակչից 1-ը, և դրանց 1%-ից ավելին մահանում է, այն դեպքում, երբ սիրտանոթային համակարգի շատ տարածված հիվանդության՝ սրտամկանի ինֆարկտի հոսպիտալացման մակարդակը 1000 բնակչին կազմում է 0,8 մարդ: Սուր Թ-ից մահացությունների ընդհանուր թիվն զգալիորեն գերազանցում է ճանապարհատրանսպորտային պատահարների թվին: Անհանգստացնող է նաև երեխաների սուր Թ-ի մշտ. աճը: Սուր Թ-ի բոլոր պատճառները կարելի է բաժանել 2 կարգի. սուբյեկտիվ՝ անմիջականորեն կապված տուժածի վարքագծի հետ, և օբյեկտիվ՝ պայմանավորված կոնկրետ «թունավոր իրավիճակով»: Սակայն ցանկացած քիմ. նյութով սուր Թ-ի դեպքում կարելի է հայտնաբերել և՛ մեկ, և՛ մյուս պատճառը: Սուբյեկտիվ պատճառներից են ժամանակակից լարված կյանքը (որի հետևանքով որոշ մարդիկ հանգստացնող դեղանյութերի օգտագործման մշտ. պահանջ են ունենում) և կենցաղային քիմ. պատրաստուկների արտադրության աճը: Սուր Թ-ի սուբյեկտիվ պատճառներից են նաև ալկոհոլային խմիչքների չարաշահումը և թմրանյութերի նկատմամբ (տես Թմրամոլություն) հիվանդագին հակումը: Պատահական Թ-ի կեսից ավելիի դեպքում մարդիկ լինում են ալկոհոլային հարբեցման վիճակում: Սուր Թ-ի իրական վտանգ է առաջանում ինքնաբուժման ժամանակ: Թ-ի սուբյեկտիվ պատճառներից են նաև հղիության արտահիվանդանոցային ընդհատման և տղամարդկանց ալկոհոլամոլության տնային բուժման ժամանակ օգտագործվող տարբեր դեղանյութերի ու քիմ. պատրաստուկների թունավոր չափաքանակները:
Մանկ. Թ. սովորաբար լինում են բնակարաններում երեխաներին մատչելի տեղերում դեղանյութեր և քիմիկատներ պահելիս: Անուշադրության մատնված (հատկապես 3-5 տարեկան) երեխաները սխալմամբ կարող են թունավոր նյութերն օգտագործել վիտամինի կամ սննդամթերքի փոխարեն:
Սուր Թ. առավել շատ են «այրող» հեղուկներից՝ հատկապես քացախաթթվի էսենցիայից և անուշադրի սպիրտից (կապված կենցաղում շատ օգտագործման հետ), ինքնաբուժման նպատակով օգտագործվող (հիմնականում քնաբեր) տարբեր դեղանյութերից, ինչպես նաև ալկոհոլից ու դրա փոխնյութերից, թունաքիմիկատներից և շմոլ գազից:
Աշխարհի շատ երկրներում լայն տարածում են ստացել սուր Թ-ի բուժման կենտրոնները, որոնք հատուկ սարքավորված են անհետաձգելի ախտորոշման (արյան մեջ, մեզում և կենսբ. այլ միջավայրերում թույների որոշման) և Թ-ի բուժման՝ ժամանակակից մեթոդներով օրգանիզմից թույնի հեռացման («արհեստական երիկամի» և «արհեստական լյարդի» կիրառմամբ) համար: Նշված կենտրոններում գիտահետազոտ. աշխատանքներ են կատարվում կլինիկ. թունաբանության բնագավառում:
Անհրաժեշտ է հիշել, որ որոշ հիվանդություններ, ինչպես սրտամկանի ինֆարկտը, կաթվածը (հատկապես տարեցների մոտ) կարող են ուղեկցվել թունավորման ախտանշաններով (որովայնի ցավեր, սրտխառնոց, փսխում, թուլություն): Նման ախտանշաններ լինում են որդանման ելունի բորբոքման (սուր), աղիքների անանցանելիության, բարակ աղիքների բորբոքման (տես Ստամոքսաղիքաբորբ) և այլ հիվանդությունների դեպքերում: Ուստի, ստամոքսի լվացումը, աղային լուծողականները նշված հիվանդությունների ժամանակ կարող են ունենալ ոչ ցանկալի, իսկ երբեմն՝ ծանր հետևանքներ: Հետևաբար, մինչև բժշկի գալը, 1-ին օգնություն կարելի է ցույց տալ միայն համոզված լինելով, որ հիվանդը թունավորված է:
Թ. կենցաղային քիմիայի պատրաստուկներից: Յուրաքանչյուր տնտեսուհի իր բնակարանում ունենում է կենցաղային քիմիայի արտադրության լայն տեսականի: Այդ պատրաստուկների ոչ ճիշտ պահպանման (որի հետևանքով դրանք կարող են թափանցել մարդու օրգանիզմ), հարբելու նպատակով օգտագործելու դեպքում առաջանում են ծանր Թ.: Ըստ նշանակության՝ կենցաղային քիմիայի պատրաստուկները բաժանվում են