չի կարելի օգտագործել հակաբիոտիկներ և հազի դեմ պատրաստուկներ, քանի որ դրանք կարող են բացասաբար ազդել հիվանդության ընթացքի վրա:
Քրոնիկ. Շ-ի դեպքում, երբ հաճախակի սրացումներ են նկատվում, բժշկի խորհրդով կիրառվում է կլիմայաբուժություն առողջավայրերում՝ առավելագույնս լինելով մաքուր օդում:
ՇՆՉԱՓՈՂԱՀԱՏՈՒՄ, շնչափողի հատման վիրաբուժ. միջամտություն: Շ. կատարվում է, երբ բնական շնչուղիներով՝ կոկորդով և շնչափողով, օդը ներս չի անցնում: Լինում է կոկորդի նեղացման (ստենոզ) հետևանքով, որն առաջանում է շնչուղիներ օտար մարմիններ ընկնելու, այրվածքների, այտուցների և կոկորդի վնասվածքների, կեղծ և իսկական կրուպի դեպքերում: Կոկորդի նեղացումից շնչառությունը դժվարանում է և հաճախանում, հիվանդն ընդունում է հարկադիր կեցվածք, շրթունքները և մաշկը կապտում են (տես Կապտուկ), հիվանդը խիստ թուլանում է:
Կոկորդի նեղացումը խիստ վտանգավոր է կյանքի համար, քանի որ ամեն րոպե շնչուղիների լուսանցքը կարող է լրիվ փակվել: Ուստի նեղացման ամենաթույլ ախտանշանի դեպքում պետք է անհապաղ շտապ բժշկ. օգնություն կանչել: Որպես կանոն՝ նման հիվանդները բուժվում են հիվանդանոցում, որտեղ անհրաժեշտության դեպքում կատարում են Շ., հաճախ՝ տրաքեոստոմիա: Այս դեպքում շնչափողի վրա անցք են բացում և մեջն անցկացնում մետաղե կամ պլաստմասսայե տրաքեոստոմիական փողակ, որը կազմված է արտաքին և ներքին խողովակներից: Վերջինս հեշտությամբ հանվում է, որն անհրաժեշտ է լորձը և առաջացող կեղևը կանոնավոր մաքրելու համար: Երբեմն հիվանդը դուրս է գրվում տրաքեոստոմիական փողակով: Նման դեպքերում ինքը պետք է կարողանա հանել ներքին խողովակը և մաքրել: Կարելի է խողովակի միջով անցկացնել թանզիֆե վիրակապ և 2 ծայրից ձգելով՝ մաքրել այն ներսից: Դրանից հետո խողովակը արտաքինից լվանալ, եռացնել, տեղադրել և ամրացնել պտուտակներով: Դրան հակառակ, արտաքին խողովակը կարող է հեռացնել կամ նորով փոխարինել միայն բժիշկը:
Բնական շնչառությանը խանգարող հիվանդությունն ապաքինվելուց հետո տրաքեոստոմիական փողակը հեռացվում է, իսկ շնչափողի անցքը (եթե չի փակվել ինքնուրույն)՝ կարվում: Տես նաև Շնչառական համակարգ:
ՇՈԿ, օրգանիզմի ընդհանուր հակազդեցությունը խիստ ուժեղ, հատկապես ցավային գրգիռների նկատմամբ: Բնորոշվում է նյարդային և ներզատ. համակարգերի կենսական կարևոր ֆունկցիաների, արյան շրջանառության, շնչառության և նյութափոխանակության խանգարմամբ:
Վնասվածքային Շ. առավել հաճախ նկատվում է գլխի, կրծքի, որովայնի, կոնքի, վերջույթների բազմակի ծանր վնասվածքների, ինչպես նաև տարածուն այրվածքների (այրվածքային Շ.) դեպքերում: Վնասվածքային Շ-ի սկզբն. փուլում հիվանդը գրգռված է, գունատ, անհանգիստ հայացքով, երբեմն նա չի գիտակցում իր վիճակի ծանրությունը: Նկատվում է նաև շարժող․ դրդվածություն, հիվանդը վեր է թռչում տեղից, նրան հանգստացնելը երբեմն դժվարանում է: Հետագայում, գիտակցության պահպանման դեպքում, դիտվում է ճնշված վիճակ, շրջապատի նկատմամբ՝ կատարյալ անտարբերություն. հիվանդը ցավային գրգիռներին չի պատասխանում կամ շատ թույլ է պատասխանում: Դեմքը գունատ է, դիմագծերը՝ սրված, ջերմաստիճանը ցածր է, մաշկը սառն է՝ կպչուն քրտինքով պատված, շնչառությունը մակերեսային է, հաճախացած: Հիվանդը ծարավում է, երբեմն՝ փսխում: Վնասվածքային Շ. առաջանում է ախտահարումից մի քանի ր անց կամ 24 ժ ընթացքում և ավելի է բարդացնում տուժածի խիստ ծանր վիճակը: Շ. շատ ծանր է ընթանում հատկապես այրվածքների ժամանակ:
Վնասվածքների ժամանակ Շ. կանխելու նպատակով անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ շտապ բժշկ. օգնություն կանչել, իսկ մինչև բժշկի գալը տուժածին ցույց տալ առաջին օգնություն, հեռացնել վնասվածք առաջացնող գործոնը (օրինակ՝ անմիջապես հանգցնել այրվող հագուստը, ազատել փլատակից), դադարեցնել արտաքին արյունահոսությունը, վերջույթների վնասման դեպքում իրականացնել ժամանակավոր անշարժացում (տես Հոդախախտում, Կոտրվածքներ), բերանի խոռոչը մաքրել արյան մակարդուկից, փսխման զանգվածի մնացորդներից և անհրաժեշտության դեպքում տալ արհեստական շնչառություն: Անհրաժեշտ օգնություն ցույց տալուց հետո տուժածին պետք է անհապաղ, շատ զգույշ հասցնել հիվանդանոց, որտեղ կձեռնարկվեն հակաշոկային միջոցներ:
Անաֆիլաքսային Շ. տարբեր նյութերի, այդ թվում դեղանյութերի ազդեցության Նկատմամբ ալերգ. հակազդեցության առավել ծանր արտահայտություն է (տես Ալերգիա): Առավել հաճախ նման Շ-ի պատճառ կարող են լինել առանց բժշկի հսկողության օգտագործվող դեղորայքը, օրինակ՝ պենիցիլինը, ստրեպտոմիցինը, փայտացման դեմ ներարկվող և այլ շիճուկները, վակցինաները ևն: Անաֆիլաքսային Շ-ին (անկախ առաջացնող նյութից) բնորոշ են սրտխառնոցը, փսխումը, արյան ճնշման կտրուկ անկումը, անոթազարկի հաճախացումը, մակերեսային և հաճախացած շնչառությունը, երբեմն՝ գիտակցության կորուստը: Հաճախ մաշկի վրա առաջանում է եղնջացան, երբեմն այտուցվում են դեմքը, պարանոցը, մարմինը (դեղանյութի ներարկման տեղում): Առանձին դեպքերում այտուցվում են ձայնալարերը, որը կարող է հանգեցնել մահվան (տես Կրուպ): Փսխելիս, որպեսզի փսխման զանգվածի մասնիկները շնչառ. ուղիներ չընկնեն, հիվանդին պետք է պառկեցնել փորի վրա, գլուխը թեքել կողքի:
Անհրաժեշտության դեպքում՝ արհեստական շնչառություն:
Անաֆիլաքսային Շ-ի կանխարգելման համար չի կարելի առանց բժշկի թույլտվության որևէ դեղանյութ օգտագործել: Եթե հիվանդը հիշում է, որ նախկինում որևէ շիճուկ, վակցինա, հակաբիոտիկ կամ այլ դեղանյութ ինքը վատ է տարել, ապա անպայման պետք է հայտնի բժշկին:
Սրտային (կարդիոգեն) Շ. սրտամկանի ինֆարկտի առավել վտանգավոր բարդություն է: Այն կարող է առաջանալ սրտի շրջանի ուժեղ ցավերից: Բնորոշվում է խիստ թուլությամբ, գունատությամբ, շրթունքների կապտությամբ, ձեռքերի և ոտքերի սառնությամբ, սառը, կպչուն քրտինքով, հաճախ գիտակցության կորստով:
Հուզական Շ. առաջանում է կյանքին վտանգ սպառնացող հանկարծակի և շատ ուժեղ հոգեկան խանգարումից: Այն հաճախ դիտվում է ջրհեղեղի, ճանապարհային աղետների, երկրաշարժի, հրդեհի ժամանակ, հանկարծակի հաղորդվող ցնցող լուրերից: Հուզ. Շ. կարող է դրսևորվել 2 ձևով: 1-ին դեպքում հանկարծակի վրա է հասնում անշարժության վիճակը, մարդը չի կարողանում շարժվել, որևէ բառ արտասանել («սարսափից քարանում է»), նման վիճակը տևում է մի քանի ր-ից մի քանի ժ։
2-րդ ձևի ժամանակ հանկարծակի վրա է հասնում քաոսային շարժող․ անհանգստությունը, որն արտահայտվում է ճիչերով, անիմաստ վազելով: Հաճախ նկատվում է անհաղթահարելի վախ, խուճապ, այսպես կոչված, սարսափի պսիխոզ: Երբեմն դրդումը փոխարինվում է արգելակմամբ։