Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այտուցը, այնուհետև մեռուկացումը (տես Փտախտ): Վարակման 1-ին ախտանշանները՝ վերքում ցավի, հյուսվածքներում ճնշման զգացում, այտուց, ջերմաստիճանի բարձրացում, նկատվում են վիրավորվելուց 1-2 օր, երբեմն՝ մի քանի ժ անց: Ա.վ. շատ վտանգավոր է, ուստի նույնիսկ կասկածի դեպքում հիվանդին պետք է անհապաղ տանել բուժհիմնարկ:

ԱՇԽԱՏԱՆՔ, նպատակաուղղված գործունեություն, որի ընթացքում մարդը ազդում է բնության վրա և այն վերափոխելով՝ ստեղծում կյանքի համար անհրաժեշտ արժեքներ: Ա. անխզելիորեն կապված է մարդկային հասարակության զարգացման հետ: Ա-ի օգնությամբ են ստեղծվել մարդկության բոլոր բարիքները: Ա. ստեղծել է մարդուն և նրա գոյության 1-ին ու հիմն. պայմանն է: Ժամանակի ընթացքում առանձնացել են Ա-ի մտավոր և ֆիզ. ոլորտներ: Տեխ. առաջընթացը, աշխատատար և առողջության համար վնասակար Ա-ների մեքենայացումն ու ավտոմատացումը նպաստում են Ա-ի պայմանների բարելավմանը, մասնագիտական վնասակարությունների ազդեցության փոքրացմանը, մասնագիտական հիվանդությունների և արտադր. վնասվածքների նվազմանը: Սակայն ֆիզ. Ա-ի կտրուկ նվազումը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա: Աշխատունակությունը երկար տարիներ կարելի է պահպանել միայն ֆիզ. և մտավոր Ա-ների ճիշտ զուգակցման, մշտ. մարզման, Ա-ի և հանգստի ճիշտ հաջորդափոխման դեպքում: Ա. պետք է բերկրանք և բարոյական բավարարվածություն պատճառի: Ա. մարդուն դարձնում է կարգապահ, ստեղծում կյանքի որոշակի ռիթմ, որի խանգարումը հաճախ իջեցնում է աշխատունակությունը և Ա-ի արտադրողականությունը: Բարձր աշխատունակության կարևոր պայման է Ա-ային գործունեության անցման աստիճանականությունը, և մարդն ավելի արագ է ներգրավվում ֆիզ., քան մտավոր Ա-ում: Ֆիզ. Ա-ից հետո նա կարող է անմիջապես անցնել հանգստի, իսկ մտավորից հետո ժամանակ է պահանջվում՝ հոգեկան գործունեության փոխադրվելու համար (տես Պսիխոհիգիենա): Այդ պատճառով էլ լարված մտավոր Ա. նպատակահարմար է դադարեցնել քնելուց 1-2 ժ առաջ, այլապես կառաջանա անքնություն:

Ա-ի ռիթմը բարձր աշխատունակության հիմքն է: Այն, որպես կանոն, պայմանավորված է մարդու բնույթով, նպատակասլացությամբ: Սակայն այդ ռիթմը պետք է լինի չափավոր, նպատակահարմար, ճիշտ ընտրված և համապատասխանի օրգանիզմի ֆիզիոլոգ. հնարավորություններին:

Տեխնոլոգ. գործողությունների կատարման հերթականության բացակայությունը օրվա, շաբաթվա, ամսվա ընթացքում անհավասար բեռնվածությունը նվազեցնում են աշխատունակությունը, հանգեցնում անկազմակերպվածության, արագ հոգնածության: Բարձր աշխատունակությանը նպաստում են բնականոն հիգիենային պայմանները՝ բավարար լուսավորվածությունը (տես Լուսավորություն) և օդափոխությունը, հարմար աշխատատեղը, ճիշտ դիրքը, ինչպես նաև աշխատանքային կոլեկտիվում նպաստավոր մթնոլորտը, ստեղծագործելու և նախաձեռնության պայմանների ստեղծումը: Տես նաև Հիգիենա մտավոր աշխատանքի:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ, աշխատանքով որոշ հիվանդությունների և վնասվածքների բուժում: Երկարատև անգործությունը տկարացնում է մարդուն, այն դեպքում, երբ աշխատանքն իբրև բնակաև խթան բարձրացնում է կենս. տոնուսը: Երկարատև հիվանդության հետևանքով մարդու էներգ. հնարավորությունները նվազում են, որը ոչ միայն հիվանդագին վիճակի, այլև անգործունեության հետևանք է: Հոգեբան. առումով անցանկալի է նաև չաշխատող մարդու երկարատև սոցիալ. մեկուսացումը:

Աշխատանքի կիրառումը բուժման ընթացքում՝ բժշկության խնդիր է: Միայն բժիշկը կարող է ճիշտ որոշել Ա.բ-ման սկիզբը, աշխատանքային բեռնվածությունը, աշխատանքի տեսակը, որոնք հանձնարարվում են հիվանդի վիճակին համապատասխան: Ա.բ., որպես վերականգնող. բուժման մեթոդ, կիրառվում է վերականգնման կենտրոններում (տես Վերականգնում հոդվածում), որտեղ վնասվածքներ, ուղեղային արյան շրջանառության խանգարումներ ունեցող հիվանդներին աստիճանաբար վերադարձնում են սովոր. կենս. ռիթմի: Այն օգնում է մարդուն գլխուղեղի անոթային ախտահարումից հետո վերականգնել ընդհանուր ակտիվությունը և մեղմացնել լուծանքների հետևանքները, ինֆարկտից հետո վերադառնալ նախկին կենսակերպին: Ա.բ. ոսկրահոդային համակարգի հիվանդությունների դեպքում կանխում է հոդերի կայուն անշարժության (անկիլոզ) առաջացումը և ԽՍՀՄ հայրեն. պատերազմի տարիներին կիրառվել է ռազմաճակատի ու թիկունքի հոսպիտալներում:

Ա.բ. կարևոր նշանակություն ունի հոգեկան հիվանդությունների բուժման ժամանակ, երբ հաճախ հիվանդներին երկարատև մեկուսացնում են հասարակությունից և մերձավորներից: Հոգեկան խանգարումները (հուզ. խանգարումներ, զգայախաբություններ, տարբեր տեսակի զառանցանքներ) դժվարացնում են մարդկային հարաբերութւունները՝ նախկին կապերի պահպանումը և նորերի ստեղծումը: Աշխատանքը, հիվանդների համատեղ գործունեությունը բժշկի մասնակցությամբ և օգնությամբ, հեշտացնում են մարդկանց փոխհարաբերությունները, վերացնում լարվածությունը, անհանգստությունները: Զբաղվածությունը, ուշադրության կենտրոնացումը կատարվող աշխատանքի վրա հիվանդին շեղում է հիվանդագին զգացումներից: Որոշ հոգեկան հիվանդությունների դեպքում (սակավամտություն, շիզոֆրենիա, էպիլեպսիա) հիվանդը չի կարող աշխատել սովոր. արտադրության պայմաններում՝ չնայած նրա աշխատանքային հնարավորությունները բավականին մեծ են: Աշխատանքային ակտիվության նշանակությունը, սոցիալ. կապերի պահպանումը համատեղ աշխատանքի միջոցով այնքան մեծ են հոգեկան հիվանդների համար, որ Ա.բ., որպես բուժօգնության ձև, գրեթե 1-ինն օգտագործել են հոգեբույժները: Սկզբում հիվանդներին հիմնականում առաջարկում էին գյուղատնտ. աշխատանքներ, քանի որ հոգեբուժ. հիվանդանոցները գտնվում էին քաղաքների ծայրամասերում և գյուղ. վայրերում, այնուհետև նրանց համար ստեղծվեցին աշխատանքային արհեստանոցներ:

«ԱՇԽԱՐՀԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱՆԽՄԱՆ», միջազգային շարժում, որն սկիզբ է առել 1980-ական թթ. սկզբին՝ խորհրդային և ամերիկյան գիտնական բժիշկների նախաձեռնությամբ: Կարճ ժամանակամիջոցում շարժումը վերափոխվել է համաշխարհային հակապատերազմ. շարժման հզոր և ազդեցիկ ջոկատի, որն իր շարքերում միավորում է աշխարհի բազմաթիվ երկրների 150 հզ. ավելի բժիշկների, և նրա կողմնակիցների թիվը շարունակում է աճել:

Շարժման հիմնադիր համանախագահներն էին 2 ականավոր բժիշկ-սրտաբաններ՝ ակադեմիկոս Ե. Չազովը (ԽՍՀՄ) և Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Բ. Լաունը (ԱՄՆ): Շարժման ծառայությունների միջազգային լայն ճանաչման և նրա հեղինակության ու ազդեցության մեծացման վկայությունը 1985-ին Խաղաղության նոբելյան մրցանակի շնորհումն էր: