Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վեր ա կենում, էլեդ հագնում իր կաշին, դառնում մոզի ու գնում հանդն րածելու։

Էսենց անց ա կենում՝ մի օր, երկու օր, իրեք օր, ախչիկը շատ ղաչում, պղատում ա իր մարդին, որ էլ կաշին հագնու ոչ, հմա մարդը անում չի։ Ախչիկը նրա ջգրու մի գիշեր վեր ա կենում ու մարդուց թաքուն նրա կաշին թորնի մեջը գձում, էրում։ Էգսի ռավոտը մարդը վեր ա կենում, ման գալիս, կաշին գդնում չի։ Հա՜յ էս պուճախ՝ կաշի, հա՜յ էն պուճախ՝ կաշի․ չէ՝ կա ոչ ու կա ոչ։ Մարդը դառնում ա աղունիկ ու դուս թռչում։ Կնիկը վեր ա կալնում իրեք խնձոր ու նրա եդնեն ճամփա ընգնում։

Շատ ա գնում, թե քիչ՝ տենում ա ճամփին մի րեխա։

— Ա՜յ ախպեր, մարդ չե՞ս տեհել դեսը գնալիս։

— Չէ, ա՛յ քիրա,— ասում ա էն տղեն,— հմա ռավոդահան դեսը մի աղունիկ թռած գներ։

Կնիկը խնձորնուցը մինը տալիս ա էդ տղին, ինքը գնում։ Շատ ա գնում, թե քիչ՝ տենում ա մի մեջ–մարդ ճամփեննի գալիս։

— Այ, ախպեր, դեսը մարդ չես տեհել գնալի՞ս։

— Չէ՛, ա՛յ քիրա,— ասում ա էն մարդը։— Հմա ճաշին դեսը մի աղունիկ գներ թռած։

Կնիկը տալիս ա խնձորնուցը մինն էդ տղամարդին, ինքը գնում։

Շատ ա գնում, թե քիչ՝ ռաստ ա գալիս նրան մի հլևոր՝ ճամփեննի գնալիս։

— Ապե՜ր, դեսը մարդ չես տեհե՞լ գնալիս։

— Չէ՛, ախչիկս,— ասում ա հլևորը,— հմա նոր մի աղունիկ գներ թռած, որ մի քիչ եգին գնաս, եդնեն կհասնուս։

Կնիկը վերջի խնձորն էլ նրան ա տալիս ու գնում։

Շատ ա գնում, թե քիչ՝ տեսնում հրես իրան մարդուն թռած գնալիս։ Նրան տենուլն ու աղունիկ դառնալը մին ա ըլում։ Մարդի եդնեն որ հասնում ա՝ մարդը մի անտակ ծովի մեջն ա ընգնում։ Կնիկն էլ նրա եդնեն ընգնում ա ծովի մեջը։ Երկուսն էլ իրար գդնում են ու ծովի տակին ապրում, որ մարդիկ նրանց տենուն ոչ։

Խերն ու բարաքյաթն էստի, շառն ու շուռը անօրենի գլխին։