Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ջղացպանը դռան ըրանքովը մտիկ ա անըմ, տենըմ ա, ըռխի ջուըը վեր դառնալով բաց ա անըմ, դրան նի ա տանըմ։ Տանըմ ա հատիկը վրեն ածըմ, գալի։

Եգանն ասըմ ա.— Ես մրսըմ եմ, արի կրակ անենք։

Ջղացպանը մին սփրթնըմ ա, եդ-եդ ասըմ ա.— Բի պուճուր բխուրակըմը կրակ արա։

Ասըմ ա.— Իմ ջանը պուճուր բխուրակով գոլանալ չի, վենձըմը տիմ անիլ։

Ջղացպանը ջիզդան սփռթնըմ ա, ասըմ ա.— Չէ, պուճուրը վառե, վենձը խարաբ ա։

Ասըմ ա.— Տո ի՞նչն ա խարաբ, խարաբը ես կսարքեմ, թող վենձը վառենք, մի կրկենի էլ թխենք, ուտենք։

Ասըմ ա ու գնըմ վենձ բխուրակի մոխիրը եդ ա քաշըմ, տենըմ ա քյոխվի տղեն ընդի գոռած ա, ասըմ ա.— Էս ընչե՞ր ես արել, սաղ գեղը ման ա գալի, թե էս ով ա սպանել Քյոխվի տղին։

Ջղացպանը լգլգոցն ա ընգընըմ, ասըմ ա.— Ինչ ուզես կտամ, ինձ ըռեխ մի տալ։

Ասըմ ա.— Սաղ գեղին թլանել ես, հմի էլ քյոխվի տղին ես սպանե՞լ, յավաշ, տես քու գլխին ինչ օյին կբերեմ, դուն էլ ինչ կտենաս։

Ջղացպանը դրա ոտներն ա ընգնըմ, ղանչանք անըմ, ասըմ ա.— Ինձ ըռեխ մի տալ, իմ ունեցածի կեսը քեզ կտամ։

Եդնա գնըմ ա մի տոպրակ ոսկի պհած տեղիցը հանըմ, բերըմ ա տալի եգանին։

Եգանը վեր ա ունըմ, ասըմ ա.— Էս վեր կունիմ, հմա քեզ հետ պայման կանեմ, որ սրանից եդը թողուս խալխը բերեն իրանց հատիկն անհախ աղան ու տանին, որ մնիցը հախ ես վի կալել, կգնամ կասեմ, որ քյոխվի տղին դուն ես սպանել։

Իլլաջն ի՞նչ։ Ջղացպանն ըռազի յա ըլըմ դրա պայմանին, դա ալիրն ու մի տոպրակ ոսկին վեր ա ունըմ, դուս գալի, գալիս ա տուն։

Ըրիգունը որ բանից պրծնըմ են, եգանը հացն ուտըմ ա ու մտնըմ տեղը։ Տենըմ ա, որ քեռին ու քեռեկինը քչփչում են։ Գլուխը կոխըմ ա յորղանի տակն ու սուտ քուն տալի, անգաճ ա դնըմ:

Քեռեկինը մարթին ասըմ ա.— Սա մեր գլխին օղբաթ շատ տի բերիլ, հմի որ իմանան, գդնուն, ի՞նչ ջուղաբ տիս տալ։

Մարթն էլ գլխի չի, թե բանը ոնց ա, կնիկն էլ ստանա յա, մարթու աչկերը կապըմ ա, էն նաչարը բան չի գլխի էլած ըլըմ: