Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դուռը բաց արավ, ու ես հիմնեցի ուսումնարաննի, աղքատանոցնի, ժամեր ու վանքեր։ Շատ անբախտնի ըրտասունք ըրեսիցը սըրբեցի, շատ աղքատնու մի կտոր հացի տիրացրի, շատերին էլ չար ճամպից եդ դարձրի։ Կարճ ժամանակում մեր աշխարն ինձ սիրեց, ու ես ամենի աչքի լիսը դառա։ Իմ հերն էլ հո իմ բոլոր խնդիրքնին կատարում էր, իմ ոչ մի խոսքը գետին չընկավ։ Ես դառա մեր ռըհաթի խոսքն ու զրիցը, թե՛ մենձ, թե՛ պուճուր ճընանչում ին ինձ ու իմ արևովը երթում ուտում։

Իմ թագավոր հերը ամեն հետ ինձանով պարծենում էր ու համեշա իմ խորհրդին անգաճ էր պհում։ Նա միշտ ամեն օր ճաշերին, ինչքան էլ գործ ունենար, գալիս էր իմ կուշտը, հետս մը քիչ զրից անում ու եդո գնում։ Իմ կյանքը ուրիշներու հըմար եդ դրած՝ ես անց ի կացնում իմ օրերը ուրախ ու բախտավոր։ Իմ սիրտն էլ անմեղ էր ու թամուզ, ոնց որ ձմեռվա էկած նոր ձինը, ոնց որ ամառվա պարզ գիշերը, ոնց որ երկնային ցողն ու արևը։ Մինչի որ մի անցք իմ կյանքը փոխեց ու ես քաշեցի դառն ու սև օրեր։

Մի օր ես կառք նստած անց ի կենում մեր քաղքի մի մենձ քուչով։ Ամենքն, իհարկե, ճանաչում ին ինձ, ամենքը խոնար բարովում ին ինձ։ Մի զարգյարի խանութի դռանը կանգնած էր մի ջահել ու սիրուն տղա, որն ինձ բարովեց ծիծաղն էրեսին։ Ես անց կացա, ամա նրա պատկերը սրտումս տպվեց։ Որտեղ գնացի, ինչ էլ որ արի, ուշքս ու միտքս նրա վրա էր։ Ճամպեն եդ գալիս՝ մատանին կոտրեցի ու հենց որ հասա զարգյարի խանութին, վեր էկա, տուն մտա, մատանին տվի զարգյարին, որ շինի։ Էն տղեն էլ ընտեղ էր։

Զարգյարին հարցրի.— Ո՞վ ա էս տղեն։

Զարգյարն ասավ.— Էս իմ տղեն ա, թագավորի աղջիկ, ձեր ծառեն, սա մեր մինուճարն ա, իմ ու իրա մոր աչքի սևն ու սպիտակը։

Ես հարցրի.— Ե՞րբ հազիր կլինի իմ մատանին։

Նա ասավ.— Էգուց ըռավոտ։

Ու ես խնդրեցի.— Էգուց ըռավոտ մատանին կղրկես պալատ քու տղի ձեռով։

— Աչքիս վրա, թագավորի աղջիկ,— ասավ զարգյարը ծիծաղն էրեսին։

Ես գնացի տուն, ու էն գըշերը քունս չտարավ։ Զարգյարի տղի պատկերը աչքիս ըղաքից հեռանում չէր։