Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեր կրթության ու դաստիարակության համար։ Դպրոցը, բարեկամնե՛ր, թանկ է ամեն ինչից, քանզի այնտեղ է ձևավորվում ապագա քաղաքացին, մասնագետը, մարդը։ Ուրեմն՝ երախտապարտ եղեք այն օջախին, այն դարբնոցին, որտեղ ձևավորվել, կռել, կոփվել է ձեր հոգևոր աշխարհը։ Հաջողությո՜ւն ձեզ, մեր գարնանավե՛տ ծիծեռնակներ։

* Նրա ներկայությունը, ինչ խոսք, զգաստացնում էր մեզ, թեև, ի դեպ, այնքան էլ լավ բաներ չէի լսել այդ հիրավի՛ կենսասեր մարդուց։ Ապրելով իսկապե՛ս գոռոզ Փարիզում՝ Գրիգոր Մարկիչը, պարզ է, հագնվում էր կոկ ու շքեղ (որը, ի միջիայլոց, շատ սազում էր նրա գեղեցիկ արտաքինին) ու խոսելիս, չգիտես ինչու, ամաչում էր աչքերիդ ուղիղ նայել, որը, հավանաբար, ոչ թե ամոթխածության նշան էր, այլ, եթե չեմ սխալվում, սովորությունն էր նրանց գերդաստանի։ Ինչևէ, ամեն օր գալիս նստում էր զբոսայգում ու, հասկանալի է, սպասում էր, որ ուրիշները հետաքրքրվեն իրենով (հատկապես հարցեր տան իր կենսագրության, ուսման ու, ինչ ասել կուզի, նաև յուրահատուկ կեցվածքի, քաղաքավարության մասին)։ Մի անգամ (կարծեմ մայիսի 5-ն էր) Մարկիչը (շատերն, օրինակ, նրան այդպես էին դիմում, մանավանդ մերձավորները, որոնց նա առանձին սիրով էր վերաբերվում) զբոսայգում նստած՝ հանկարծ նկատեց ինձ և, որքան գիտեմ, ձեռքն էլ բարձրացրեց, որ ցույց տա իր ներկայությունը, և ես էլ, այդ մասին ինչ խոսք, մոտենամ իրեն, որ զրուցենք։ Բայց ես, ցավոք, շտապում էի գործարան։ Ինչպես ասացի, Մարկիչը շատ էր սիրում, որ ուրիշները հետաքրքրվեն իրենով, բայց, տարօրինակ բան է, ես այդ մարդու ամեն շարժում կեղծ էի համարում (գուցե սխալվում էի, ով իմանա, այդ ժամանակ ես այդպես էի հասկանում)։ Հաջորդ օրն ինձ հանդիպելով՝ մեղմ ժպտաց (նա սովորաբար բարձր ծիծաղել չգիտեր, որը, անտարակույս, ավելի բարեկիրթ տպավորություն էր թողնում), ապա սկսեց. «Սիրելի՛ տղա (նա սովորաբար այդպես էր կանչում երիտասարդներին), երեկ երևի շտապում էիր ինչ-որ տեղ, անհետաձգելի գործ ունեիր, հա՞»։

***

Նա ոչ մի խոսք չկարողացավ արտասանել։

— Նա ուզում էր ինձ շաբաթական երեսուն դոլլար տալ,— ասացի, բայց ես հեռանում եմ։

Նա լուռ կանգնած՝ միայն ծանր շնչում էր։

— Միսիս Հիլպլի,— ասացի ես,— նրանք ստիպված կլինեն նորից ձեզ ծառայության ընդունել, որովհետև այժմ չկա մեկը, որ ձեր գործն անի։

— Ջո՛,— ասաց նա,— դուք ինձ խիստ վշտացնում եք։