Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ողողի բերանը: Ծանր հիվանդների ատամները մաքրում են նատրիումի հիդրոկարբոնատի 5 %-անոց կամ նատրիումի քառաբորատի 5 %-անոց և կամ կալիումի գերմանգանատի թույլ լուծույթով թրջած բամբակով: Բերանի խոռոչը լվանում են ռետինե անոթի կամ խմուցիչի օգնությամբ՝ կերակրի սոդայի, բորակի, կալիումի գերմանգանատի թույլ լուծույթներով: Դրա համար հիվանդին թեքում են քիչ առաջ, որպեսզի հեղուկը հեշտությամբ հոսի և շնչուղիներ չընկնի:

Ականջները կանոնավոր լվանում են տաք ջրով և օճառով: Լսող. անցուղուց ծծումբը զգուշորեն հեռացնում են բամբակապատ ծայրով ձողիկներով՝ նախապես արտաքին լսող. անցուղու մեջ մի քանի կաթիլ 3 %-անոց ջրածնի գերօքսիդ կաթեցնելով: Նման դեպքում գլուխը թեքում են հակառակ կողմը, իսկ ականջախեցին թեթևակի ձգում հետ և վեր: Չի կարելի ծծումբը հեռացնել լուցկու հատիկով, վարսակալով և նման առարկաներով, քանի որ այդ դեպքում կարող է արտաքին լսող. անցուղին վնասվել և թմբկաթաղանթը պատահաբար ծակվել, որը կարող է արտաքին ականջաբորբի պատճառ դառնալ: Չի կարելի նաև ինքնուրույն մաքրել ականջի ծծմբախցանը:

Աչքից արտադրության ժամանակ, որից կոպերը և թարթիչները կպչում են (հաճախ հանդիպում է երեխաների մոտ), առավոտյան հարդարանքի ժամանակ աչքը զգուշորեն լվանում են տաք ջրով թրջած բամբակով: Քթի արտադրությունը և կեղևիկները հեռացնում են՝ դրանք նախապես փափկացնելով, որի համար քթի մեջ կաթեցնում են վազելինի յուղ կամ գլիցերին, զգուշորեն մաքրում բամբակի պատրույգով: Անկողնային ռեժիմով հիվանդների տակ պետքանոթ են դնում: Օգտագործելուց առաջ մաքուր լվացած և վարակազերծած պետքանոթի մեջ լցնում են մի քիչ ջուր: Պետքանոթը դնում են հետույքի տակ, ազատ ձեռքը դնում սրբանի տակ և հիվանդին թեթևակի բարձրացնում այնպես, որ շեքը լինի պետքանոթի բացվածքի վրա: Արտաթորանքը հարկավոր է անմիջապես թափել, այնուհետև պետքանոթը լվանալ տաք ջրով և վարակազերծել լիզոլի կամ քլորամինի 3 %-անոց լուծույթով: Կղումից հետո կատարում են շեքի և հետանցքի շուրջ գտնվող մաշկածալքերի հարդարանք՝ վերը նկարագրած ձևով:

Մեզընդունիչը տալիս են լավ լվանալուց հետո և տաք վիճակում: Յուրաքանչյուր միզարձակումից հետո մեզը թափում են, մեզընդունիչը լվանում կալիումի գերմանգանատի կամ սոդայի լուծույթով: Միզարձակման ժամանակ կանայք օգտվում են պետքանոթից:

Հիվանդների ճիշտ ընտրված սնունդը կարևոր տարր է բուժման և խնամքի մեջ, քանի որ սննդի բնույթը և սնման ռեժիմը կարող են բարենպաստ ազդել հիվանդության ընթացքի վրա և արագացնել առողջացումը: Սնման հիմն. սկզբունքը հաշվեկշռված սնունդն է (սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, հանքային աղերի, վիտամինների ճիշտ հարաբերակցությունը) և ռացիոնալ ռեժիմը: Ավելի լավ է սնվել օրը 4 անգամ, նախաճաշը պետք է կազմի օրաբաժնի 25 %-ը, երկրորդ նախաճաշը՝ 15 %-ը, ճաշը՝ 35 %-ը և ընթրիքը՝ 25 %-ը: Սնունդն ընդունում են 3-4 ժ ընդմիջումներով՝ միևնույն ժամերին: Հնարավորության դեպքում ճաշացուցակը պետք է բազմատեսակ դարձնել, և սեղանը՝ լավ սպասքավորել: Հիվանդների ավելցուկային սննդի օգտակարության մասին կարծիքները մեծ մասամբ սխալ են: Նպատակահարմար չէ նաև ծանր հիվանդներին ճարպ պարունակող նրբախորտիկներով կերակրելը: Շատ հիվանդությունների ժամանակ բժիշկը նշանակում է հատուկ սննդակարգ կամ հանձնարարում սնման անհատ. ռեժիմ, սննդի մշակման եղանակներ՝ սննդի օրաբաժնում որոշակի սննդանյութերի ընդգրկմամբ: Այդ խորհուրդներին պետք է ճշգրտորեն հետևել: Ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն կատարել սննդի սահմանափակումներ: Հատկապես վտանգավոր են ինքնակամ բեռնաթափման և առավել ևս՝ քաղցի օրերը (տես Բուժական սնունդ):

Ուժեղ սնունդը բժիշկը հաճախ հանձնարարում է առանձին տենդային ծանր հիվանդություններին ուղեկցող հյուծվածության, հյուծող վարակիչ և մակաբուծ հիվանդությունների ժամանակ: Ուժեղ սնունդ երբեմն նշանակում են առողջարանային պայմաններում՝ նյութափոխանակության խանգարումներով տառապող երեխաներին և ծանր հիվանդներին: Խնայող. սննդակարգը նշանակում են 1-ին հերթին մարսող. համակարգի, երիկամների, սրտի և արյան անոթների հիվանդությունների, ճարպակալման, շաքարախտի ժամանակ՝ բացառելով քիմ. (համեմունքներ), մեխ. (առատ և կոպիտ սնունդ), ջերմային (շատ տաք կամ սառը սնունդ) գրգռիչները: Մի շարք հիվանդությունների (հատկապես՝ ստամոքսի) ժամանակ խորհուրդ է տրվում կոտորակային սնումը (ավելի հաճախ և փոքր բաժիններով): Սակայն յուրաքանչյուր հիվանդության համար բուժող բժիշկը հաստատում է անհատ. սննդակարգ, որը խնամող անձը պետք է լավ իմանա: