խանգարված չեն: Ընդհանրապես առողջ «պարարտ» մարդու Ճ-ման և 1-ին աստիճանի Ճ-ման միջև խիստ սահման անցկացնելը շատ դեպքերում դժվար է:
Նյութափոխանակության խանգարումները և ոսկրերի ու հոդերի վրա տարիքային ծանրաբեռնվածությունը հանգեցնում են հենաշարժ. ապարատի փոփոխությունների, որոնք ուղեկցվում են ցավերով, մարմնի ստորին կեսի հոդերի շարժունության սահմանափակմամբ:
Խիստ արտահայտված Ճ-ման դեպքում անխուսափելի են շնչառության (տես Շնչառական համակարգ) հարաճուն խանգարումները, որոնք հանգեցնում են թոքային և սրտային անբավարարության, հիվանդները քիչ շարժուն են, կապտած, այտուցված, քնկոտ, աստիճանաբար դառնում են հաշմանդամներ (այսպես կոչված՝ Պիկվիկի ախտանշան):
Ճ. նպաստում է շաքարախտի, լեղաքարային հիվանդության, աթերոսկլերոզի, գերճնշման (տես Հիպերտոնիկ հիվանդություն), սրտամկանի ինֆարկտի և այլ հիվանդությունների առաջացմանը: Հիվանդները վիրաբուժ. միջամտությունները ծանր են տանում:
Ապացուցված է, որ ճարպակալված հիվանդների կյանքի տևողությունը ցածր է միջինից:
Բուժման հիմն. մեթոդը սննդակարգի խիստ և կանոնավոր պահպանումն է: Այն խիստ անհատական է, հաշվի են առնվում Ճ-ման ձևն ու փուլը, հատկապես մասնագիտ. առանձնահատկությունները, հիվանդի մարմնակազմվածքը և այլ գործոններ: Բազմաթիվ, այսպես կոչված, նիհարելու սննդակարգեր, որոնք լայն տարածում են գտել բնակչության շրջանում և արագ փոխարինվում են մեկը մյուսով, սովորաբար գիտականորեն հիմնավորված չեն: Դրանք եթե նույնիսկ նիհարեցնում են, ապա, որպես կանոն, շատ թանկ են «նստում» հիվանդների վրա, առաջանում են նյութափոխանակության վտանգավոր խանգարումներ: Հաճախ նիհարելու նպատակով հիվանդները փոխում են սննդի ռեժիմը՝ ուտում են օրը 12 անգամ: Սակայն, հատուկ հետազոտությունները ցույց են տվել, որ կոտորակային սնման դեպքում (օրը՝ 7 անգամ) քաշի կորուստը լինում է 2 անգամ ավելի, քան սննդի նույն օրաբաժինը 2 անգամ ընդունելիս: Խնձորի, մածունի և այլ բեռնաթափման օրերը կարելի է կիրառել միայն բժշկի նշանակմամբ՝ հետագա օրերին անպայման պահպանելով սննդի կալորիականությունը: Հատկապես կյանքի համար վտանգավոր է քաղցաբուժությամբ նիհարելը: Սննդակարգի ամենօրյա պահպանումը մի քանի ամիսների և տարիների ընթացքում քաշի աստիճանաբար ու անվնաս կորստի և Ճ-ից ազատվելու ամենանպատակահարմար ուղին է: Խորհուրդ է տրվում սահմանափակել հեշտ յուրացվող սպիտակուցներով հարուստ և թաղանթանյութից աղքատ բարձրկալորիական սնունդը (շաքար և այլ քաղցրեղեն, խմորեղեն, հրուշակեղեն, կարտոֆիլ) և ճարպերը (կարագ, խոզապուխտ ևն): Այդ նույն ժամանակ սննդի օրաբաժինը պետք է ընդգրկի ածխաջրերի և վիտամինների ֆիզիոլոգ. նորման, իսկ դա լրացվում է ոչ յուղալի մսի, անճարպ ձկնատեսակների, ճարպազրկված կաթնաշոռի, թարմ բանջարեղենի և մրգերի օգտագործմամբ: Ճ-ման ժամանակ սննդակարգը հարկավոր է զուգակցել արդյունավետ շարժող. ռեժիմով, որն ուղղված է օրգանիզմի էներգիական ծախսերի նշանակալի բարձրացմանը, սիրտանոթային, շնչառ. և այլ համակարգերի ամրապնդմանը:
Օգտակար են առավոտյան մարմնամարզությունը, հետիոտն, դահուկներով, հեծանվով զբոսանքները, լողը, մարզ. խաղերը: Վարժությունների տեսակների, պարապմունքների հաճախությունը, այս կամ այն խմբի մկանների վրա բեռնվածության ընտրությունը կատարում է բժիշկը՝ հաշվի առնելով հիվանդի վիճակը, ուղեկցող հիվանդությունները ևն, անհրաժեշտության դեպքերում բժիշկը նշանակում է բուժ. ֆիզկուլտուրայի հատուկ համալիրներ, մերսում, ջրային բուժարարողություններ, խորհուրդ է տրվում առողջարանային բուժում: Ճ-ման դեղաբուժությունը (օրինակ՝ ախորժակը վատացնող պատրաստուկներով) կատարվում է խիստ ցուցումներով և միայն բժշկի նշանակմամբ:
Ցանկացած միջոցով ինքնաբուժումը վտանգավոր է առողջության համար և անթույլատրելի:
Կանխարգելումը. չափավոր սնվելը, ավելցուկային քաշի հանգեցնող նյութափոխանակության խանգարումների ժամանակին բուժում: Սնունդը պետք է համապատասխանի էներգիական ծախսերին, մարդու մասնագիտությանն ու ապրելակերպին (տես Սնուցում, Խմելու ռեժիմ):
Առավոտյան լիցքային վարժությունները, զբոսանքները, ֆիզկուլտուրայով կանոնավոր զբաղվելը (տես Ֆիզիկական կուլտուրա) պետք է մտնեն յուրաքանչյուր մարդու օրվա կարգ ու կանոնի մեջ:
Հանգիստը պետք է լինի ակտիվ: Անհրաժեշտ է ամբողջ կյանքի ընթացքում ձգտել քաշի կայուն պահպանմանը: Ճ-ման հակում ունեցող մարդիկ վերահսկման նպատակով պետք է ամեն օր կշռվեն:
Ճ-ման 1-ին ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է սնունդը սահմանափակել, ֆիզ. բեռնվածությունը մեծացնել՝ մինչև տվյալ տարիքի համար բնականոն քաշին հասնելը (տես Մարդու քաշը): Կարևոր է Ճ-ման վաղ հայտնաբերումը: Դրա համար անհրաժեշտ է երեխայի քաշի մշտ. հսկողություն և թույլատրելի նորմերի հետ դրա համադրում: Ամենից առաջ դա կարող են և պետք է անեն ծնողները: Եթե հայտնաբերվում է տվյալ տարիքի համար թույլատրելի քաշից նույնիսկ չնչին (5-10 %) գերազանցում, պետք է խորհրդակցել բժշկի հետ: Ճ. ծանր հիվանդությունների սկզբում կարող է լինել միակ ախտանշանը: Ուստի, երեխայի մոտ աճի, սեռ. կամ հոգեկան զարգացման կասեցում, կմախքի և ներքին օրգանների ձևավորման արատներ, տեսողության վատացում, զարկերակային ճնշման բարձրացում, գլխացավեր նկատելիս հարկավոր է անմիջապես դիմել բժշկի:
ՃԱՐՊԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ, սեբոռեա, մաշկային հիվանդություն՝ պայմանավորված ճարպագեղձերի ֆունկցիայի խանգարումներով. սովորաբար սկսվում է սեռ. հասունացման (12-18 տարեկան) շրջանում:
Տարբերում են հեղուկ և թանձր Ճ.: Հեղուկ Ճ-յան ժամանակ ավելանում է գեղձերի արտադրած ճարպի քանակը, աննշան փոխվում է դրա բաղադրությունը: Թանձր Ճ-յանը բնորոշ են մաշկի ճարպի կազմության փոփոխությունները, վարակազերծող հատկություններով օժտված ազատ ճարպաթթուների քանակի նվազումը: Բացի այդ, ճարպին են խառնվում բազմաթիվ եղջերացած բջիջներ, որոնք ճարպը դարձնում են թանձր ու մածուցիկ:
Ճ. ի հայտ է գալիս դեմքի, գլխի մազածածկ հատվածի, կրծքի, մեջքի մաշկի վրա, որտեղ մեծ քանակությամբ ճարպագեղձեր կան: Հեղուկ Ճ-յան ժամանակ մաշկը դառնում է ճարպոտ, փայլուն, ճարպագեղձի ծորանի բացվածքը լայնանում է, երբեմն՝ շատ խորը: Մաշկը սեղմելիս ճարպագեղձերի արտատար ծորաններից արտադրվում են ճարպային արտազատուկի սպիտակ, բարակ թելքեր: Մազերն արագ ծածկվում են մաշկի ճարպի շերտով, դառնում փայլուն՝ կարծես սոսնձված լինեն: 20 տարեկանում մազերն սկսում են թափվել, իսկ 25-28 տարեկանում տղամարդիկ ճաղատանում են (տես Ճաղատություն): Հեղուկ Ճ-յան ժամանակ երբեմն ի հայտ են գալիս պզուկներ: 30 տարեկանում ճարպարտադրությունը սովորաբար