Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Է՛, լավ, ապի գնացիր աշխար ման եկար, էլ ուրիշ ի՞նչ տեհար, ի՞նչ իմացար, պատմի տենենք։

— Ինչ պտի տենիլ, որդի, աշխարք ա էլի, ով ունի՝ ուտում ա, խմում, քեֆ անում, ով չունի՝ վայ ա տալի իր սև օրը, արին-քըրտինք ա անում, որ մի կտոր չոր հաց ունենա։— Հա՛, ըղորդ, աղջիկ ջան, ըսօր ինձ հետ ընկերացան էրկու ջահել տղա։ Նրանց ժաժ գալուց, խոսք ու զրիցից ըրևում էր, որ նրանք հասարակ մարդիկ չեն՝ խելոք ու ուսումով տղեք են, ամա ճամպին մի էրկու սարսաղ բան ասին։

Ու ծերը պատմեց կարմունջի բանը։ Աղչիկը քմծիծաղ տալով ասավ.— Ապի, դու շատ միամիտն ես. նրանք քեզ կապանք են ասել, դու գլխի չես ընկել։ Դու նրանց «սարսաղ» ես ասել, սարսաղը նրանք չեն։

— Բա, ո՞նց որդի, մի մարդ կարա՞ եքա ջրին կարմունջ դառնա։

— Է, ապի, երբ նա ընենց ասավ, դուն Էլ կասեիր. «Ես ծեր եմ որդի, կարող չեմ կարմունջ դառնալ, մինդ ու մինդ կարմունջ դառեք, ես Էլ վրովն անց կենամ», էն վախտը նրանցից մինը կբոբիկանար, քեզ կշալակեր, ջուրն անց կկացներ. նա կդառնար քեզ համար կարմունջ։

— Ղորթ որ Է,— գլխի ընկավ ծերը ծրծորանքը քորելով,— էդ լավ, ասենք, ամա մի մարդ կարա Դվալա սարին նարդիվան դառնա՞։

Ու պատմեց նարդիվանի բանը։

— Է՜, ապի,— ասավ աղջիկը,— էլի գլխի չես ընկել, երբ նա ընենց ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, կարալ չեմ նարդիվան դառնալ, մինդ ու մինդ նարդիվան դառեք, ես Էլ վրովը բարձրանամ սարը»։ Էն վախտը նրանցից մինը վեր կուներ ու կսկսեր մի լավ հեքիաթ, մի նաղլը, յա մի պատմություն։ Դուն էլ անգաճ կանեիր ու սարը հենց կբարձրանայիր, որ չէիր իմանալ, թե, ո՞նց բարձրացար։ Էդ կդառնար քեզ համար նարդիվան։

— Ղորթ որ է,— ասավ ծերը.— էդ էլ ես լավ ասում։ Լավ, էդ ասենք ըթենց։ Ամա արտը կանանչուց կուտվի՞։

— Է, ապի, ապի,— ասավ աղջիկը,— էդ հասարակ կապանքն էլ չես գլխի ընկել։ Ախար մի մարդ, երբ որ պարտքով ա վարում, ցանում, որ հնձի, կալսի, պարտքատերը կգա, կտանի, էդ ասելն է՝ նա կանանչուց ա կերել։ Իսկ էն մարդը, որ իրան աշխատանքովն ա վարել ու ցանել, նա իհարկե, արտը որ հասնի, կհնձի, կկալսի, ամբարը կլցնի ու ինքը կուտի։