Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալթունովին դարձնելու,— առաջին անգամ չէ, որ ձեզ նման ճամփորդ եմ տեսնում:

— Կոնդուկտո՛ր, քաղաքավարի եղեք:

— Համենայն դեպս ձեզնից չպիտի սովորեմ քաղաքավարություն։

Ալթունովը բորբոքվեց:

— Լսում ե՞ք, լսում ե՞ք,— դարձավ նա թուրքերեն,— ահա այդպես են այդ գռեհիկները, միշտ կոպիտ: Ես հենց առաջին կայարանից կհեռագրեմ երկաթուղու գլխավոր կառավարչին, որ իմ ամենամտերիմ բարեկամն է ու գիտի ես ով եմ։

— Կարոդ եք հեռագրել, որքան կամենաք,— պատասխանեց կոնդուկտորը, նստարանից իջնելով,— այդ տեսակ սպառնալիքներ մենք ամեն օր լսում ենք:

Եվ, մի հեգնական ժպիտ պարգևելով ուղեկցիս, դուրս գնաց:

— Վայրենի՛,— գոչեց Ալթունովը, մի ոտը հատակին զարկելով և բռունցքն օդի մեջ բարձրացնելով:— Սպասի՛ր, անասուն, երբ քեզ պաշտոնից կզրկեն, այն ժամանակ կիմանաս, թե ով է Արկադիյ Մարկովիչ Ալթունովը։ Ես դեռ երեկ Կովկասյան կառավարչապետի օգնականի հետ «Օրիանտ» հյուրանոցում ճաշելիս խոսում էի երկրի անկարգությունների մասին: Հարկավոր է միայն չմոռանալ գնացքի համարը և այդ անպիտան կոնդուկտորի անունը հարցնել մեկից: Ես իսկույն հեռագիր կկազմեմ:

Եվ, ծոցից դուրս բերելով հուշատետրը, ինչ-որ գրեց այնտեղ, արտասանելով,— հանդո՛ւգն, լի՛րբ, անասո՛ւն․․․

Այսպիսով, բավականաչափ զգալ տալով նորեկներին իր ընկերական դիրքի բարձրությունը (երկաթուղու կառավարչի հետ մտերիմ բարեկամ լինելը և հենց երեկ կովկասյան կառավարչապետի օգնականի հետ «Օրիանտ» հյուրանոցում ճաշելը), նա պառկեց մեջքի վրա և սկսեց ինչ-որ կտոր երզել «Գեյշա» օպերետից:

Երբ բոլորովին հանգստացավ, դարձյալ զլուխը բարձրացրեց, նստեց և նորեկներին հարցրեց.

— Որտե՞ղ եք բարեհաճում գնալ։

— Եվլախ,— պատասխանեց երիտասարդ թուրքը:

— Երևի առևտրական զորքերով:

— Մենք առևտրով չենք պարապում, – ասաց երիտասարդը մի տեսակ վիրավորված եղանակով:

— Հապա՞:

— Մենք կալվածատերեր ենք։