որին նպաստում են թերվիտամինությունը (տես Վիտամինային անբավարարություն), նյարդային կամ ներզատիչ համակարգերի, աղիքների հիվանդությունները, արտաքին անբարենպաստ ազդեցությունները (տաք վառարանների մոտ աշխատելը, արևի տակ երկարատև մնալը ևն): Մ-ի ոչ ճիշտ խնամքի դեպքում չորությունն ուժեղանում է, հայտնվում են մանր կնճիռներ, այն թառամում է, հեշտությամբ գրգռվում, առաջանում են կարմիր բծեր, թեփուկներ:
Մ-ի սնուցումն իրականացվում է արյունատար և ավշային անոթների զարգացած ցանցի հաշվին, որոնք առաջացնում են բազմաթիվ հյուսակներ: Մ-ի տարբեր շերտերում նյարդային վերջույթների և հյուսակների առատությամբ էլ պայմանավորված է ցավային, բարձր և ցածր ջերմաստիճանային գրգռիչների, ինչպես նաև ճնշման հանդեպ նրա բարձր զգայնությունը: Առավել զգայուն է մատների ծայրերի, քթի, ափի միջին մասի և մեջքի միջին գծի Մ.:
Ենթամաշկային ճարպաբջջանքը կազմված է փուխր շարակցական հյուսվածքից, որի հանգույցները լցված են ճարպային բլթակներով: Տարբեր հատվածներում բջջանքի հաստությունը տարբեր է. օրինակ՝ կոպերի վրա այն լրիվ բացակայում է, որովայնի, հետույքի վրա կարող է հասնել 10 սմ: Ճարպաբջջանքի հյուսվածքում տեղադրված են բազմաթիվ արյունատար անոթներ և նյարդեր:
Մ-ի գույնը պայմանավորված է մելանին գունակի առկայությամբ, արյան անոթների լցվածությամբ, վերնամաշկի հաստությամբ: Մ-ի գունակավորումը կարող է փոխվել, օրինակ՝ անդրամանուշակագույն ճառագայթահարման (տես Արևայրուկ), առանձին հիվանդությունների ժամանակ հնարավոր է նաև գունակի լրիվ բացակայություն:
Մ-ի ֆունկցիաները: Լինելով արտաքին ծածկույթ՝ Մ. օրգանիզմը պաշտպանում է շրջապատող միջավայրի վնասակար (մեխ., քիմ., ջերմային և կենսբ.) ազդեցություններից: Եղջերաթաղանթի պնդության, նրա մակերևույթի մաշկաճարպի, շարակցական հյուսվածքի թելքերի առաձգականության, ենթամաշկային ճարպաբջջանքի մեղմիչ հատկության շնորհիվ օրգանիզմը պաշտպանվում է մեխ. վնասվածքներից, թույլ թթուների և հիմքերի ազդեցությունից, եղջերաթաղանթը համեմատաբար կայուն է էլեկտր. հոսանքի ազդեցության հանդեպ: Մ-ի ինքնամաքրման հատկությունը (ֆիզիոլոգ. թեփոտում, թթվային ռեակցիա), եղջերային և փայլուն թաղանթների պնդությունը խանգարում են մանրէների թափանցումն օրգանիզմ: Իսկ եթե նրանք թափանցել են վնասված վերնամաշկի միջով, ապա Մ-ում պարունակվող մանրէների ազդեցությունն ընկճող հատուկ նյութերն սկսում են գործել, վնասման օջախ են ուղղվում լեյկոցիտները, առաջանում է բորբոքային հակազդեցություն, և սկսվում է բորբոքում:
Մ. մասնակցում է ջրաաղային, ածխաջրային, սպիտակուցային, ճարպային, վիտամինային փոխանակությանը և գազափոխանակությանը՝ կլանելով թթվածին և արտազատելով ածխաթթու: Մ-ի կարևոր ֆունկցիաներից է գերսառեցումից և գերտաքացումից օրգանիզմի պաշտպանումը. Մ-ի միջոցով արտազատվում է նրանում արտադրված ջերմության 80 %-ը՝ հիմնականում նրա մակերևույթից քրտինքի գոլորշիացմամբ:
Մ-ի տարիքային փոփոխությունները: Մարդու կյանքի ընթացքում Մ. փոխվում է: Փոքր երեխաների Մ. բարակ է, նուրբ, դյուրախոցելի, վերնամաշկը և ենթամաշկային ճարպաբջջանքը մի քանի անգամ բարակ են, քան հասուն մարդկանցը, եղջերաթաղանթը թույլ է զարգացած: Երեխաների Մ-ի արյունամատակարարումն առատ է, արյան անոթները լայնացած են, պատերի թափանցելիությունը՝ բարձրացած: Այս բոլորը նախատրամադրում են բորբոքմանը՝ այտուցների, բշտիկների, բշտերի առաջացմամբ: Ջերմակարգավորումը և քրտնարտադրությունը կատարյալ չեն, նրանք արագ գերտաքանում են, քրտնում, և դրա հետ կապված, հատկապես վատ խնամքի դեպքում, առաջանում են քրտնախաշ, շփաբորբ, մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ: 6-8 տարեկան երեխաների Մ. կառուցվածքով և ֆունկցիայով նման է հասուն մարդկանց Մ-ին:
Ծերանալիս Մ. աստիճանաբար թառամում է. պակասում է արյունալեցումը, թուլանում են ճարպա- և քրտնագեղձերի ֆունկցիաները, դրանք մասամբ հետաճում են: Բարակած Մ. տեղ-տեղ հիշեցնում է ծխախոտի թուղթ, կորցնում է առաձգականությունը: Ենթամաշկային ճարպաբջջանքը բարակում է, տեղ-տեղ՝ բացակայում: Չոր, անհավասարաչափ գունակավորված Մ-ի վրա ի հայտ են գալիս եղջերացած հատվածներ՝ ծերունական կերատոմներ: Այն ծածկվում է մանր և խոր կնճիռներով, դառնում դյուրագրգիռ և հեշտությամբ վնասվում է: Մ-ի վերականգնման գործընթացները թուլանում են, որի պատճառով վերքի լավացումը դանդաղում է: Անոթների պատերի դյուրաբեկության պատճառով չնչին վնասվածքների և նույնիսկ դրանց բացակայության դեպքում առաջանում է Մ-ի արյունազեղում:
Մաշկային հիվանդություններ: Մ-ի կառուցվածքի առանձնահատկությունները, նրա վրա ազդող արտաքին և ներքին գործոնների մեծ թիվը պայմանավորում են մաշկային հիվանդությունների (դերմատոզներ) բազմազանությունը:
Արտաքին գործոնները՝ ֆիզ. և քիմ. գրգռիչները, առաջացնում են Մ-ի բորբոքային գործընթացներ՝ մաշկաբորբեր, որոնցից ավելի հաճախակի են հարուկը, շփաբորբը, ցրտահարությունը, այրվածքները: Շատ հիվանդություններ կենսբ. գործոնների՝ մանրադիտակային (հիվանդածին) սնկիկների (տես Սնկիկներ մանրադիտակային, Մաշկի սնկիկային հիվանդություններ), բակտերիաների (տես Մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ), կենդանիների մակաբույծների (տես Քոս), վիրուսների (տես Գորտնուկներ, Տենդաբշտիկ) ազդեցության հետևանք են: Ներքին գործոնները՝ տեղային վարակի օջախները (օրինակ՝ նշագեղձերում, լեղապարկում), ներքին օրգանների (ստամոքս, երիկամներ, լյարդ) հիվանդություններն առաջացնում են Մ-ի ալերգ. բնույթի փոփոխություններ (տես Ալերգիա) և դրսևորվում են եղնջացանով, էկզեմայով ևն: Մ-ային հիվանդությունների առաջացման համար էական նշանակություն ունեն սպիտակուցային, ածխաջրային և ճարպային փոխանակության խանգարումները, վիտամինային անբավարարությունը: Մ-ի մի շարք հիվանդություններ պայմանավորված են նյարդային (տես Նյարդամաշկաբորբ), ներզատիչ (տես Ճարպահոսություն, Պզուկներ) համակարգերի ֆունկցիաների խանգարումներով, անոթների, արյունաստեղծ և այլ օրգանների ախտահարմամբ: Այս բոլոր գործոնները կարող են Մ-ում առաջացնել տարբեր ախտաբան. գործընթացներ, բորբոքում, արյունազեղում, գունակավորման խանգարում, եղջերացում, Մ-ի առանձին գոյացությունների (շարակցական հյուսվածքի թելեր, ճարպա- և քրտնագեղձեր, մազային կոճղեզ ևն) ոչնչացում, ինչպես նաև արյան շրջանառության և, հետևաբար, Մ-ի սնուցման խանգարումներ: Արդյունքում Մ-ի վրա ի հայտ են գալիս ցանավորումներ՝ տարբեր չափերի և գծագրության գունակային կամ բորբոքային բծեր, տարբեր երանգների (կարմիր, կապույտ, դարչնագույն) հանգուցիկներ և հանգույցներ: Կարող են առաջանալ մանր բշտիկներ կամ թափանցիկ