Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նման դեպքերում մկանները թորշոմում են, նիհարում, ծայրանդամը կախ է ընկնում: Եթե այդպիսի Լ. առաջանում են վաղ մանկ. տարիքում (օրինակ՝ պոլիոմիելիտի ժամանակ), ապա հիվանդ ձեռքի կամ ոտքի աճը դադարում է: Լ. չբուժելիս հոդերում շարժումները դժվարանում են, վերջույթի ճիշտ դիրքը խախտվում է, որից շարժումներն ավելի են սահմանափակվում:

Գանգուղեղային նյարդերի ախտահարումների (բորբոքում, վնասվածք, ներգանգային արյունազեղում) ժամանակ կարող են առաջանալ դեմքի, լեզվի, կոկորդի մկանների Լ.: Օրինակ՝ ակնագնդի մկանների Լ-ի հետևանքով առաջանում է շլություն և երկտեսություն, դիմային նյարդի բորբոքման ժամանակ անհետանում են դեմքի համապատասխան կեսի դիմախաղի մկանների շարժումները, ենթալեզվային նյարդի Լ-ից հիվանդը դժվարանում է խոսել ևն:

Լ. և կիսալուծանքները բուժում են բժշկի հսկողությամբ՝ սովորաբար սկսելով արյան շրջանառության, կենտր. կամ ծայրամասային նյարդային համակարգերի հիվանդութունների (որոնց բարդությունն են դրանք) բուժմամբ: Վերջույթների խանգարված ֆունկցիայի վերականգնումն սկսում են ծայրանդամին ճիշտ դիրք տալով: Ձեռքի համար այդպիսի դիրքը թեթևակի ծալումն է արմնկային հոդում և տարածումը՝ ճաճանչադաստակային հոդում, ինչպես նաև մատների թեթևակի ծալումը, ոտքերի համար՝ չափավոր տարածումը ծնկային հոդում, ոտնաթաթի թիկնային ծալումը: Ոտքը չպետք է դուրս շրջված լինի: Վերջույթի ճիշտ դիրքը պահպանելու համար օգտագործում են փափուկ բարձիկներ (պինդ փաթաթած բամբակից կամ գործվածքից) կամ պլաստիկ նյութերից պատրաստված բեկակալներ: Սակայն հիվանդ ծայրանդամը չպետք է անշարժ մնա: 1-ին իսկ օրից սկսում են պասսիվ մարմնամարզություն՝ հիվանդ ոտքի կամ ձեռքի հոդերում հաջորդաբար ծալում և տարածում կատարելով: Այդ մարմնամարզությունը (բուժաշխատողի հանձնարարականով) կարող է կատարել նաև հիվանդը (հատկապես ձեռքի Լ-ի ժամանակ): Շարժումների վերականգնմանը նպաստում են նաև այնպիսի վարժություններ, որոնք կատարելիս հիվանդը պետք է ջանա միաժամանակ շարժել առողջ և հիվանդ վերջույթները: Շարժումները վերականգնելիս հարկավոր է մեծացնել դրանց ծավալը՝ օրեցօր ավելացնելով այն 1-2 սմով:

Մկանների ուժի ավելացմանը զուգընթաց կարելի է ներառել նաև չափավոր բեռնվածությամբ վարժություններ (ռետինե ժապավենով, էսպանդերով, ռետինե գնդակով): Բեռնվածության միայն այդպիսի փուլային ավելացումը կարող է արդյունավետ լինել: Հապճեպ անցումն ուժից վեր վարժությունների կարող է վտանգավոր լինել և վերականգնումը դանդաղեցնել: Վարժությունների ծրագիրը կազմում է բուժ. ֆիզկուլտուրայի մեթոդիստը: Թույլ վերջույթներում շարժումները թեթևացնելու համար օգտագործում են օրթոպեդ. սարքեր: Բուժ. ֆիզկուլտուրան անցկացվում է մերսման, դեղորայքային բուժման և ֆիզիոթերապիայի հետ միաժամանակ:

Կանխարգելումը. հիմնականում Լ-ի ընթացքը բարդացնող հիվանդությունների ու վնասվածքների բուժում: Հատկապես մեծ նշանակություն ունի երեխաների հակապոլիոմիելիտային վակցինացումը (տես Կանխարգելիչ պատվաստումներ): Արտադրությունում կապարի, սնդիկի և արսենի հետ աշխատելիս անհրաժեշտ է պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները և պարբերաբար ենթարկվել բժշկական զննումների:

ԼՈՒԾՈՂԱԿԱՆ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, ուժեղացնում են աղիքների գալարակծկանքը (մկանային պատի ալիքաձև կծկումներ) և արագացնում դրանց դատարկվելը: Լ.դ. նշանակում են փորկապության, թունավորումների դեպքերում՝ աղիքներն արագ դատարկելու համար, ինչպես նաև հետազոտությունների և ստամոքսաղիքային համակարգի վիրահատությունների նախապատրաստման ժամանակ: Լ.դ. ներգործում են աղիքների և առավելապես հաստ աղիքի վրա: Քրոնիկ. փորկապության դեպքում նշանակում են առավելապես հաստ աղիքի վրա ազդող Լ.դ., որովհետև հիվանդները դրանք պետք է կանոնավոր և երկարատև օգտագործեն: Իսկ քանի որ սննդանյութերը ներծծվում են հիմնականում բարակ աղիքների միջոցով, ապա աղիքների ամբողջ ընթացքի վրա ազդող Լ.դ. նշանակելիս խախտվում է սննդանյութերի յուրացումը, որը հանգեցնում է օրգանիզմի հյուծման: Հաստ աղիքի վրա ազդող բուս. ծագման (խավարծիլ, դժնիկ) Լ.դ-ի թերությունը երկարատև ընդունելուց դրանց նկատմամբ զգայնության թուլացումն է, և, բացի այդ, հնարավոր է նաև հակառակ ազդեցությունը՝ փորկապություն: Սինթետիկ պատրաստուկների (ֆենոլֆթալեին, իզաֆենին) երկարատև ընդունումը կարող է խախտել որոշ ներքին օրգանների գործունեությունը:

Աղիքների վրա ներգործող Լ.դ. ազդում են վերջիններիս լորձաթաղանթների ընկալիչների (նյարդային վերջույթների) գրգռման ճանապարհով: Այդ խմբից են աղային լուծողականները (մագնեզիումի և նատրիումի սուլֆատներ) և գերչակի յուղը: Աղային լուծողականները հեշտ են լուծվում ջրում, իսկ առաջացած իոնները վատ են ներծծվում ստամոքսաղիքային համակարգում: Դրանց բարձր կոնցենտրրացիան աղիքներում ստեղծում է բարձր օսմոտիկ ճնշում, և արդյունքում դժվարանում է աղիքներից ջրի ներծծումը: Աղիքները թեթևակի ձգվում են, ծավալը մեծանում է, աղիքների պատերի ընկալիչները գրգռվում են, գալարակծկանքն ուժեղանում է: Աղային լուծողականները դանդաղեցնում են ոչ միայն ջրի, այլև մյուս նյութերի ներծծումը աղիքներից, ուստի աղային լուծողականներ հաճախ նշանակում են թունավոր նյութերը ստամոքսաղիքային համակարգ ընկնելուց առաջացած թունավորումների դեպքում: Գերչակի յուղի լուծողական ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ 12-մատնյա աղիքում (տես Մարսողական համակարգ) այն քայքայվում է, առաջանում են աղիքների լորձաթաղանթների ընկալիչները գրգռող նյութեր, որի հետևանքով ուժեղանում է աղիքների գալարակծկանքը:

Լ.դ. կարելի է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ, քանի որ որոշ հիվանդությունների (օրինակ՝ որդանման ելունի բորբոքում) հետևանքով առաջացած փորկապության դեպքում այդ դեղանյութերի ինքնուրույն ընդունումը կարող է առաջացնել ծանր բարդություններ:

ԼՈՒՅՍ, կենսաբանական ազդեցությունը, ալիքային և մասնիկային (քվանտային) հատկություններով օժտված էլեկտրամագնիս. ճառագայթում, որն, ազդելով կենսբ. օբյեկտների վրա, առաջացնում է յուրահատուկ պատասխան հակազդեցություն: Հանրահայտ է Լ-ի ազդեցությունը կենդանիների և բույսերի աճման ու զարգացման վրա: Հետևելով սենյակային բույսերին՝ կարելի է նկատել աճման և ծաղկման բնույթի տարբերությունը՝ կախված լուսավորվածության աստիճանից: Արեգակի լույսի սպեկտրի տարբեր մասերն ընկալվում են և՛ որպես աշխարհի գունավոր պատկերում, և՛ որպես ջերմություն, և՛ մաշկի յուրատեսակ գունակավորում: Եթե Արեգակի էլեկտրամագնիս. ճառագայթման ամբողջ շարքը պատկերվի ուղիղ գծով, ապա միջին մասի փոքր հատվածը կկազմի լույսի տեսանելի մասը, որից ձախ գտնվում են