Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոչխարը կիսումը կկտրես, կեսը մեկին կտաս, կեսը՝ մեկին, որ ընդով ըլին, դու տուն մտնես։

Կերթաս պռավի կուշտը, բլանիքը կուզես, դառնալիս դուռը փակես ոչ, ընդիան եդ գալու վախտը մի կակալը մնի աղաքը դի, ընդիանք ընդով կըլին, դու անց կկենաս, կգաս։

Տղեն վե կացավ, գնաց թագավորի կուշտը, ասավ.— Ինձ կտաս մի լավ ձի, կտաս մի չաղ ոչխար, մեկ էլ էրկու հատ կակալ։

Թագավորը երետ մի զաբուն ղաթիր, մի գոթրում ոչխար, էրկու կակալ։

Տղեն ղաթիրը քաշեց գեղիցը դուս, նստեց, ոչխարը էդիր գոգը, կակալը քցեց ջեբը, քշեց։ Քշե՛ց, քշե՛ց, շատն ու քիչը աստված գիտա, գնաց մի տեղ, ղաթիրը կաղնեց։ Էստեղ վեր էկավ, էն դխինի դուռը բաց էլավ, տեհավ, որ էրկու առյուծ, մեկը դռան մի կողմն ա կապած։ Ոչխարը կեսումը կտրեց, կեսը մեկին էրետ, կեսն էլ՝ մեկին։ Ինքը տուն մտավ, տեհավ, որ լավ ծաղիկների մեջ, աղբրի կշտին մի եզը հե՜նց զաբուն էր, որ փչի՝ վեր կընկնի։

Հարցրեց թե.— Եզն աղբեր, էդքան խոտի միջին դու խի՞ ես էդքան զաբուն։

Եզն ասաց.— Գնացողը տեհել եմ, եդ եկողը տեհել չեմ, գնա՝ արի, իմ դարդը կասեմ։

Վեկացավ գնաց, տեհավ, որ մի չոր տեղը մի եզը կանգնած շատ քոք:

— Եզն ախպե՛ր,— ասավ,— էնքան խոտի միջին էն եզն էնքան զաբուն էր, ինչի՞ց ա, որ էս չոր տեղը դու էդքան քոք ես։

Նա էլ ասավ.— Գնա՝ արի, իմ դարդը կասեմ։ Գնացողը տեհել եմ, եդ էկողը տեհել չեմ։

Քիչ էլ գնաց, տեհավ, որ մի գոմշի կաշվի վրա մի մարդ, մի կնիկ քնած են, մարդը կնկանն ա ուշունց տալի, թե՝ «Դենը քնի, տեղ չկա», կնիկն էլ մարդուն ա բոթում, թե՝ «Դենը քնի, տեղ չկա»։

Տղեն հարցրեց, թե.— Էդ եքա կաշու վրա խի՞ չի տեղ ըլում։

Մարդն ասում ա.— Գնացողը տեհել եմ, եդ էկողը տեհել չեմ, գնա՝ արի կասեմ։

Ընդիան անցավ գնաց, տեհավ, որ մի կացնի կոթի վրա մի մարդ մի կնիկ քնած են, կողքներին էլ մեկ-մեկ մատ տեղ կա։

Էս տղեն ասավ թե.— Գոմշի կաշվի վրա մի մարդ, մի կնիկ տեղավորվում չեն, էս ասում ա՝ «Դենը քաշվի», էն ասում ա. «Դենը քաշվի», ինչպե՞ս յոթ տարի դուք էդ կացնի կոթի վրա ըտենց խնոտում եք, որ մեկ-մեկ մատ էլ տեղ կա ղրաղումը։