Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

38. ԳՈՂ ՏՂԻ ՀԵՔԻԱԹԸ

Ըլում ա, չի ըլում` մի թաքավորի քաղաքում մի պառավ կնիկ. ունենում ա մի տղա։ Էդ կնիկարմատը գուլպա անելով հենց բան անում ա, որ տղին տալիս ա ուսումնարանումը։ Էդ տղեն իրա ուսումը ավարտում ա, դուս գալիս։

Մերն ասում ա.— Որդի՛, ես ծեր կնիկ, որ գուլպա անելով քեզ էդ ուսումը սովորցըրի, էլ հըմի կարողանըմ չեմ, որ գուլպա անեմ, տենամ քո ուսումովդ ինձ ոնց պտիս պահի։

Տղեն ասավ.— Նանի ջա՛ն, էս հադաղը իմ ուսումը ձեռք չի տալ, դուն տուր էդ ղազն ինձ, տանեմ բազարումը ծախեմ, մի քանի շահու տամ, որ բան առնեմ բերեմ, ուտենք, հըլա տենանք ե՞փ գործ կճարեմ։

էրետ ղազը տղին։ Տղեն ղազը վի կալավ, գնաց փողոց։ Էն քաղաքումը մի հարուստ ջհուդ կար. էն ջհուդն էլ ուներ մի տղա։ Թաքավորի աղջիկը ջհուդն ուզել էր իրա տղի հըմա։ Տղեն քուչումը գնալիս տեղը, էս ղազ տանող տղեն ռաստ էկավ ջհուդի տղին։

Ջհուդի տղեն ասավ.— Էդ ղազը ծախում ե՞ս։

— Հա՜,— ասավ,— ծախում եմ։

Բա.— Բի ըստի, տենա՛նք։

Տարավ. ձեռիցը առավ, հանեց վեց շահի, թե.— Առ, ղազը տու ինձ։