բերվում որպես գործող անձինք, ինչպես նաև հերոսներին տրված մականունները։
5. Սկզբնաղբյուրներում հանդիպող՝ բանահավաքների ընդմիջարկումները (դարձվածքների ու արտահայտությունների բացարություններ, առանձին դեպքերի ու դրվագների մեկնաբաություններ և այլն) առանձնացված են բուն բնագրից և տրված են տողատակում՝ համապատասխան ծանոթությամբ։ Բնագրերում հանդիպող բարբառային և տեղական բառերի բացատրությունները հանված են և տրված վերջում, ընդհանուր բառարանում։
Այս ընդհանուր սկզբունքների ու կանոնների կիրառմանը զուգընթաց հաշվի են առնված հատորի նյութերի առանձնահատկությունները։
Ներկա հատորի բնագրերի հիմնական բաժինը կազմում են բուն Տաշիրքի (Լոռու) հեքիաթները։ Հեքիաթների տեղաբաշխումը նպատակահարմար գտնվեց կատարել ըստ առանձին միկրոշրջանների։ Սկզբում դրված են Թումանյանի (նախկին Ալավերդու), Ստեփանավանի, ապա Նոյեմբերյանի շրջանների հեքիաթները։ Միկրոշրջանների ներսում էլ հեքիաթները խմբավորված են ըստ առանձին բանահավաքների գրառումների, վերջիններս էլ դասավորված են ըստ տեսակների (հրաշապատում, արկածային, կենցաղային, երգիծական-զավեշտական և այլն)։ Խմբավորման հիշյալ սկզբունքը հնարավորություն է տալիս դիտելու հեքիաթների ոճական միասնությունը, ազգագրական, տեղագրական ու գեղարվեստական առանձնահատկությունները։
Թումանյանի շրջանի բնակավայրերի հեքիաթների մեջ ըստ գրառման ժամանակի վաղագույնը Տիգրան Նավասարդյանցի «Հայ ժողովրդական հեքիաթների» V և X պրակներում տպագրված Շնող գյուղի (Հմայակ Մաժինյանցի գրառած) և Օձուն գյուղի (Անուշավան Աբովյանի գրառած) 8 հեքիաթներն են։ Տ. Նավասարդյանցի հրատարակած բնագրերում նկատվում է բարբառի քերականական և հնչական յուրահատկությունների պահպանման ձգտում։ Այս բնագրերում կան Թիֆլիսի բարբառին առանձնահատուկ մի քանի բառաձևեր (կոնեմ, կոնես և այլն)։
Թումանյանի (Ալավերդու) շրջանի հեքիաթների գերակշռող մասը բազմավաստակ ազգագրագետ-բանահավաք Երվանդ Լալայանի 1915—1916 թթ․ բանահյուսական խմբարշավի անտիպ նյութերն են՝ 40 հեքիաթ, որոնցից 30-ը գրի է առել ինքը՝ Եր․ Լալայանը, իսկ 10-ը՝ խմբարշավի անդամներ Ն․ Մարտիրոսյանը,