Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չլիներ այդ տարիներին բնորոշ անկրկնելի այդ նվիրումը, չէին լինի և այս հոդվածները։ Այդ տարիները խոսուն վկայությունն են այն իրողության, որ մեծ ծրագրերի հավաքական իրականացման համար առաջնայինը ազգային գաղափարն ու նպատակն են, և որքան խամրում են այդ երկուսը, այնքան գնալով կարևորվում են մնացյալ պայմանները և նյութական գործոնները։

«Երկիրում» տպագրված հոդվածներիս համար մեծապես շնորհակալ եմ թերթի այն ժամանակվա խմբագիր Աղվան Վարդանյանին։ Նա հաճախ ինքն էր անձամբ գրեթե վերծանում Արցախից եկողների հետ կամ Դաշնակցության Արցախի կոմիտեի ֆաքսով ուղարկած թղթակցություններս, որոնք երբեմն անընթեռնելի էին միջգյուղական ճանապարհներին գրված լինելու, ապա և կապի այն ժամանակվա պայմաններում ուղարկվող ֆաքսի համարյա սպիտակ էջերի պատճառով։ Իսկ եթե ինքս էի գրածներս երեկոյան կամ գիշերը հասցնում խմբագրություն, Աղվանը կանչում էր աշխատողներին և մեղավոր մեղմ ժպիտով ասում, թե ստիպված ենք թերթի երրորդ-չորրորդ էջերի մակետը քանդել։ Աչքաչափով հաշվում էր, թե էջում կամ էջերում ինչքան տեղ կգրավեն ձեռագրիս տողերը, և շարվող նյութին զուգընթաց կազմվում էր այդ էջերի նոր մակետը։ Թե որքանով են ժամանակի քննությանը դիմացել նման պայմաններում և արագությամբ գրված տողերը, ընթերցողը թող ինքը որոշի և ընդհանրապես նկատի ունենա, որ ծավալվող պատերազմի ոչ միայն արյունոտ դրոշմը, այլև հևասպառ ընթացքի կնիքն են կրում և մեր մյուս հեղինակների բուն արցախյան թղթակցությունները։

Եվ վերջապես այս հոդվածները չէին լինի, եթե չլինեին այս պատերազմում հաղթած զինվորները։ Չլինեին նրանք, կամ նրանց փոխարեն լինեին նրանք, ովքեր իրենց նման չէին, չէին լինի և հաղթանակների, պարտության ու հաղթանակի տևական ընթացքը ներկայացնող նման հոդվածները, և փոխարենը կլինեին տարիներ անց գրված հուշագրությունները՝ պտտվելով որևէ ամսաթիվ ունեցող խորհրդանշական սև այնպիսի մի թվականի շուրջ, ինչպիսին որ ժառանգեցինք անցյալ դարասկզբին։