Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թենց ասում ա ու էդ հուշապներին ամենքին էրկու հետ էն շոմբախով տալիս ա թե չէ՝ սատկում են:

Գեղացոց ասում ա, թե.— Դուք հըմի էդ հուշապներին դետին փորեք, ըժում կկորցնեք:

Ըժում ինքն էլ թողում, գնում ա ուրիշ տեղ:

Գնում է տեսնում ծառերի կուշտը հրես մի մարդ ուզում է ծառերից ճյուղը կոտրատի, ծառերը տակռնով դուս են գալի:

Էս Տերտերի տղեն ասում ա, որ.— Հունա՜ր, հունա՜ր, էդ է հունար:

էդ Ծառը կոտրատողը ասում ա.— Հունար, հունար Տերտերի տղին է հունար, որ հուշապներին լծել է ու տարել. սա ի՞նչ հունար ա:

Տերտերի տղեն ասում ա, թե.— Տերտերի տղեն ըստեղ ըլլի, հետը կաղբերանա՞ս։

Ծառը տըկռապոկ անողը ասում ա.— Ինչպես չէ, կաղբերանամ:

— Դեհ,— ասում ա,— մեկ չըլինք, էրկուս ըլենք:

Ու աղբերանում են, գնում։

Շատ են գնում, քիչ են գնում, տեսնում են մեկն էլ մի սարի տակի նըստած է։

Ասում ա Տերտերի տղեն.— Հունա՜ր, հունա՜ր, ա՜յ էդ հունար, որ էս սարը շալակել ա։

Էդ Սարը շալակող մարդն էլ ասում ա.— Հունա՜ր, հունա՜ր, Տերտերի տղին է հունար, որ հուշապներին լծել է ու տարել։

Տերտերի տղեն ասում ա.— Որ էդ Տերտերի տղեն ըստեղ ըլի, կաղբերանա՞ս հետը։

Սար շալակողն ասում ա.— Շատ լավ կըլի։

Դրանք թենց ասում են ու գնում։

Շատ են գնում, թե քիչ, աստոծ գիտի, գնում են, տեսնում, որ հրես մի վերանա չոլում, հրես մի տուն, սրանք ասում են, որ.— Էս մեզ համար տուն կլի։

էն իրիկունը ըդտեղը կառավարում են ըտանք։ Սրանք ըռավոտը մսլահաթ են անում, որ մեկս հետ ընկնենք, կերակուր բան շինենք, տան կրակ, ճրագ վառենք։

Ասում ա, որ.— Ո՞րս հետ ընկնենք։

Բերում են Սար շալակողին ասում են, թե.— Դու կա՛ց, կերակուրներ բան կեփես։

Իրանք վեր կենում ու գնում են հանդը հորսի։