Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասավ.— Ասսու բարին քի՛։

— Ա՛յ մարդ,— ասավ,— ո՞րդի ես գնում։

Ասավ.— Թաքավորի տղա՛, ես գնում եմ, էն ֆըլան թաքավորի ախչիկը ուզիլ պտիմ։

Ասավ.— Շատ լավ պտես անի, ես է՛ն թաքավորի տղեն եմ. արի քեզ մի թուղթ տամ, թե՝ է՛ս ճամփումը էդ տղին տեհել եմ ու հըվանել եմ, թե իրիկունը գա, թե ռավոտը գա իմ քիրը որ ուզի՝ էլ չէ չասեք, տալ պըտեք։

— Շա՛տ լավ կանես,— ասավ,— թաքավորի տղա, որ ըտենց թուղթ տաս։

Էբեր ու մի թուղթ գրեց, էրետ էն տղին, էդիր գդակի ծալումը ու գնաց։

Գնաց մի դզում շատ ծըրավեց, տեհավ ճամփի ղրաղին մի ջրհոր կա։ Ձիուցը վեր էկավ, որ էն ջրհորիցը ջուր խմի, կռացավ, որ ջուր խմի՝ գդակի ծալիցը թուղթն ընկավ ջուրը։ Թուղթը բաց արավ, տեհավ թե գրած ա. «Րիգունը գա՝ րիգունը, ռավոտը գա՝ ռավոտը էս մարդի գլուխը կտրեցեք»։ Թուղթը պատռոտեց ու դեն ածավ։ Ճամփա ընկավ գնաց։ Գնաց էդ թաքավորի քաղաքումը մի պառավի տան ղոնաղ ընկավ, էն քշերը պառավի կշտին կացավ։ Պըռավին հըրցուց, թե.— Էս ձեր թաքավորի ախչիկը ի՞նչ թավուր ախչիկ ա։

Պառավն ասավ.— Ա՛յ որդի, ի՞նչ ես անում թաքավորի ախչիկը։

— Դեդի՛,— ասավ,— էկել եմ, որ էդ ախչիկը ուզիլ պտիմ։

Պառավն ասավ.— Ա՜յ որդի, հեռու կաց էդ ախչկանիցը։ Էդ ախչիկը հարըրից մի ջան պակաս գլուխը կտրել ա։

Հարցրուց թե.— Խի՞ ա կտրել։

Պառավն ասավ.— Իրեք խոսք ունի, ասում ա՝ ով որ գտնի, պետք է նրան ուզեմ, որ գտնի ոչ՝ գլուխը պետք ա կտրեմ։

Ասավ.— Կտրում ա, թող կտրի, ես պետք ա գնամ ուզեմ դրան, տենամ ինչ թավուր խոսք պտի ասի, որ ես կարալ չպտիմ գտնուլ։

Ռավոտը տղեն վի կացավ, գնաց թաքավորի ախչկա կուշտը։

— Բարի լիս քի՛,— ասավ,— խանո՛ւմ։

— Ասսու բարին քի՛, բարով էկար, համեցեք ըստի։

Նստեց։ Ախչիկն ասավ.— Ասա՛ տենամ, ղուլլուղդ ի՞նչ ա։

Ասավ.— Թաքավորի ախչի՛կ, էկել եմ քեզ ուզելու։

— Ա՛յ տղա, դու գիտես ո՞չ, որ ես իրեք խոսք ունեմ, էն խոսքերը չվել գտնեն ոչ՝ ինձ կարալ չեն ուզի։