Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու զարմացան. ինձ էլ որ մտիկ արին, զարհուրեցին։ Աներս ու մեկել տանըցիք էլ նրանց եդնուց դուս թափեցին։ Ես պատմեցի եղելությունը։ Անորս մենձ տղեն որ մի ղոչաղ ու նամուսով տղամարդ էր, էդ բանը որ լսեց, կատաղեց։ Էլ ժամանակ չտվուց. «Աննամուս», գոռաց, իր թուրը քաշեց ու կնկանս՝ իրա քրոջ, գլուխը թռցրեց։ Բոլորն էլ ասին. «Հախն Էր»... Էդ գշեր ինձ իրանց տանը պահեցին։ Մյուս ըռավոտը ինձ իրանց փոքր քրոջ հետ պսակեցին ու ճամպա դրին։ Ես անորս մենձ տղին հետս վերցրի, երբ հասանք մերին, ես նրանց իմ թազա կնկանն ու իր մենձ ախպորը տարա թուշ էն էրի դուռը։ Վեր էկանք։ Անորս տղի հետ ներս մտանք։ Բոլոր ոսկին ու էրծաթը, էն խաս ու ղումաշ ճոթ ու կտորները բեռներ բռնեցինք։ Դուրս քշեցինք դավյրիշի հինգ ձիանը ու բարձեցինք, հինգ ձիաբեռ Էլավ։ Էրկու ձիաբեռը տվի անորս տղին, իսկ իրեք ձիաբեռը ես վեր կալա։ Նա գնաց իրանց տուն, ես Էլ իմ թազա կնկա հետ էկա մեր տունը։ Շատ չքաշեց հերս՝ Ջաֆար աղեն, դարդից մեռավ։ Իմ բերած հարստությունը նրա աչքին չէր գալիս, քանի որ նրա աչքի լույս Զոռ-Մուստաֆեն զրկվել էր իր ամենամենձ հարստությունից՝ էրեսի գեղեցկությունից, ոսկեքանքուլ մազերից, մի խոսքով իրա շնորհալի քիսպաթից[1]։ — Ղարիբ ախպեր,— դարձավ ինձ Զոռ-Մուստաֆեն,—թուրքն ասում ա. «Քիսպաթ դա բիր դովլաթ դըր»[2]։ Հմի ես էդ դովլաթից որ առաջ իմ պարծանքն էր, զրկված եմ ինձ պատահած էդ փորձանքի էրեսից։

  1. Քիսպաթ—դեմք, պատկեր—Ծ. Բ.:
  2. Քիսպաթ դա բիր դովլաթ դըր—Գեղեցիկ դեմքն էլ հարստություն է.—Ծ. Բ.։