Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարմնի ջերմաստիճանը պայմանավորում է կենսաքիմ. ռեակցիաների արագությունը, ուստի ցերեկը նյութափոխանակությունն ավելի ուժգին է տեղի ունենում, որն էլ հնարավորություն է ընձեռում մարդուն ակտիվ գործունեություն ծավալել ցերեկը: Պարզվել է, որ մարմնի ջերմաստիճանի օրական ռիթմի հետ սերտ կապված են քունը և արթնությունը: Քնելու համար յուրօրինակ ներքին ազդանշան է մարմնի ջերմաստիճանի նվազումը: Օրվա ընթացքում այն փոխվում է մինչև 1,3°-ով: Մարդկանց մեծամասնությունը հակված է քնելու մարմնի ջերմաստիճանն իջնելիս և արթնանալ՝ բարձրանալիս: Մի քանի օրվա ընթացքում, յուրաքանչյուր 2-3 ժ մեկ չափելով մարմնի ջերմաստիճանը, կարելի է բավական ճշգրիտ որոշել քնելու առավել հարմար պահը, իսկ ըստ ջերմաստիճանի գագաթնակետերի՝ առավելագույն աշխատունակության ժամանակը:

Ջերմաստիճանային Կ.ռ. կրկնում են օրգանիզմի շատ համակարգեր, ցերեկը բարձրանում են սրտի կծկումների հաճախությունը, զարկերակային ճնշումը, հաճախանում է շնչառությունը: Բնությունը կատարելագործել և ղեկավարում է Կ.ռ.: Ամեն օր, արթնանալու պահին, կարծես թե կանխատեսելով օրգանիզմի աճող պահանջները, արյան մեջ բարձրանում է ադրենալինի պարունակությունը, որը մեծացնում է սրտի կծկումների հաճախությունը, բարձրացնում զարկերակային ճնշումը, ակտիվացնում ամբողջ օրգանիզմի գործունեությունը, իսկ արյան մեջ կուտակվում են կենսբ. խթանիչներ: Երեկոյան այդ նյութերի կոնցենտրացիայի նվազումն ապահովում է հանգիստ քունը: Իզուր չէ, որ հուզումներն ու անհանգստությունը միշտ ուղեկցվում են անքնությամբ: Այդ վիճակներում արյան մեջ բարձրանում է ադրենալինի և կենսաբանորեն ակտիվ այլ նյութերի կոնցենտրացիան, օրգանիզմը երկար ժամանակ գտնվում է «մարտական պատրաստության» վիճակում: Ենթարկվելով Կ.ռ-ին՝ յուրաքանչյուր ֆիզիոլոգ. ցուցանիշ օրվա ընթացքում կարող է զգալի չափով փոխել իր մակարդակը: Ուստի, հիվանդությունն ախտորոշելիս, բժիշկը պետք է պարտադիր հաշվի առնի, թե օրվա որ ժամին են կատարվել ստուգումները և հետո միայն բուժում նշանակի:

Կ.ռ-ի վրա խիստ վնասակար ազդեցություն է ունենում ալկոհոլը, որը մեծ քանակով միանվագ ընդունելիս 3 օր հետո են միայն վերականգնվում հակազդեցության արագության, ֆիզ. աշխատունակության բնականոն օրական ռիթմերը:

Կ.ռ. մարդու կյանքի ռացիոնալ կարգորոշման հիմքն են, քանի որ բարձր աշխատունակություն և լավ ինքնազգացողություն լինում է, եթե կյանքի ռիթմը համապատասխանում է օրգանիզմի սովոր. ֆիզիոլոգ. ֆունկցիաների ռիթմին: Ուստի անհրաժեշտ է խելացի կազմակերպել աշխատանքի և հանգստի ռեժիմը, հնարավորության դեպքում պահպանել օրվա կայուն ռեժիմ, քնել և արթնանալ մոտավորապես նույն ժամերին: Ռիթմիկ և անհատ. գրաֆիկին համապատասխան պետք է լինի նաև սննդի ընդունումը: Սննդի կանոնավոր ռեժիմից շեղվելը հանգեցնում է մարմնի քաշի ավելացման, որը, խախտելով օրգանիզմի կենսական ռիթմերը, առաջացնում է նյութափոխանակության փոփոխություն: Օրինակ՝ եթե 2000 կկալ ընդհանուր կալորիականությամբ սնունդն ընդունում են միայն առավոտյան, ապա մարմնի քաշը նվազում է, իսկ նույնը երեկոյան ընդունելիս՝ ավելանում է: Մարմնի քաշը 20-25 տարեկանի մակարդակում պահպանելու համար սնունդը պետք է ընդունել օրական 3-4 անգամ՝ էներգիայի անհատ. օրական ծախսերին ճիշտ համապատասխան և այն ժամերին, երբ քաղց են զգում: Օրվա կանոնավոր ռեժիմը պահպանելիս կարելի է արթուն շրջանում հաղթահարել քնի կամ նիրհելու ազդակները, քանի որ քնի կամ նիրհելու ամենակարճ պահերը կարող են խանգարել գիշերային քունը: Բայց կան մարդիկ, որոնց համար ցերեկային կամ երեկոյան հանգիստն անհրաժեշտ է, և դա չի ազդում գիշերային քնի վրա: Այդ դեպքում պետք է պահպանել օրվա անհատ. ռեժիմը:

Ցիրկադային Կ.ռ. փոխում են նաև մարդու աշխատունակությունը, որն ունի 2 վերելք. ժ 10-12-ը և 16-18-ը: Գիշերն աշխատունակությունը նվազում է, հատկապես՝ ժ 1-3-ը:

Սակայն նշված ընդհանուր օրինաչափությունները երբեմն թաքցնում են Կ.ռ-ի անհատ. առանձնահատկությունների բազմազանությունը: Ոչ բոլորին են բնորոշ աշխատունակության միատեսակ տատանումները: Մարդկանց մի մասը, այսպես կոչված, «արտույտները», եռանդով աշխատում են օրվա 1-ին կեսին, մյուսները՝ «բվերը», երեկոյան: «Արտույտներին» պատկանող մարդիկ երեկոյան դառնում են քնկոտ, շուտ են պառկում քնելու, բայց վաղ առավոտյան արթնանալով՝ իրենց զգում են առույգ և աշխատունակ: Իսկ «բվերը» քնում են ուշ, առավոտյան դժվար են արթնանում և առույգանում են օրվա 2-րդ կեսին, մի մասը ուշ երեկոյան կամ նույնիսկ գիշերը: Ուստի մասնագիտ. գործունեություն կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր մարդու Կ.ռ-ի անհատ. հատկությունները, այսինքն՝ աշխատանքային ռեժիմը պետք է համաձայնեցնել ռիթմերի անհատ. առանձնահատկությունների հետ այնպես, որպեսզի աշխատանքային ինտենսիվ բեռնվածությունը համապատասխանի աշխատունակության բնականոն վերելքներին: Հետևաբար, յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր աշխատունակության անհատ. ռիթմը: Դրա համար պետք է բավական երկար ժամանակահատվածում ուսումնասիրել սեփական աշխատունակության, մարմնի ջերմաստիճանի, գիշերային քնի բնույթի օրական տատանումները: Որոշելով աշխատունակության առավելագույն վերելքի շրջանները՝ կարելի է դրանք տրամադրել առավել բարդ և պատասխանատու աշխատանքներ կատարելու, իսկ անկման շրջաններն օգտագործել ավելի պակաս կարևոր աշխատանքի համար (այդ ընթացքում հաճախակի հանգստանալով): Մարդու օրգանիզմը համեմատաբար արագ է հարմարվում արտասովոր ռեժիմներին: Օրինակ՝ գիշերային հերթափոխում աշխատելիս բարձր աշխատունակության պահպանման համար պարտադիր է տաք սնունդը, որը ոչ միայն փոխհատուցում է օրգանիզմի էներգիական ծախսերը, այլև Կ.ռ. համապատասխանեցնում է աշխատանքի բնույթին: Գիշերային հերթափոխում երկար ժամանակ աշխատելն ավելի հեշտ է օրգանիզմի համար, քան հաճախակի հերթափոխելը, որի դեպքում մարդը չի հասցնում հարմարվել աշխատանքի և հանգստի ռեժիմի փոփոխությանը: Բոլոր տեսակի հերթափոխային աշխատանքների ժամանակ յուրաքանչյուրը պետք է իր համար մշակի անհատ. ռիթմ՝ աշխատանքի տեմպը մեծացնել բարձր աշխատունակության շրջանում և թեթևակի հանգստանալ՝ հոգնածություն զգալիս: Այլապես կարող են առաջանալ Կ.ռ-ի խանգարումներ, այսպես կոչված, ապահամաժամացում (դեսինքրոնոզ), որը յուրօրինակ ախտաբան. վիճակ է: Գիշերային հերթափոխում աշխատողներին խորհուրդ է տրվում ճիշտ կազմակերպել ցերեկային հանգիստը, լռությունը, կողմնակի գրգռիչների բացակայությունը, մթնեցումը հնարավորություն են տալին ավելի արագ վերականգնել ուժերը և հարմարվել կյանքի սովոր. ռիթմի ժամանակավոր փոփոխությանը:

Ապահամաժամացման երևույթներ դիտվում են նաև տիեզերագնացների