Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց կազմի մեջ մտնող նախադասությունների տրամաբանական կապը, այլ լեզվական-շարահյուսականը՝ քերականականը։ Օրինակ՝ Աշակերտը լավ պատասխանեց և ստացավ «գերազանց» գնահատական: (1) Աշակերտը լավ պատասխանեց, հետևաբար ստացավ «գերազանց» գնահատական: (2) Ըստ էության սրանք նույն միտքն ու բովանդակությունն ունեն, սակայն քերականորեն տարբեր են։ Որքան էլ դրանցում առկա լինի պատճառահետևանքային կապը, այնուամենայնիվ, առաջինը համադասական է, իսկ երկրորդը՝ ստորադասական։ Եվ դա, ամենից առաջ, շաղկապների շնորհիվ։ Կամ՝ Աշակերտը դասը պատասխանեց, բայց ստացավ «անբավարար»: (1) Թեև աշակերտը դասը պատասխանեց, բայց «անբավարար» ստացավ (2):

Ինչ խոսք, դարձյալ, կախված շաղկապական միջոցներից, առաջինը համադասական է, երկրորդը՝ ստորադասական։ Եզրակացությունը մեկն է՝ համադասական ու ստորադասական նախադասություններն իրարից զանազանվում են հիմնականում շաղկապական միջոցներով ու հնչերանգով։

ԲԱՐԴ ՀԱՄԱԴԱՍԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆ

Բարդ համադասական նախադասության կազմի մեջ մտնող հաղորդակցական միավորները միմյանց նկատմամբ գտնվում են ոչ թե քերականական-լրացական, այլ՝ ներքին իմաստային-տրամաբանական հարաբերության մեջ։ Այլ կերպ ասած՝ նրանք առավել անկախ են իրարից այնպես, ինչպես սովորական գլխավոր նախադասությունները, որոնք կարող են շղթայակցվել կա՛մ շաղկապներով, կա՛մ էլ առանց շաղկապների՝ շարահարությամբ: Օրինակ՝ Լույսը բացվեց, բայց նրանք դարձյալ չերևացին: Լույսը բացվեց, նրանք դարձյալ չերևացին: Դժվար չէ նկատել, որ առաջին նախադասության կազմի մեջ մտնող երկու միավորները եթե միմյանց նկատմամբ ունեն հակադրական հարաբեարություն, որն արտահայտում է հակադրական-սահմանափակման շաղկապով, ապա երկրորդում կազմիչ միավորների հակադրականությունը ակնառու չի ընդգծվում, բայց միասնականությունը մասամբ խախտվում է, և ինքնուրույնությունն ավելի շեշտվում։ Ի դեպ, շաղկապները գործածվում են հենց այդ տարբերությունն արտահայտելու համար։

Համադասական նախադասություններն իրար հետ կապվում են համադասական շաղկապներով [և, ու, թե, բայց, սակայն, իսկ, կամ (թե), այնինչ, այնուամենայնիվ, այդուհանդերձ, համենայն դեպս, այլ (ոչ թե, ևս, նույնպես, էլ, այլ, այլ նաև, այլև, ոչ միայն,...այլև, ոչ թե... այլ, այսինքն, մինչդեռ, ընդ որում, ըստ որում, ապա, ոչ, այնինչ, բայց և այնպես, թե չէ, և ոչ թե, բայց ոչ թե և այլն], ինչպես նաև շաղկապական բառերով, որոնք կարող են լինել տարբեր խոսքի մասերի պատկանող բառեր։ Սրանք իրենց խոսքամասային հիմնական հատկանիշներն