Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեռավորությունից, որպեսզի նա կենտրոնացնի հայացքը, աչքերի առջևով տանել, որպեսզի հետևի դրանց, փոքրիկին գրկած զնգացնել զանգակը, որպեսզի նա կողմնորոշվի՝ գլուխը շրջի ձայնի ուղղությամբ: 2-3-ից մինչև 7-8 ամսականում Խ. անհրաժեշտ են առարկայաճանաչողության, այնուհետև՝ առարկայապատկերային խաղերի համար, որոնց ընթացքում հարստանում է երեխայի փորձը, և ձևավորվում է նրա ճանաչող. ակտիվությունը: Օգտագործում են տարբեր նյութերից (գործվածք, փայտ, ռետին, կոշտ ու փափուկ պլաստմասսա), երեխաներին հաճելի և հեշտ մաքրվող Խ.: Խաղալով՝ նա սովորում է բռնել, պահել, ուսումնասիրել, վերցնել դրանք տարբեր դիրքերից, սողում է դեպի իրեն հետաքրքրող Խ., խաղում է դրանցով՝ նստած և կանգնած: Կարևոր են իրենց ձևի, գույնի, մեղեդային հնչեղության բազմազանությամբ ուշադրություն գրավող Խ., որոնք երեխան ընկալում է միաժամանակ բոլոր զգայարաններով: Սկզբում դրանք կախովի Խ. են, չխչխկանները, այնուհետև՝ գնդերը, տիկնիկները, մատրյոշկաները, բրգիկները, խորանարդիկները, գնդակները, շվիները, հոլերը ևն: Չի կարելի փոքրիկին միաժամանակ տալ 1-2-ից ավելի Խ.: Դրանք պետք է պարբերաբար փոխել, որքան հնարավոր է հաճախակի լվանալ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ախտահանել, որովհետև երեխան ձեռքն ընկածը բերանն է տանում: Պարտադիր պայման է Խ-ի ներկերի կայունությունը:

1-3 տարեկան (տես Մսուրային տարիք) երեխաների համար ընտրում են Խ-ի այնպիսի հավաքակազմ, որի միջոցով նրանք իմանան առարկաների նշանակությունը, ֆունկցիան, սովորեն դրանք օգտագործել որպես աշխատանքի գործիքներ: Բրգիկներով, շին. հավաքակազմով, տիկնիկներով զբաղվելը ընդլայնում է մեծության, ձևի, գույնի, տարածության մեջ առարկայի դիրքի մասին երեխաների պատկերացումները, իսկ անիվներով Խ., բահերը, թիերը բարձրացնում են շարժող. ակտիվությունը, բարելավում են շարժումների համաձայնեցումը: Երեխաները խաղերի ժամանակ սկսում են նմանակել մեծերի գործողությունները, իսկ Խ. պայմանանշաններ են, որոնք օգնում են զարգացնելու խաղերի թեմաները, նպաստում վերացական մտածողության ձևավորմանը: Ընդ որում՝ կարևոր են մեծերի գործունեության պիտույքները՝ գլխարկ, ջերմաչափ, բժշկի լսափող, խոհարարի գլխարկ ու գոգնոց, հեռախոս ևն: Խ. երեխաներին պետք է տալ օրվա ռեժիմին համապատասխան. առավոտյան՝ նոր, հետաքրքրություն և ընդհանուր գրգռվածություն առաջացնող, ցերեկը՝ կենտրոնացած խաղի համար Խ., երեկոյան՝ սեղանի հանգիստ խաղեր, մատրյոշկաներ, խորանարդիկներ:

3-7 տարեկաններին (տես Նախադպրոցական տարիք) օգտակար են հասակակիցների հետ հաս. կյանքի իրադարձություններն արտացոլող (խանութ, երկաթգիծ, ռոբոտ ևն) խաղերի համար նախատեսված Խ.: Խաղերն այդ ժամանակ երեխայի սոցիալ. գիտակցության ձևավորման, կոլեկտիվում միավորվելու, աշխարհի ճանաչման ու վերափոխման միջոց են և ստեղծում են ինքնուրույն գործունեության պայմաններ:

Նախադպրոցականների Խ. պետք է պահել խաղի համար հատուկ անկյունում: Թող փոքրիկն ինքն ընտրի իրեն անհրաժեշտ Խ. և խաղից հետո այն տեղը դնի: Տիկնիկների, «կենդանիների» համար պետք է հարմարեցնել «տիկնիկների տուն, գազանանոց»:

Դպրոցականներին (տես Դպրոցական տարիք) անհրաժեշտ են բարդ, կառավարելի Խ. և դրանց համակարգեր, որոնք թույլ են տալիս հմտորեն մրցել: Թեմատիկ և համապիտանի կոնստրուկտորները, քիմիայի, ֆիզիկայի փորձերի համար հավաքակազմերն աստիճանաբար զարգացնում են տեխ. ստեղծագործության տարրեր, հետաքրքրություն առաջացնում ապագա մասնագիտության նկատմամբ: Մեծ տեղ են գրավում երեխաներին շարժման մղող Խ. (սպորտային խաղերի Խ., կեգլիներ, գնդակներ, ցատկապարաններ): Տարիքի հետ Խ-ին փոխարինելու են գալիս մարզասարքերը (դահուկներ, հեծանիվ, չմուշկներ, փետրագնդակ ևն): Տիկնիկային թատրոնը երեխային սերտորեն մոտեցնում է բեմական արվեստին: Դպրոցականները հրապուրվում են նաև մտավոր (շաշկի, շախմատ, սեղանի խաղեր ևն) խաղերով: Դեռահասներն աստիճանաբար մասնակից են դառնում մեծերի հետ համատեղ գործողություններին, որը հաճախ նպաստում է նրանց ապագա մասնագիտության ընտրությանը:

Խ. պահանջում են խնամք, ռետինե, պլաստմասսայե Խ. պետք է լվանալ օճառով, տաք (50° C) ջրով, 2 %-անոց սոդայի լուծույթով, այնուհետև հոսող ջրով: Մետաղե Խ. պետք է լվանալ տաք (80° C) ջրով և չորացնել, փափուկ լցովի խաղալիքը տալ քիմ. մաքրման, տիկնիկների հագուստը լվանալ և արդուկել:

Ցանկացած տարիքում երեխաներին անհրաժեշտ են ոչ միայն պատրաստի, այլև ինքնաշեն Խ-ի պատրաստման նյութեր, ստեղծագործության բոլոր տեսակների համար գործիքներ, աղջիկների համար՝ կարի մեքենա, ասեղնագործության հավաքակազմ, տղաների համար՝ փականագործի և այլ գործիքների հավաքակազմեր, սղոցելու նյութեր: Ինքնաշեն Խ. սարքելու աշխատանքներում երեխաներին ներգրավում են վաղ հասակից: Սկզբում երեխան միայն հետևում է ծնողների աշխատանքին, այնուհետև աստիճանաբար դառնում է մասնակիցը, իսկ հետո պատրաստում է ինքնուրույն: Երեխաների սարքած Խ. իրենց համար ամենասիրելին են:

Խ. լինելով գեղազարդիչ կիրառ. արվեստի ստեղծագործություններ՝ նպաստում են մանկ. գեղարվեստ. ստեղծագործության զարգացմանը: Խ-ի ստեղծումը գեղարվեստ. արդյան բնագավառներից է, որն առաջացել է ժող. ավանդ. արհեստների հիման վրա:

ԽԱՎԱՐԱՍԵՐՆԵՐ, տարականներ, ջերմասեր, թաքնված կենսակերպ վարող միջատներ: Ամենակեր են, սնվում են հիմնականում բուս. և կենդ. մնացորդներով, մարդու արտաթորանքով (խորխ, կղանք): Սնման առանձնահատկությունների շնորհիվ կարող են փոխանցել (մեխ. ճանապարհով) աղիքային վարակի, տուբերկուլոզի հարուցիչներ, դիզենտերիային ամեոբայի ցիստեր, որոշ որդերի (սրատուտ, մազագլուխ ևն) ձվեր: Սննդամթերքը, գրքերը, բրդեղենը ևն աղտոտելով և ոչնչացնելով՝ հասցնում են տնտ. վնաս:

Խ-ի մարմինը հարթ է, երկարավուն ձվաձև (4-95 մմ), բերանը կրծող տիպի է, ունեն երկար, բազմահատված բեղիկներ: Զարգացած են միայն հասուն անհատների թևերը: Վերնաթևերը եղջերացած են, կաշեկերպ, ամուր: Թաղանթային թևերը երբեմն կարճացած են կամ բացակայում են: Ոտքերի կազմությունը հնարավորություն է տալիս արագորեն տեղաշարժվել (կեր որոնելիս, թաքնվելիս): Ձվադրում են հատուկ պատիճի մեջ, որն էգը կրում է փորիկի ծայրում՝ մինչև սաղմերի զարգացումը (շեկ Խ.), կամ