Jump to content

Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՂՕՂԱՆՋՆԵՐԸ.

Ղօղանջո՜ւմ են զանգակները․․․ ղօղանջում են ամեն օր,
Տառապանքի կսկիծներից երգեր հիւսում ահաւոր—
Տանջուած երկրի ցաւոտ կրծքից ըմբոստ կռուի կոչն ուժգին
Տարածւում է ամեն խաւում ահեղ թափով՝ ամենքին:

«Դէ՛հ, վեր կացէք—ում սրտում դեռ մարդկային
Կոչման արժան գէթ մի նշոյլ անմեկին
Թրթռում է տանջանքների բովի մէջ,
Վշտից, ցաւից, գերութիւնից դեռ անշէջ:

Դէ՛հ, վեր կացէք—ում սրտում դեռ բռնութեան
Աւրող ձեռքից իդէալներ կը մխան—
Ով յոգնել է կորաքամակ՝ ոյժի դէմ
Միշտ սողալուց, թմրած հոգով և անզէն:

Դէ՛հ, վեր կացէք ու միացէք անխափան
Ըմբոստ հոգիք՝ զրկանքներից ցիր ու ցան.
Ով որ լինիք, ուր որ լինիք՝ միասին
Ողջունելու ազատութեան սուրբ լոյսին...»

Ղօղանջո՜ւմ են զանգակները... ղօղանջում են ամեն օր
Տառապանքի կսկիծներից երգեր հիւսում ահաւոր—
Տանջուած երկրի ցաւոտ կրծքից ըմբոստ կռուի կոչն ուժգին
Տարածւում է ամեն խաւում ահեղ թափով՝ ամենքին...

3