Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաղթանակող հայացք նետելով ունկնդիրների վրա, սկսեց փորել կաղամախի կեղևը, որի ճյուղքերի վրա բազմել էր նա։

Թռչունները լուռ նայում էին սարյակին և տեսնում էին, թե ինչպես նրա աչքերից մեկը մյուսի ետևից գլորվում էին արցունքները։ Ինչո՞ւ համար նա կարող էր արտասվել, եթե ոչ— իր մեղքի համար նրանց առջև։ Այդքան չնչին, գորշավուն և ստախոս սարյակ․․․

Իսկ նա տխուր նայում էր այնտեղ, հեռուն, և նրա աչքերը կարծես թե հրաժեշտ էին տալիս ինչ-որ բանի։

Լուռ էր պուրակը, և թռչուններն անշշուկ թռչում էին իրենց տեղերը։ Թռավ և փայտփորիկը, ուղեկցված հարգալից խոնարհությամբ նրա իմաստության առջև։

Օրն այնքան թախծալի էր, կարծես ուզում էր լաց լինել ինչ որ բանի համար։

Եվ ահա սարյակը, որը ստում էր, մնաց մենակ։ Անշարժ և ճնշված, նա նստած էր կաղնու ճյուղքին, և միայն մի ճայ էր հետաքրքրությամբ նայում նրան կաղնու վարանոտ, դողդոջուն ճյուղքի ետևից։ Բայց դա նրան շուտով ձանձրացրեց և, հեգնական սուլելով նա թռավ—գնաց։

Իսկ սարյակը մնաց, և, նստած կաղնու ճյուղքի վրա, մտածում էր․

— Ես ստեցի, այո՛, ես ստեցի, որովհետև ինձ անհայտ է, թե ի՛նչ կա պուրակից անդին, բայց ախար հավատալը և հուսալն այնքա՜ն լավ է․․․ Ես էլ ախար միայն ուզում էի արթնացնել հավատ և