Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի տեսարան, որ եթե երազումս տեսնեի, արյունս պիտի սառչեր երակներիս մեջ։ Բայց հուսահատությունը ինձ տվել էր տարօրինակ քաջություն, ես չվախեցա։ Մոտ հարյուր սրիկաներ Ագրինցևի ղեկավարությամբ ներս խուժեցին՝ փայտերով, կացիններով զինված։ Կային և կանայք ու պատանիներ։

Ես փորձեցի կաշառել խուժանին փողով, որ մագազինս չկողոպտեն։ Բայց ո՞վ էր լսում։ Այստեղ միայն Ագրինցևի ձայնն էր ազդու։ Սրիկաներն ինձ հրեցին ներս, և այդ պահին լսվեց ատրճանակների ձայն։ Խուժանը մի վայրկյան ետ մղվեց՝ գոռալով.

— Ռումբ, ոումբ․․․

Բայց ոումբ չկար։ Դա Ռաբինովիչի ատրճանակն էր, որ սրիկաներից մեկին թավալեց դռների մեջ։

Առաջ բռնեցին Շմուլ Մոզերին։ Բռնողը մի հաղթանդամ կին էր՝ Մեհերայի ահռելի կերպարանքով։ Նա գոռում էր.

— Ես քեզ պիտի կենդանի այրեմ։

Եվ ձգեց ընկերոջս ամբոխի ձեռքը։ Բայց Շմուլ Մոզերին մահ չէր վիճակված։ Նրան քաշքշեցին, ծեծեցին, ոտնատակ արին, բայց և այնպես ազատվեց։ Կապկի ճարպկությամբ դուրս պրծավ տասնյակ ձեռքերից՝ պատառոտված հագուստով, ջարդված կողերով և փախավ մագազինի ետևի դռներով, թողնելով հատակի վրա արյան հետք։

Շրջապատեցին Ռաբինովիչին։ Նա դատարկել էր արդեն ատրճանակը և դարձյալ մեկին սպանել և երկուսին վիրավորել։ Զենքը խլեցին ձեռքից, և մեկը սկսեց նրա կոթով զարնել թշվառի բաց գլխին։ Այս բոլորը տևեց մի քանի րոպե միայն։ Խուժանն արդեն կողոպտում էր ունեցածս։ Ես տեսա ազնիվ գործակատարիս այլանդակված դիակը փողոց շպրտվելիս։ Նրա գանգը երկու կտոր էին արել կացնի հարվածով։ Թշվա՜ռ մայր․․․ նա այժմ թափաոում է փողոցներում՝ ցնորված․․․

— Աա՜, վերջապես դու իմ ձեռքումն ես,– լսեցի ես Ագրինցևի ձայնը այն ժամանակ, երբ մի թեթև հույս կար ամբոխի ձեռքից ազատվելու,– ո՞ւր ես ուզում փախչել։

Նրա հուժկու ձեռքերն ինձ սեղմեցին պատին։ Ի՛նչ թաքցնեմ, պարոն, ես նրան խոստացա բոլորը, ինչ-որ ունեի,