Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գալիս են տենում, որ հրես սաղ նստած մոխիր ա դուս տալի։

— Դավրի՛շ,— ասում են,— արի՛, քե թքավորը կանչում ա։

Դավրիշն ասում ա.— Ես թքավորի հետ գործ չունեմ։

Դրան բռնում են կռնիցր, որ զոռով տանեն՝ կուռը պոկ ա գալի, մեկել կռնիցն են բռնում՝ էն էլ ա պոկ գալի, ոտնիրն են բռնում՝ ոտն էլ ա պոկ գալի, գլխիցն են բռնում՝ գլուխն էլ ա պոկ գալի․ մի քթոց են բերում, ջանդակը ածում քթոցի մեջ, շլակում, տանում։ Գնալիս ճամփին մի փեյնի վրա ջուր ա դառնում ու խշշալով թափվում փեյնի մեջը։ Գնում են էդ մարդիկը թքավորին ասում, թե ըսենց բան է լավ։

Թքավորն ասում ա.— Հըլը գնացեք ղավվրն էլեք ընդի։

Գնում են, տենում հլե ընդի մոխիրն էլի դուս ա տալի։ Գալիս են թքավորին ասում, թե.— Էլի ընդի մոխիրն ա դուս թափում։

Թքավորը ինքը վեր կացավ, էկավ Դավրիշի մոտ, ասավ․— Դու ե՞ս էդ բաները անում։

Ասավ.— Ե՛ս եմ անում։

Ասավ.— Հըմի ի՞նչ անեմ քեզ։

— Լավն էն ա,— ասավ,— ախչիկդ տաս էդ տղին։

Թքավորը համոզվեց, ախչիկը տվուց էդ տղին․ օխտն օր, օխտը քշեր հրսանիք արին, նրանք հասան իրենց մուրազին, դու էլ հասնես քու մուրազին։

Չարն ընդի, բարին ըստի։

Աստծանե իրեք խնձոր վեր ընկավ. մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ ալամ աշխարհին։