Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղտոտումից պահպանելու համար նախատեսված տարածքը:

Նշված գոտիներից յուրաքանչյուրում, ինչպես նաև սանիտարական պաշտպանական գոտու սահմաններում հաստատվում է հատուկ ռեժիմ, և որոշվում ջրի որակի վատացման հնարավորությունը բացառող համալիր միջոցառումները:

Առողջավայրերի համար սահմանվում է սանպահպանության շրջանը, որի սահմաններում արգելվում են հողը, ջուրը և օդն աղտոտող, անտառներին և այլ կանաչ տնկարկներին վնաս հասցնող բոլոր աշխատանքները, որոնք հանգեցնում են ողողամաշման (էրոզիոն) գործընթացների զարգացման և բացասաբար են ազդում բնական բուժ. միջոցների ու առողջավայրերի սան. վիճակի վրա:

Առողջավայրերի սանպահպանության շրջանը բաժանվում է 3 գոտու. 1-ինը (խիստ ռեժիմի գոտի) ընդգրկում է այն տարածքները, որտեղ երկրի մակերևույթ են դուրս գալիս հանքային ջրերը, տեղադրված են բուժիչ ցեխերի հանքատեղերը, հանքային լճերն ու լիմանները, որոնց ջուրն օգտագործվում է բուժիչ նպատակներով ևն:

2-րդը (սահմանափակումների գոտի) ընդգրկում է այն տարածքը, որտեղից մակերևութային և գրունտային ջրերը հոսում են դեպի հանքային ջրերի՝ երկրի մակերևույթ դուրս գալու վայրեր և բուժիչ ցեխերի հանքատեղեր, հանքային լճեր ու լիմաններ ևն, ինչպես նաև տարածքներ, որտեղ գտնվում են առողջարանաառողջավայրային և հանգստի հիմնարկներ, պուրակներ, անտառապուրակներ և այլ կանաչ տնկարկներ:

3-րդ գոտին (հսկողության գոտի, որի արտաքին սահմանները համընկնում են առողջավայրի սանպահպանության շրջանի սահմանների հետ) ընդգրկում է սնման և ջրահանքային պաշարների ձևավորման ամբողջ ոլորտը, առողջավայրը շրջապատող անտառային տնկարկները, ինչպես նաև այն տարածքները, որոնց ժողտնտ. օգտագործումը, առանց նախապես հաստատված կանոնների պահպանման, կարող է ոչ բարերար ազդեցություն ունենալ հանքային ջրերի և բուժիչ ցեխերի հանքատեղերի ջրաբան. ռեժիմի, առողջավայրի սան. և լանդշաֆտակլիմայական պայմանների վրա:

Առողջավայրի սանպահպանության շրջանի հետազոտման և հաստատման կարգը սահմանվում է առողջավայրերի մասին ընդունված հատուկ որոշումով: Տես նաև Շրջակա միջավայրի պահպանություն:

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿ, դեղորայքային և վիրակապ. միջոցների, ինչպես նաև որոշ առարկաևերի հավաքակազմ՝ նախատեսված 1-ին բուժօգնության համար: Սան. դրուժինաների հանդերձանք է (տես Քաղաքացիական պաշտպանություն):

Պայուսակը կարվում է հաստ կտորից, ունենում է մի քանի բաժանումներ (խորշեր), որտեղ տեղավորվում են դեղանյութեր՝ նատրիումի հիդրոկարբոնատ, ամոնիակի 10 %-անոց լուծույթ (անուշադրի սպիրտ)՝ սրվակներով, յոդի 5 %-անոց սպիրտային լուծույթ (սրվակներով): Վիրակապ. նյութերից՝ բինտ, խոնավածուծ և կոմպրեսի բամբակ, անհատական վիրակապական փաթեթներ, մեծ և փոքր անձեռոցիկներ, բժշկ. գլխաշորեր՝ վիրակապման (գլխի, ծնկային հոդի, ոտնաթաթի ևն), վերին վերջույթների անշարժացման համար, կպչուն սպեղանի, անվտանգ գնդասեղներ, արյունը դադարեցնող լարան (տես Արյունահոսություն), դանակ (այգու), մկրատ, մատիտ և տետր:

Ռազմ. ստորաբաժանումների սանիտարներն ու սան. հրահանգիչները հանդերձվում են զորային բժշկ. պայուսակով, որտեղ ավելի շատ են դեղանյութերն ու հակաթույները, ինչպես նաև 1-ին բուժօգնության առարկաները («բերան-բերանի» օդամուղ խողովակ, օդաճնշ. բեկակալներ, ջերմաչափ ևն):

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐ, արդ. ձեռնարկությունների և մերձակա բնակելի կամ հաս. շենքերի միջև սահմանված գոտիներ: Ստեղծվում են բնակչությանը վնասակար գործոնների (աղմուկ, փոշի, գազային արտանետվածքներ ևն) ազդեցությունից պաշտպանելու համար: Ս. պ. գ-ի լայնությունը սահմանվում է այն հաշվով, որ բնակելի շրջաններին հասնող արտանետվածքները չգերազանցեն հաստատված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները (ՍԹԿ): Կախված դեպի մթնոլորտ արտազատվող արտանետվածքների վնասակարության աստիճանից, տեխնոլոգ. գործընթացների կատարելությունից, մաքրման կառույցների արդյունավետությունից՝ բոլոր արդ. ձեռնարկությունները բաժանվում են 5 դասի. 1-ին դասի ձեռնարկությունների համար Ս. պ. գ-ի լայնությունը սահմանվում է 1000 մ, 2-րդինը՝ 500 մ, 3-րդինը՝ 300 մ, 4-րդինը՝ 100 մ, 5-րդինը՝ 50 մ: Փակ արտադր. շրջանով, առանց դեպի մթնոլորտ արտանետվածքների աշխատող արդ. ձեռնարկությունների համար Ս. պ. գ-ի լայնությունը սահմանվում է վթարային իրավիճակների դեպքում բնակչության համար հնարավոր վնասակար հետևանքները հաշվի առնելով: Առանձին դեպքերում, հատկապես, եթե հնարավոր չէ ապահովել արդ. արտանետվածքների հետ մթնոլորտ թափանցող վնասակար նյութերի կոնցենտրացիայի արդյունավետ նվազումը մինչև ՍԹԿ, կամ բնակելի շրջանների, արդ. ձեռնարկությունների նկատմամբ հողմահակառակ ուղղությամբ տեղադրված լինելու դեպքում, հիգիենային և հակահամաճարակաբան. ծառայության մարմինների պահանջով Ս. պ. գ-ի լայնությունը կարող է մեծացվել՝ անգամ գերազանցելով 1-ին դասի ձեռնարկության համար սահմանված լայնությունը: Միևնույն ժամանակ տեխնոլոգ. գործընթացների կատարելագործման և արդյունավետ մաքրման կառույցների առկայության դեպքում հիգիենային և հակահամաճարակաբան. ծառայության մարմինները կարող են առանձին ձեռնարկությունների համար փոքրացնել Ս. պ. գ-ի լայնությունը:

Տես նաև Բնակավայրերի բարեկարգում, Սանիտարական պահպանության գոտիներ, Շրջակա միջավայրի պահպանություն:

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ, նախատեսված է խաղաղ ժամանակ հիվանդների և բուժանձնակազմի, իսկ պատերազմի, տարերային աղետների ժամանակ՝ նաև վիրավորների, տուժածների և բժշկ. ունեցվածքի տեղափոխման համար:

Տարբերում են ցամաքային (ավտոմոբիլային, երկաթուղային), ավիացիոն և ջրային Ս. տ.:

Ավտոմոբիլային ճանապարհների ցանցի ընդլայնման, սան. ավտոմոբիլներով բժշկ. ծառայության ապահովվածության շնորհիվ ավտոմոբիլային տրանսպորտը հիվանդների փոխադրման ամենատարածված միջոցն է և քաղաքում, և գյուղում: Սան. մեքենաները հանդերձված են համապատասխան բժշկ. գույքով, ապահովում են հիվանդների հարմար տեղափոխումը (պատգարակների վրա և նստած), հիվանդների հեշտ բարձրանալն ու իջնելը, մեքենայի ընթացքի ժամանակ առավելագույն հնարավոր հանգիստը և բուժօգնություն ստանալը: Վերջին շրջանում բժշկ. ծառայությունը համալրվել է մասնագիտացված սան. ավտոմոբիլներով, որոնցում տեղափոխման ընթացքում կարելի է ցույց տալ անհետաձգելի բժշկ. օգնություն՝ ընդհուպ վերակենդանացումը (տես Վերակենդանացում օրգանիզմի): Այդ մեքենաները հանդերձված են հատուկ սարքավորումներով: