— Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ, ապա թե ոչ, քիչ էր մնում վախենայի քեզ համար։ Էհ, այժմ թողնենք այդ և դառնանք ուրիշ կողմ։ Գրողը տանի, այսօր ես սոխակի պես եմ բարբառում, լեզուս խիստ է բացվել։ Գիտե՞ս ինչ, դու շատ էլ մի պարծենար քո խելքով։ Եթե դու գրել գիտես, ես խոսել գիտեմ. ես քեզ համար շատ բան եմ արել։ Օ, օ, ես չլինեի, այսօր դու, ով գիտե, քաղցած պիտի զկռտայիր։ Հիշում եմ այսօրվա պես, դու տասներկու տարեկան էիր, երբ մեր հայրը, Տեր-Առաքելը մեռավ։ Այն ժամանակ ես կոնսիստորիայում գրագիր էի ամսական քսաներկու ռուբլով։ Վերցրի քեզ իմ թևերի տակ ինչպես մայր, որովհետև մեր մայրը քեզ ծնելիս էր մեռել։ Ես էի, որ քեզ տվեցի Մյուլմանին աշակերտ։ Ամենաառաջին կազմարարին։ Իմ խաթրու նա քեզ արհեստ սովորեցրեց երեք տարում։ Երկու ամսվա ռոճիկս միացրի քո խնայած գումարին, քեզ համար արհեստանոց բաց արի։ Այժմ դու ամենալավ կազմարարներից մեկն ես իմ շնորհիվ, այո, իմ շնորհիվ։ Այժմ դու ապրում ես մարդու պես, իսկ ես շան նման կյանքս քարշ եմ տալիս փողոցներում և մի օր անտեր, անօգնական կսատկեմ մի աղբանոցում։
— Եվ ո՞վ է մեղավոր, որ դու այդպես ես,— գոչեց Արամը։
— Ի՞նչ, ո՞վ է մեղավոր։ Դու չգիտե՞ս, որ հարցնում ես։ Մոռացե՞լ ես կնոջս։ Ախ, այն գարշելի արարածին։ Աստծուն է հայտնի, որ ես նրան սիրում էի։ Ինչ արավ նա ինձ։ Ախ, մինչև այն սարսափելի օրը ես օրինավոր մարդ էի, օղու հոտը չէի իմանում։ Այն օրից ես սկսեցի ընկնել ու ընկնել և հասա, ահա, այս դրության։ Ես միայն մի բանում եմ մեղավոր, այն է, որ, այդ րոպեին հենց անկողնի մեջ երկուսին միասին շանսատակ չարի։ Էհ, եղբայր, ինչու ինձ հիշեցրիր այդ պատմությունը։ Թքիր։
— Բավական է, լռիր,— արտասանեց Արամը խուլ ձայնով,— դու արդեն սպանել ես թե մեկին, թե մյուսին։
— Ի՛նչ ես հիմար-հիմար խոսում,— վրդովվեց Միսակը, եթե միայն կարող է վրդովվել մի մարդ, որ կորցրել է ամեն մի զգացում։
— Ես գիտեմ ինչ եմ ասում, գիտեմ։
— Դեհ, բավական է ինչքան խոսեցինք,— հանկարծ հանդարտվեց Միսակը, — խնդիրն այն է, որ այսօր ես ոչինչ եմ, զրո, սողուն, խլեզ, ճիճու, գորտ, ինչ կամենաս, միայն ոչ մարդ։ Դու կարծում ես, որ ես չգիտեմ, որ դու ինձ չես սիրում։ Ինձ ոչ ոք բանի տեղ չի դնում։ Բայց թող հայտնի լինի ամենքին, որ ես էլ թքել եմ բոլորի վրա․․․
— Այդ ես գիտեմ, գիտեմ,— ընդհատեց Արամը դառն հեգնությամբ։