Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարահյուսական[1] և ոճական-դարձվածաբանական: Ինչ խոսք, այստեղ մեզ հետաքրքրողն առաջին խումբն է։ Բառակապակցությունը միջին օղակ է բառի և նախադասության միջև։ Նա բառ չէ, քանի որ կազմված է երկու և ավելի բառերից։ Մոտ է բառին, քանի որ բառակապակցությունը կարող է նաև մեկ հասկացություն արտահայտել։ Նախադասություն չէ, քանի որ ստորոգում չունի, բայց մոտ է նախադասությանը, որովհետև նախադասությունը հիմնականում ստորոգում ունեցող յուրահատուկ բաոակապակցություն է, մանավանդ որ բառակապակցությունները ևս կարող են խոսքում անկախ գործածություն ունենալ և նախադասություն դիտվել՝ խոսքային ոլորտի ու հնչերանգային ավարտվածության շնորհիվ։ Շարահյուսական բառակապակցությունները դրսևորվում են կազմիչ անդամների սերտ, քերականական ընդգծված կապով, լրացյալ-լրացման անքակտելի միասնությամբ։ Այս առումով էլ այդ կապակցություննեը լինում են՝

ա) որոշիչ-որոշյալի (կարմիր մեխակ, հերոսական պայքար, հազար հոգի, երկրորդ դասարան, այդպիսի մարդ, խմելու ջուր, քայլող երեխա, թամբած նժույգ, հանկարծակի հայտնություն, ոտքի վրա որոշում).

բ) հակացուցչ-հատկացյալի (Վարդանի զորքը, ծառի ճյուղը, իմ եղբայրը, վաստակածի չափը).

գ) խնդիր-բայի (Արամին հանդիպած, ընկերոջը տալ, սիրել եմ մորս, հեռացա նրանից, գրում եմ մատիտով, խոսում եմ պատերազմից...).

դ) պարագա-բայի (գնալ տուն, վերադառնալ զգուշորեն, չափազանց շատ աշխատել, արդեն գնացած, հիվանդության պատճառով բացակայող...):

Ուրեմն՝ բառակապակցություններ կարող են կազմել նախ և առաջ գոյականն ու բայը (դիմավոր և անդեմ), ապա նաև ածականը, մակբայը, ինչպես նաև եզակի դեպքերում՝ թվականն ու որոշ դերանուններ։ Գոյականի և բայի ստեղծած կապակցությունները ակնբախորեն պարզ ու հասկանալի են, մյուս նյութական խոսքի մասերինը՝ ոչ այնքան, ինչպես՝ շատ սիրելի, միշտ պարտաճանաչ, եզակիորեն ազնիվ, վերին աստիճանի միամիտ, այսքան տգեղ, այսպիսի ճերմակ:

Հարկ է նշել, որ այս լրացումները (արտահայտված մակբայով, դերանվամբ) ածականի դրսևորած հատկանիշի աստիճանն են ցույց տալիս, սակայն իրենց լրացյալի հետ սովորաբար արժեքավորվում են որպես մեկ շարահյուսական միավոր՝ որոշիչ (այսքան տգեղ կենդանի

  1. Բառակապակցության դերադաս և ստորադաս բառերն իրենց պաշտոններն ստանում են միմիայն որոշակի նախադասություններով: