Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գնըմ ա, գնըմ ա, շատն ու քիչն ինքը գիդե, գնըմ ա ու մի վերու ծմակում տենըմ, որ մի եթթաղ ա շինած։ Էդ եթթաղըմը մի քոռ մարթ բերըմ ա ոչխարնին տուն անելիս շեմքըմը կագնըմ ա, հատ-հատ շեմքովն անց կացնըմ, հմբարըմ, տուն անըմ, դուռը փագըմ։ Եդնա գնըմ ա կրակ անըմ, խմոր ունցըմ, կրկենի թխըմ, ուտըմ։ Էդ տղեն էլ գնըմ ա նրա կշտին նստըմ, հմա խոսըմ չի, կրկենուց ինքն էլ անսաս կտրըմ ա, ուտըմ։

Էն մարթը որ տենըմ ա կրկենին թեզ հատավ հա, ըրմանըմ ա, ասըմ ա.— Ո՞վ ես ըտի, թե տղա ես՝ խոսի, իմ տղեն ես, թե ախչիկ ես՝ խոսի, իմ ախչիկն ես, թե մարթ ես՝ էլի խոսի, իմ հընգերն ես։

Էնա տղեն խոսըմ ա։

Ասըմ ա.— Դե իմ տղեն ես։

Էլ եդ կրկենի ա թխըմ, որ ըռավոդն ուտեն։

Ըռավոդը եդ հցավորվըմ են, տղեն ոչխարնին տանըմ ա ըրածացնելու, հլիվորը տանը մնըմ ա։

Հմա հլիվորն էն տղին իրեք ճամփա ա շհանց տալի, էրկուսի հմար ասըմ ա.— Դենը տար, դենը տար։ էն մնի հմար ասըմ ա.— Դենը տանիս ոչ, իմ օտկունն ընղի յա դիբել։

Էն էլ էն էրկու ճամփովը տանըմ ա, էն մնովը տանըմ չի։ Մի օր, էրկու օր, մխելի տհենց անց ա կենըմ, մի օր էլ ասըմ ա.— Հլա դենը տիմ տանիլ, տենամ էն ի՞նչ կա ընդի, որ հլիվորը թողուց ոչ դենը տանելու։

էնա տանըմ ա, տենըմ ա ստանեքեր են։

Հլե դրան տենըմ են թե չէ, ասըմ են.— Ախպեր ջան, ըստի արի, ըստի արի։

Կանչըմ են ու իրանք պար են գալի։ Գնըմ ա։

Ստանեքերից մինն իրա քվորն ասըմ ա.— Գնա քլփաթինը բի։

Ըտի դա գլխի ա ըլըմ: Քլփաթինն ընդի ա ըլըմ դրած, չկել ստանի հասնիլը— ինքը վիր ա ունըմ, քլփաթնով էն մի ստանին ճմրթըմ ա, նղավացնըմ: Ասըմ են.— Խի՞ տհենց արիր:

Ասըմ ա.— Բա քլբաթինն ուզըմ ա որե աչկերս հանե՞։ Իմ հոր աչկերը քոռացրել եք, հմի էլ ուզում եք իմը քոռացնե՞ք: Էկեք թեզ իմ հոր աչկերը սղացրեք։

Ասըմ են.— Դուզ ա, մենք ենք քոռացրել, դու որ տհե լավ տղա ես, առ` քու հոր աչկերն էլ, էս դեղն էլ. տար քու հոր աչկերը տեղը դիր, էս դեղն էլ քսե, կսաղանա։

էդ տղեն եդ ա գալի, ասըմ ա.— Հայրիկ ջան, բա ինձ թողեիր ոչ դենը գնամ, բա խի՞ չի ինձ էլ բան արին։