Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և նյարդահոգեբաններն օգնում են լուծելու ներընտանեկան ընդհարումները: ՀՀ խոշոր քաղաքներում կան ընտանեկան հարցերի հատուկ խորհրդատվություններ (տես Բժշկագենետիկական խորհրդատվություն), որտեղ կարելի է դիմել ընտանեկան փոխհարաբերությունների, երեխաների դաստիարակության և այլ հարցերով: Այդտեղ ընդունելություն են կատարում նյարդահոգեբանը, մանկաբույժ հոգեբանը և սեռաբանը, որոնք քննարկում են ընտանեկան հարցեր ու տալիս որակյալ խորհուրդներ:

Ընտանիքում առավել ծանր ընդհարումներ են առաջանում ալկոհոլամոլության և թմրամոլության հետևանքով, որոնք հատկապես կործանարար են երեխաների համար:

Առողջ ընտանիքի համար ճգնաժամային շրջանները վտանգավոր չեն. դրանց հաջող հաղթահարումը նպաստում է փոխադարձ վստահության, կյանքի ուսանելի փորձ ձեռք բերելուն: Շրջապատի, սեփական ընտանիքի անդամների նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը առողջ ընտանիքի գոյության կարևոր նախապայմաններից ի:

ԱՅՏՈՒՑՆԵՐ, հեղուկի ավելցուկային կուտակում օրգանիզմի հյուսվածքներում և խոռոչներում: Առավել հաճախ նկատվում է մաշկում, ենթամաշկային ճարպաբջջանքում, կրծքամզային, որովայնային խոռոչներում, սրտապարկում, ամորձապարկում և այլուր: Այտուցային հեղուկը կազմված է ջրից և նատրիումի ու կալիումի աղերի, սպիտակուցների և արյան սպիտակ մարմնիկների որոշ քանակությունից: Վերջիններս ավելանում են բորբոքային բնույթի այտուցի դեպքում:

Մազանոթների միջոցով հյուսվածքային հեղուկի և արյան հեղուկ մասի միջև տեղի է ունենում մշտ. փոխանակություն: Արյունատար անոթների պատերի միջով հեղուկը շրջակա հյուսվածքներ է դուրս գալիս անընդհատ: Եթե անոթներից դեպի շրջակա հյուսվածքներ արտադրվում է մեծ քանակությամբ հեղուկ, իսկ հետներծծումը դժվարացած է կամ բոլորովին դադարել է, ապա առաջանում են Ա.: Դրան նպաստում են անոթային հունում և շրջակա հյուսվածքներում նատրիումի, կալիումի, ինչպես նաև սպիտակուցների պարունակության փոփոխությունները: Այդպիսի նախադրյալներ առաջանում են անոթների ծավալուն վնասվածքների, ճնշման, երակների հանգուցավոր լայնացման, թրոմբոֆլեբիտի ժամանակ, ինչպես նաև սրտային անբավարարության (տես Սիրտանոթային համակարգ), երիկամների հիվանդությունների (տես Երիկամաբորբ) դեպքում՝ արյան հոսքի դանդաղման հետևանքով:

Ըստ տարածվածության՝ Ա. լինում են ընդհանուր (ջրգողություն, մաշկի և ենթամաշկային բջջանքի տարածված այտուց՝ անասարկա) և տեղային: Ընդհանուր Ա. բնորոշվում են մեծ չափերով, տարածվածությամբ, վերջույթների և իրանի վրա առաջանալիս՝ նաև համաչափությամբ: Դրանք նկատվում են սրտի անբավարարության, երիկամների որոշ հիվանդությունների (տես Միզարտադրության համակարգ), լյարդի ցիռոզի դեպքերում: Ջրգողության, ինչպես նաև որովայնի խոռոչում արյան շրջանառության խանգարման դրսևորում է այնտեղ հեղուկի կուտակումը՝ ասցիտը: Տեղային Ա. հաճախ առաջանում են երակների ճնշման կամ բորբոքման հետևանքով: Ա-ին բնորոշ են օրգանի, մարմնի որևէ մասի, վերջույթի ծավալի մեծացումը և ձևափոխությունը: Մաշկի այտուցի դեպքում նվազում է նրա առաձգականությունը, հաճախ այն դառնում է գունատ և շոշափելիս՝ սառն է (բացառությամբ բորբոքային, երբեմն՝ ալերգ. Ա-ի): Մարմնի որևէ մասում ցանկացած մեծության Ա-ի առաջացման դեպքում պետք է դիմել բժշկի: Ծավալուն Ա-ի երկարատև գոյությունն անբարենպաստ պայմաններ է ստեղծում հյուսվածքների սնուցման համար, նպաստում վարակի ավելի հեշտորեն թափանցմանն ու խորացմանը, որը կարող է հանգեցնել խոցերի առաջացման: Այդ պայմաններում չափազանց կարևոր է մաշկի լավ խնամքը և պաշտպանումը հնարավոր վնասվածքներից: Խորհուրդ է տրվում հաճախակի փոխել սպիտակեղենը, մաշկը սրբել կալիումի գերմանգանատի թույլ լուծույթով, խուսափել կոշտ սպիտակեղենից: Քերծվածքների և ճաքերի առաջացման դեպքում մաշկը սրբել ադամանդականաչի 1%-անոց լուծույթով: Ա. ունեցող անձինք բժշկին դիմելուց հետո պետք է հետևեն դրանց մեծությանը, տարածվածությանը, հաշվեն օրվա ընթացքում օգտագործվող և արտազատվող հեղուկի քանակը, սահմանափակեն կերակրի աղի օգտագործումը:

Բժշկության զարգացման արդի մակարդակը հնարավորություն է տալիս արդյունավետ բուժել Ա-ով ուղեկցվող հիվանդություններն ու վիճակները: Կան լավ ազդող միզամուղ դեղանյութեր և ջրաաղային փոխանակության խանգարումները վերացնող պատրաստուկներ: Խորհուրդ է տրվում երբեմն սննդի մեջ օգտագործել կալիումով հարուստ սնունդ (կաթնամթերք, ծիրան, ծիրանի չիր ևն):

Սրտի, լյարդի, երիկամների հիվանդություն ունեցողները պետք է ժամանակին դիմեն բժշկի, որը հնարավորություն կտա զգալիորեն կանխել Ա-ի առաջացումը:

ԱՅՐԱՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ, վիրիլիզմ, այրական երկրորդային սեռ. հատկանիշների (դեմքի և մարմնի մազակալում, ձայնի կոպտացում, կմախքային մկանների ուժեղ զարգացում ևն) առաջացումը կանանց մոտ: Ա-յան պատճառն արական սեռ. հորմոնների՝ անդրոգենների ավելցուկային արտազատումն է: Վերջիններս բնականոն պայմաններում կանանց օրգանիզմում արտադրվում են փոքր քանակությամբ: Ա-յան դեպքում փոքրանում են կանանց սեռական օրգանները, կաթնագեղձերը, խանգարվում է դաշտանային ցիկլը: Բուժումը նշանակում է բժիշկը: Որոշ դեպքերում կատարվում է վիրահատություն:

Տես նաև Ներզատիչ համակարգ:

ԱՅՐՈՑ, այրուցք, կերակրափողի երկարությամբ այրման զգացում, որն ավելի է արտահայտվում ստորին հատվածում: Առաջանում է ստամոքսի թթու պարունակությունը կերակրափող ընկնելիս: Նշանակություն ունեն նաև վերջինիս լորձաթաղանթի բարձր զգայնությունը, ստամոքսի ֆունկցիայի խանգարումը և այլ գործոններ: Առավել հաճախ Ա. նկատվում է ստամոքսահյութի բարձր թթվայնության, երբեմն այդ հյութում աղաթթվի պարունակության նվազման կամ նույնիսկ բացակայության դեպքում: Ա. ուղեկցում է ստամոքսի տարբեր հիվանդությունների (խոցային հիվանդություն, ստամոքսաբորբ), նկատվում է նաև լեղապարկի բորբոքման, ստոծանու ճողվածքի և այլ դեպքերում: Բուժումը պետք է ուղղված լինի հիմն. հիվանդության վերացմանը: Անհրաժեշտ է հիշել, որ հիմնային միջոցների երկարատև, անկանոն օգտագործումը կարող է վնասակար լինել: Ուստի հարկավոր է դրանք ընդունել բժշկի խորհրդով: Սննդի օրաբաժնից պետք է հանել կծու և տապակած ուտելիքները:

ԱՅՐՎԱԾՔՆԵՐ, օրգանիզմի հյուսվածքների վնասվածքներ, որոնք առաջանում են բարձր ջերմաստիճանի, քիմ. նյութերի, էլեկտր. հոսանքի կամ իոնացնող ճառագայթների տեղային ազդեցություններից: Եթե այրվել է մարմնի մակերևույթի 10-15%-ից ավելին, ապա օրգանիզմում դրա հետևանքով առաջացած փոփոխություններն անվանում են այրվածքային հիվանդություն: 1-ին ժամերին այրվածքային