Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դա հնարավորություն է տալիս պտղի գլուխն ազատել ծննդաբեր. ուղիներից՝ առանց փափուկ հյուսվածքները վնասելու: Մարմնի երևալով՝ ավարտվում է Ծ-յան 2-րդ շրջանը, որն առաջնածին կանանց մոտ տևում է 1,5-2 ժ, կրկնածինների մոտ՝ 30 ր-ից մինչև 1 ժ:

Պորտալարը, որով նորածինը միացած է ընկերքին (տես Հղիություն), կտրում են և կապում: Ծնվելուց անմիջապես հետո երեխան սկսում է շնչել և ճչալ:

Երեխայի ծնվելուց հետո սկսվում է Ծ-յան 3-րդ՝ ընկերքային շրջանը: Այդ շրջանում, որը տևում է 30 ր, ընկերքն անջատվում է արգանդի պատերից և ծնվում: Ընկերքը կազմված է պլացենտայից (մանկան տեղ), պորտալարից և պտղաթաղանթներից: Երբ անջատված ընկերքն իջնում է հեշտոց, ծննդաբերը ցանկություն է ունենում ճիգեր գործադրելու և այն արտամղելու, որի հետևանքով ծնվում է ընկերքը: Վերջինիս անջատումն ուղեկցվում է չնչին (մինչև 250 մլ) արյունահոսությամբ: Բժիշկը մանրամասն դիտում է ծնված ընկերքը՝ պլացենտայի և պտղաթաղանթների ամբողջականությունը որոշելու համար, դա անհրաժեշտ է հետծննդյան արյունահոսության կանխման համար, որը կարող է սկսվել արգանդի խոռոչում ընկերքի մասնիկների առկայության հետևանքով: 3-րդ շրջանով ավարտվում է Ծ., և սկսվում հետծննդյան շրջանը:

Ծ-յան ավարտից հետո կինը 2 ժ պետք է գտնվի ծնարանում՝ բժշկի և մանկաբարձի խիստ հսկողության տակ, քանի որ հնարավոր է կյանքին վտանգ սպառնացող արյունահոսություն: Բարդությունների բացակայության դեպքում ծննդկանին տեղափոխում են հետծննդյան հիվանդասենյակ:

Նորածնին 1-ին օգնություն (կշռում, մարմնի չափումներ, պորտալարի մշակում ևն) են կազմակերպում ծնարանին կից հատուկ սենյակում:

ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՂԱԺԱՄ, տեղի է ունենում հղիության 28-38-րդ շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում: Տարբերում են ինքնաբեր և արհեստ. ճանապարհով առաջացրած վաղաժամ ծննդաբերություն:

Ինքնաբեր վաղաժամ ծննդաբերությունը կապված է հղի կնոջ տարբեր հիվանդությունների և ախտաբան. վիճակների (օրինակ՝ վարակիչ հիվանդություններ, հղիության տոքսիկոզներ, արգանդի թելքուռուցք և մկանուռուցք) հետ:

Որովայնի ստորին հատվածում և գոտկատեղում ցավային զգացողությունները, սեռ. ուղիներից արյունային արտադրությունը սպառնացող վաղաժամ ծննդաբերության ախտանշաններ են, որոնց ի հայտ գալիս անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Արհեստ. վաղաժամ ծննդաբերություն առաջացնում են մոր ծանր հիվանդությունների և պտղի արտահայտված ախտաբանության ժամանակ:

ԾՆՆԴԱՏՈՒՆ, բուժկանխարգելիչ հիմնարկ, որը մասնագիտ. հիվանդանոցային և ամբուլատոր օգնություն է ցուցաբերում հղիության, ծննդաբերության, հետծննդյան շրջաններում և գինեկոլոգ. հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև ապահովում նորածինների խնամքը և բժշկ. օգնությունը:

Ծ-յան կազմի մեջ են մտնում հիվանդանոցային բաժինը և կանանց կոնսուլտացիան: Աշխատանքը Ծ-անը կազմակերպվում է ըստ տարածքային սկզբունքի և մյուս բուժկանխարգելիչ հիմնարկների՝ հատկապես մանկական պոլիկլինիկայի հետ սերտ կապի մեջ: Բացի այդ, Ծ. իրականացնում է սանլուս. աշխատանքներ ազգաբնակչության շրջանում, հղի կանանց և մայրերին ցուցաբերում սոցիալ-իրավական օգնություն: Ստացիոնար կամ կանանց կոնսուլտացիա դիմողների մանկաբարձագինեկոլոգ. 1-ին և անհետաձգելի օգնությունն իրականացվում է անկախ բնակավայրից: Տես նաև Մայրության և մանկության պահպանություն, Ծննդօգնություն:

ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅՈՒՆ, բուժկանխարգելիչ միջոցառումների կազմակերպում, որի նպատակը կնոջ առողջության պահպանումն է հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջաններում: Ծ. մայրության և մանկության պահպանության համակարգի կարևորագույն բաժիններից է: ՀՀ-ում Ծ. իրականացվում է ծննդատների, կանանց կոնսուլտացիաների, բուժակամանկաբարձ. կետերի, հիվանդանոցների մանկաբարձագինեկոլոգ. բաժանմունքների լայն ցանցով, ինչպես նաև հղի կանանց համար նախատեսված հատուկ առողջարաններում ու հանգստյան տներում: Ծ-յան կազմակերպչ. և գիտամեթոդ. միասնական հիմունքները, Ծ-յան հիմնարկների աշխատանքային պրակտիկայում ախտորոշման, բուժման ու կանխարգելման նորագույն մեթոդների ներդրումը, բժշկ. կադրերի կատարելագործումը նպաստում են մանկաբարձագինեկոլոգ. օգնության որակի անընդհատ բարձրացմանը:

Ծ-յան որակի բարելավման համար ծննդատները միացվել են կանանց կոնսուլտացիաներին, և դրանց աշխատանքի հիմքում ընկած է տեղամասային սկզբունքը (տես Բժշկական տեղամաս): Դա ապահովում է գինեկոլոգ. հիվանդությունների սկզբն. ձևերի և հղիության բարդությունների վաղ հայտնաբերման հնարավորությունը, հղի կանանց մշտ. հսկողությունը և բուժումը, ծննդաբերների ժամանակին հոսպիտալացումը, հղիության, հետծննդյան հիգիենայի, երեխայի խնամքի վերաբերյալ սանլուս. աշխատանքները:

Ծ-յան հիմնարկներն իրականացնում են կանանց սոցիալ-իրավական օգնությունը՝ մայրերի իրավական պաշտպանվածության կարգով, ինչպես նաև ժառանգ. հիվանդությունների կանխարգելման ու