Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/736

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեթոդների արդյունավետությունը (Ի. Ազիզյան, Բ. Դունայվիցեր), քթի հավելյալ ծոցերի քրոնիկ. բորբոքումների ժամանակ գլխուղեղի նյարդավեգետատիվ և անոթային հակազդեցությունների ցուցանիշները, քթի արտաքին հատվածի և դեմքի տարբեր ձևախախտումների ժամանակ փոխպատվաստման վիրահատությունների արդյունավետությունը:

ՔԻՄԻԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, վարակիչ, մակաբուծ. հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների բուժումը հիվանդությունների հարուցիչների (ախտածին մանրէներ և մակաբույծներ) կամ ուռուցքային բջիջների կենսագործունեությունն ընկճող դեղանյութերով: Որպես բժշկագիտության ինքնուրույն ճյուղ՝ Ք. ծագել է 20-րդ դ. սկզբին: Հիմնադիրը գերմ. գիտնական Պ. Էռլիխն է, որը սինթեզել է հակամանրէային ակտիվությամբ օժտված արսենի որոշ միացություններ և դրանք օգտագործել վարակիչ ու մակաբուծ. մի շարք հիվանդությունների բուժման համար: Հետագայում Ք-յան զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ սուլֆանիլամիդային պատրաստուկների և հակաբիոտիկների ստացումը: Ժամանակակից պայմաններում Ք. զարգանում է ոչ միայն որպես գործն. բժշկության ճյուղ, այլ որպես բժշկագիտության ուղղություն, որի խնդիրը հակամանրէային և հակաուռուցքային նոր պատրաստուկների որոնումն է և դրանց ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությունը:

Ք-յան նպատակով օգտագործվող սինթետիկ դեղանյութերը և բնական ծագման պատրաստուկները կոչվում են քիմիաբուժական դեղանյութեր: Դրանց կարևոր առանձնահատկությունը մանրէների և ուռուցքային բջիջների որոշակի տեսակների վրա ընտրող. ազդեցությունն է: Այսպիսով, յուրաքանչյուր քիմիաբուժ. դեղանյութ ամենից առաջ բնորոշվում է որոշակի հակամանրէային, հակամակաբուծ. և հակաուռուցքային ազդեցության սպեկտրով, ըստ որի՝ քիմիաբուժ. դեղանյութերը բաժանվում են հակաբակտերիային, հակասնկիկային, հակաճիճվային, հակասպիրոխետային, հակավիրուսային ևն: Ժամանակակից Ք. իր տրամադրության տակ ունի դեղանյութերի մեծ պաշար, որի ազդեցության սպեկտրներն ընդգրկում են ախտածին բակտերիաների գրեթե բոլոր տեսակները, ինչպես նաև վիրուսների և ուռուցքային բջիջների որոշ տեսակներ: Քիմիաբուժ. դեղանյութերը կարող են օգտագործվել վարակիչ հիվանդությունների բուժման և կանխարգելման (քիմիականխարգելում), ինչպես նաև բակտերիակրության դեմ պայքարի նպատակներով (տես Վարակիչ հիվանդությունների հարուցչակրություն):

Բուժման արդյունավետությունը կախված է մի շարք պայմաններից, ուստի պահանջվում են քիմիաբուժ. դեղանյութերի օգտագործման որոշակի կանոններ և բժշկի ցուցումներ: Քիմիաբուժ. դեղանյութ նշանակելիս բժիշկն ընտրում է այնպիսի պատրաստուկ, որի ազդեցության սպեկտրն ընդգրկում է տվյալ հիվանդության հարուցիչը: Դրա համար բուժման ընթացքում չի կարելի ինքնուրույն, առանց բժշկի խորհրդի, մի պատրաստուկը փոխարինել մյուսով: Քիմիաբուժ. դեղանյութերը հիվանդությունների հարուցիչները ոչնչացնում են որոշակի կոնցենտրացիաներով, դեղաչափն իջեցնելիս բուժումն անարդյունավետ է դառնում, և կարող է առաջանալ միկրոօրգանիզմների դեղանյութային կայունություն տվյալ պատրաստուկի հանդեպ: Անհրաժեշտ է խստորեն պահպանել բժշկի նշանակած դեղաչափը և օրվա ընթացքում ընդունումների ռեժիմը: Առանց բժշկի թույլտվության խորհուրդ չի տրվում նաև կրճատել բուժման ժամկետները, քանի որ դա կարող է նպաստել հիվանդության սրացմանը կամ քրոնիկ. ձևի անցմանը: Միայն բուժման ընթացքում քիմիաբուժ. դեղանյութի հանդեպ անհանդուրժողականության ախտանշաններ, օրինակ՝ շարունակական փսխումներ, ալերգ. հակազդեցություններ (տես Ալերգիա) նկատելիս բուժումն ընդհատում են և անհապաղ դիմում բժշկի: Եթե որևէ պատրաստուկի հանդեպ հիվանդն անցյալում ունեցել է անցանկալի հակազդեցություններ, հարկավոր է այդ մասին տեղեկացնել բժշկին:

ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔ, տես Բնակչության պաշտպանությունը զանգվածային ոչնչացման զենքից հոդվածում:

ՔՅՈՒ ՏԵՆԴ, վարակիչ հիվանդություն, որն ընթանում է տենդով և թոքերի ախտահարմամբ:

Հիվանդությունը տարածված է Ավստրալիայում, Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում: Օջախներ են հայտնաբերված նաև ԱՊՀ երկրներում:

Հարուցիչները Բեռնետի ռիկետսիաներն են (տես Ռիկետսիոզներ), որոնք կայուն են արտաքին միջավայրում, հագուստի վրա պահպանվում են 1 ամիս, ջրում` 4 ամսից ավելի, սննդամթերքում՝ 30-90 օր: Կաթը եռացնելիս ոչնչանում են 10 ր անց:

Ք. տ-ի հարուցիչների աղբյուրը կաթնասուն կենդանիներն ու թռչուններն են: Ընտանի կենդանիները (կովեր, ոչխարներ, այծեր, հավեր, սագեր ևն) վարակվում են վայրի կենդանիներից՝ տզերի խայթոցի ժամանակ, իսկ հարուցիչներն արտադրվում են արտաթորանքի, կաթի, շուրջպտղային ջրերի հետ:

Մարդը վարակվում է ռիկետսիաներ պարունակող փոշին շնչելիս (կենդանիների բուրդը, մորթին և կաշին մշակելիս), կենդանիներին կերակրելիս (հարդից ու խոտից), վարակված հում կաթից ու կաթնամթերքից: Վարակումը հնարավոր է նաև վնասված մաշկի միջոցով (հիվանդ կենդանիներին խնամելու և սպանդի ժամանակ), հիվանդ կենդանիների արտաթորանքով վարակված ջրամբարներում լողանալիս:

Գաղտնի շրջանը 1-4 շաբաթ է: Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39-40°C, առաջանում է դող: Բարձր ջերմաստիճանը պահպանվում է 2 շաբաթ, այնուհետև՝ աստիճանաբար իջնում: Նկատվում են գլխացավ, մկանացավեր (հատկապես գոտկատեղի և ձկնամկանների շրջաններում), ընդհանուր թուլություն, անքնություն: Հաճախ առաջանում են սրտխառնոց, փսխում, քթային արյունահոսություն: Ախտահարվում են նաև թոքերը, որն ընթանում է չոր հազով, երբեմն՝ խորխարտադրությամբ:

Բուժումն իրականացվում է հիվանդանոցում:

Հիվանդ կենդանիներին խնամող, ինչպես նաև Ք. տ-ի նկատմամբ անապահով շրջաններում անասնաբուծ. մթերքների վերամշակմամբ զբաղվող անձինք պետք է օգտագործեն հատուկ հագուստ և պաշտպան. միջոցներ (ռետինե ձեռնոցներ, կոմբինեզոն, գոգնոց, ռետինե ճտքակոշիկ, շնչադիմակ, ակնոց), որոնք աշխատանքից հետո պետք է վարակազերծել:

Ք. տ-ի նկատմամբ անապահով անասնարած. տնտեսություններից ստացված կաթն անպայման պետք է եռացնել, չեռացրած կաթի վերամշակումը (մածուն պատրաստելը) արգելվում է: Կատարում են մսի և կաթի արդյունաբերությունում, անապահով տնտեսություններում աշխատող (կաշվի, բրդի վերամշակմամբ զբաղվող) անձանց կանխարգելիչ պատվաստումներ:

ՔՆԱԲԵՐ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, դեղանյութերի խումբ, որն առաջացնում է մարդու բնական քնին նման վիճակ և ապահովում դրա բավարար խորությունն ու տևողությունը: Ք. դ-ի փոքր դեղաչափերն ունեն հանգստացնող ազդեցություն: Ք. դ. արգելակում են կենտր. նյարդային համակարգի