Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա ասըմ ա.— Չէ՛, քունը էն ա։

Սրանք շատ են ղլմաղալ անըմ, իրար հետ գալիս են կաթողիկոսի կուշտը, հարուստը մտնըմ ա թաքուն կաշառում, ու նոր իրար հետ մտնըմ են բողոքըմ. կաթողիկոսը ուզըմ ա, վեր աղքատի արտը հարուստին տա։

Ասըմ ա.— Գնացեք ձեր տները, էգուց սհաթի վեցին ով ըստի ըլավ, նշանակըմ ա էն լավ արտը իրանն ա։

Հմի էս քյասիբը մտածըմ ա, ասըմ ա.— Նա ձիով շուտ կգա, բա ես ի՞նչ անեմ։

Սա մտիկ ա անըմ, տենմ ա հարուստն ու կաթողիկոսը քչփչում են, էդ հադաղին դա թաքուն մտնըմ ա կաթողիկոսի թախտի տակը։

Քշերվա մի վախտը մի կնիկ մի բոխչա կապած գալիս ա սրա կուշտը, ասըմ ա.— Կաթողիկոս ջան, Կիկոսիս փսակըմ եմ, տերտերը թուխտ չի տալի, վեր հրսանիք անեմ, խնդրըմ եմ մի թուխտ տաս, վեր տղիս փսակեմ։

Ասըմ ա.— Օրշնյալ տերտերը ճիշտ ա արել, երևի չի հասնըմ։

Ասըմ ա.— Հասնըմ ա։

Էդ կնիկը շատ սիրուն ա ըլմ, կաթողիկոսի աշկը ընգնըմ ա էդ կնգանը։

Ասըմ ա.— Օրշնյա՛լ, դե բի իմ Կիկոսն ու քու Կիկոսն էլ իրար հետ փսակենք։

Էս կնիկը առաջ չեմ ու չում ա անըմ, համա դե տեղը նեղ ա, ինչ անի, համաձայնվըմ ա։

Էն քյասիբն էլ ամեն բան տենըմ ա։

Ըռավեդը շուտ աղքատը դուրս ա գալի, ասըմ ա.— Ես էկա։

Հարուստը գալիս ա, ասըմ ա.— Ես էլ էկա։

Նա ասըմ ա.— Ես եմ շուտ էկե։

Նա էլ ասըմ ա.— Ես եմ շուտ էկե։

Կաթողիկոսը ասըմ ա.— Դու ե՞փ ես եկել։

Աղքատն ասըմ ա.— Օրշնյալ, ես էն վախտին եմ եկել, որ քու Կիկոսին ու էն կնգա Կիկոսին իրար հետ փսակեցիր։

Կաթողիկոսը վախից ասըմ ա.— Սո՛ւս, անիծվես դու, անիծվես, գնա՛, գնա՛, էն լավ արտը քունն ա։