Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/755

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդհանուր խնդիր՝ ամրապնդել մարդու առողջությունը: Այս բնագավառում բժիշկների և բուժաշխատողների հետ մեկտեղ աշխատում են Ֆ.կ-ի բազմաթիվ մասնագետներ՝ մարզիչներ, հրահանգիչներ, ուսուցիչներ:

ՖԻԶԻՈԼՈԳԻԱ, կենսբ. գիտություն, ուսումնասիրում է ամբողջական օրգանիզմի, նրա համակարգերի, օրգանների, հյուսվածքների, բջիջների կենսագործունեությունը, ֆիզիոլոգ. ֆունկցիաները, մեխանիզմներն ու օրինաչափությունները: Կենսբ. մյուս գիտությունների (կենսաֆիզիկա, կենսաքիմիա, գենետիկա ևն) հետ կազմում է բժշկագիտության տես. հիմքը:

Ֆ. բաժանվում է 2 ինքնուրույն բաժինների՝ բնականոն և ախտաբան.: Բնականոն Ֆ. ուսումնասիրում է առողջ օրգանիզմի գործունեությունը, իսկ ախտաբանականը՝ հիվանդությունների առաջացման, խորացման և բուժման ընդհանուր օրինաչափությունները: Ինքնուրույն բաժին է բույսերի Ֆ., որն ուսումնասիրում է բուս. օրգանիզմներում ընթացող կենսագործունեության գործընթացները:

Բնականոն Ֆ. ընդգրկում է ընդհանուր, համեմատական (կամ էվոլյուցիոն) և մասնավոր Ֆ-ները: Ընդհանուր Ֆ. ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների գործունեության հիմն. օրինաչափությունները, փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ, անկենդան բնությունից տարբերվող առանձնահատկությունները: Համեմատական Ֆ. ուսումնասիրում է ինչպես որոշակի տեսակի օրգանիզմների, այնպես էլ առանձին անհատի զարգացման օրինաչափությունները, մասնավորը՝ մարդու և կենդանիների կենսագործունեության առանձին բնագավառները, տարբեր հյուսվածքների, օրգանների և համակարգերի գործունեության Ֆ-ական մեխանիզմները: Մասնավոր Ֆ-ում առանձնացվում են գյուղատնտ. կենդանիների, աշխատանքի, տիեզեր., ավիացիոն Ֆ-ները ևն:

ՀՀ-ում 1-ին Ֆ-ական լաբորատորիան կազմակերպվել է 1920-ին՝ է. Հասրաթյանի ղեկավարությամբ: Այնուհետև. Ֆ-ի ամբիոններ, իսկ ավելի ուշ՝ նաև ԳՀ լաբորատորիաներ են կազմակերպվել ԵՊՀ-ում, ԵՊԲՀ-ում, Խ. Աբովյանի անվ. հայկ. պետ. մանկավարժ. համալսարանում, ՀՀ գյուղատնտ. ակադեմիայում, Վանաձորի մանկավարժ. ինստ-ում: 1943-ին կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստ-ը: Ֆ-ական աշխատանքներում մեծ ավանդ են ունեցել Լ. Օրբելին, Է. Հասրաթյանը, Խ. Կոշտոյանցը, Ա. Արարատյանը, Վ. Ֆանարջյանը, Գ. Մուշեղյանը, Հ. Ստեփանյանը և ուր.:

ՀՀ-ում Ֆ-ի առաջատար ուղղությունը նյարդաֆիզիոլոգիան է: Հետազոտություններ են կատարվում վեգետատիվ նյարդային համակարգի կարգավորիչ ֆունկցիաների մեխանիզմների, ուղեղիկի ու նրա հետ կապված մի շարք ուղեղային գոյացությունների նուրբ Ֆ-ական մեխանիզմների բացահայտման (Հ. Բակլավաջյան, Վ. Ֆանարջյան և ուր.) և շատ այլ ուղղություններով:

ՖԻԼՈԳԵՆԵԶ, կենդանի օրգանիզմների և առանձին տաքսոնոմիական խմբերի (տիպ, դաս, կարգ, ընտանիք, ցեղ, տեսակ) պատմ. զարգացման գործընթաց: Տերմինն առաջարկել է (1866) է. Հեկկելը: Ֆ-ի գիտ. հիմքը կազմում է Չ. Դարվինի էվոլյուցիոն ուսմունքը: Կենսաբանության համապատասխան բաժինը, որը վերաբերում է Ֆ-ին և վերջինիս օրինաչափություններին, կոչվում է ֆիլոգենետիկա: Այն ուսումնասիրում է ժամանակակից ձևերի առաջացումը (սկսած ամենանախնականից), ինչպես նաև նրանց էվոլյուցիայի ընթացքը պայմանավորող պատճառները, զարգացման օրենքները ևն:

Կենդանիների և բույսերի Ֆ. սխեմայորեն պատկերում են տոհմաբան. ծառի տեսքով, որի բունը համապատասխանում է կյանքի նախն. ձևերին, իսկ ճյուղերը՝ բոլոր հաջորդող, բազմաթիվ և ավելի բարդացած տեսակներին:

Ֆ. սերտ կապված և փոխադարձ պայմանավորված է առանձին անհատի զարգացման՝ օնտոգենեզի հետ:

Ֆ-ի օրինաչափությունների փորձառ. հիմնավորման համար ավելի հաճախ են օգտագործվում մոլեկուլային կենսաբանության, կենսաքիմիայի և իմունաբանության մեթոդներով ստացված արդյունքները:

ՖԻՄՈԶ, տես Թլիպանեղացում:

ՖԼԵԲԻՏ, տես Երակաբորբ:

ՖԼԵԳՄՈՆ, ճարպաբջջանքի (ենթամաշկային, միջմկանային, հետորովայնամզային) սուր թարախային բորբոքում, որն ուղեկցվում է դրա մեռուկացմամբ: Ի տարբերություն թարախակույտի՝ Ֆ-ի ժամանակ բորբոքումը սահմանափակ չէ, այն տարածվում է փուխր ճարպաբջջանքի վրա: Ֆ. առաջանում է մաշկի, լորձաթաղանթների պատահական վնասվածքների դեպքում (բջջանքի մեջ թարախային վարակի հարուցիչների թափանցումից) կամ որպես թարախային հիվանդությունների (թարախակույտ, կարբունկուլ, ֆուրունկուլով) բարդություն:

Հաճախ Ֆ. տեղադրվում է ենթամաշկային ճարպաբջջանքում: Ֆ-ի որոշ տեղադրություններ հատուկ անվանումներ ունեն, օրինակ՝ հարերիկամային բջջանքի Ֆ. կոչվում է հարերիկամաբորբ, հարուղիղաղիքային բջջանքինը՝ հարուղիղաղիքաբորբ: Ենթամաշկային Ֆ-ի ախտանշաններն են ցավը, պինդ և ցավոտ ուռածության (ինֆիլտրատ) առաջացումը, այդ հատվածի մաշկի կարմրությունը: Ուռածությունը և կարմրությունը խիստ սահմանազատված չեն և արագ տարածվում են: Ի տարբերություն թարախակույտի՝ Ֆ-ի ժամանակ ինֆիլտրատը պնդացած է մնում բավականին երկար ժամանակ, փափկացումը, որը հեղուկ թարախի առաջացման ախտանշան է, ի հայտ է գալիս ավելի ուշ: Ֆ. ուղեկցվում է ընդհանուր երևույթներով՝ ջերմաստիճանի բարձրացմանբ, դողով, գլխացավով, սրտխառնոցով: Շրջապատող հյուսվածքների վրա գործընթացի տարածման ժամանակ կարող են թարախակալել ջլերը, հոդերը, մկանները:

Բուժումը, որպես կանոն, վիրաբուժական է: Ժամանակին սկսած բուժման դեպքում ելքը բարենպաստ է, անուշադրության մատնված Ֆ. կարող է լուրջ բարդությունների (տես Արյան վարակում) պատճառ դառնալ:

Դաստակի ծանր Ֆ-ի դեպքում մատները կարող են անշարժանալ: Ֆ-ի կանխարգելման համար անհրաժեշտ է ժամանակին բուժել մաշկի և ենթամաշկի մանր վնասվածքները, թարախային հիվանդությունները, խուսափել մաշկի, լորձաթաղանթի վնասվածքներից, պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

ՖԼՈՒՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ռենտգենալուսանկարահանում, ռենտգենֆլուորագրություն), ռենտգենաբան. հետազոտություն, որի էությունը ֆլուորեսցենտվող էկրանի օգնությամբ հետազոտվող օբյեկտի ռենտգենյան պատկերի լուսանկարահանումն է լուսանկարչ. ժապավենի վրա: Ֆ. հնարավորություն է տալիս հայտնաբերել գաղտնի ընթացող հիվանդությունները, ունի մեծ թողունակություն և բնակչության զանգվածային ռենտգենաբան. հետազոտության արդյունավետ մեթոդ է (տես Ռենտգենաբանական հետազոտություն): Հիմնականում օգտագործվում է կրծքավանդակի օրգանների հիվանդությունների ախտորոշման նպատակով:

Կիրառվում են նաև ստամոքսաղիքային համակարգի, քթի հավելյալ ծոցերի, կաթնագեղձերի Ֆ-ական հետազոտությունների մեթոդներ:

Քանի որ Ֆ-յան ժամանակ ռենտգենյան պատկերը լուսանկարում են լուսանկարչ.