Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասավ.— Էկա՛, դեդի՛, հըմի ասա քու դարդը։

Ասավ.— Ես էն կնիկն եմ, որ քյասըբնին, աղքատնին գեին, քերընջնին, էրածնին փայ տեի, հմի օղորդ ա, էն սպիտակ հացը կա, հմա, որից որ դուրս եմ տվել, ընդուց են ինձ տալի։

Տղեն անցավ գնաց էն կացնի կոթի վրա պառկած մարդ ու կնկա կուշտը, ասավ.— Ըհը՛, էկա, ձեր դարդը ասեք։

էն մարդն էլ ասեց.— Փա՜ռք քեզ, աստվա՛ծ, գնացողը տեհել ի, եդ էկողը տեհել չի, էսա տեհա։ Մենք էլ մարդ ու կնիկ էինք, որ իրար ուզեցինք, իրար սերներս բռնեց, էն դունիումը ոնց որ սերով ենք էլել, էս դունիումըն էլ սերով ենք:

Տղեն անցավ գնաց կաշվի վրա քնոտածի կուշտը։

Ըհը՜,— ասավ,— ձեր դարդը ասեք, էկա՛:

— Մենք,— ասին,— էն մարդ ու կնիկն ինք, որ իրար ուզեցինք, իրար դիր չեկանք․ ոնց որ էն դունիումը անսեր ինք, էնենց էլ ըստի ենք։

Տղեն անցավ գնաց էն չաղ եզան կուշտը։

— Ըհը՜, եզն ախպե՛ր, էկա՛։

— Փա՛ռք քեզ, աստված,— ասավ եզը,— գնացողը տեհել ի, եդ էկողը տեհել չի՝ տեհա։ Ես էն եզն ի, որ գութանըմը լծեին՝ աչքս գցեի ֆողի ներքի կուռն ու վերի կուռը, թե երբ պտի քասիբի հախկր շատանա, որ աչքը մի բան տենու։ Տասը լուծ ըլեր, մենակ ես քաշեի, որ քասիբը աչքը մի բան տենու։

Գնաց էն զաբուն եզան կուշտը էս տղան, նրան էլ ասավ, թե.— Ըհը, եզն ախպեր, էկա՛:

Ասավ.— Փա՛ռք քեզ, աստվա՛ծ, գնացողը տեհել ի, եդ էկողը տեհիլ չի, տեհա։ Ես էն եզն եմ, չըկել իրիկուն հարամութին անեի, սամիս կոտրեի, սամոտիքս կտրեի, գութանը խափանեի, րիգունը, որ վեր թողնեին, լուծն էլ տեին պոզերովս, եդնուց էլ ճպտով տեին, ասեին. «Ուսիդ նալլաթ, հնչկել րիկուն խափանեիր գութանը»։ Ղորթ ա, ես էս ծաղըկների, լավ սառ աղբրների կշտին եմ, համա դունչս կապած ա, չեմ կարում արածել։

Տղեն գնաց առուծների կուշտը, էրկու կակալ հանեց, մինը մնին էրետ, մինն էլ մնին էրետ, ինքը դուս էլավ, պրծավ։ Գնաց իրան ղաթըրին նստեց, գնաց դըբա թագավորին։

Թող նա իրեն ճամփովը գնա, մենք գանք թագավորի կուշտը։

Թագավորը տղին ճամփելուց եդնա գնում ա նրա ամարաթը ման գալի։ Ման ա գալի աղջկանը գտնում չի, գալիս ա էն խաբար բերող նազըրին ձիու պոչովը տալի՝ սըպանում ա։ Ինքը մնում ա փիքր անելիս։