Իմ գրածներում, բացառությամբ զոհվածներին նվիրվածներից, գրեթե անուններ չկան, որովհետև տարբերը ոչ թե ռազմաճակատի ոողջ երկայնքով դիրքավորված զինվորներն էին, այլ նրանց անուն ազգանունները։ Ինչ տարբերություններ էլ որ կային, ջնջեց ռազմաճակատի գիծը, որով մտավորականը աշխարհին ինչ-որ տեղ սկսեց նայել «բերթի» օրենքներով, իսկ այնտեղից եկածը պատվի իր ընկալմամբ դիրքերը պահելու «երդում կերավ» և ավելի շատ իր կյանքից հրաժարվեց, քան երդումից։ Նույն կերպ քաղաքից եկածը վերագտավ իր պապերի հանդերի բույրը, դաշտերի ու ֆերմաների ճանապարհը, իսկ այդ ճանապարհների հողագործները քաղաքի հետ շփվեցին այնտեղից բերված ռազմական հանդերձանքի ու տեխնիկայի միջոցով։ Պոստերում ձեռքից ձեռք փոխանցվող ջրի տափաշիշը, կպցվող ծխախոտի կրակը, մարտական մեծ թերմոսների և կրակված արկերի պարկուճների մեջ լցվող շիլան մեկից մյուսին փոխանցեց բնավորության մի-մի գիծ ու հատկանիշ։
1991-92 թվականների այս ջոկատները քաղաքակիրթ աշխարհում նույնիսկ պարտվել չէին կարող, որովհետև նման զորամիավորումները տանկերի, ծանր հրետանու և ռմբակոծիչների առջև անձնատուր կլինեին մինչև կռվի սկսվելը, Արցախում, սակայն, նրանցով 1992 թ. կեսերից սկսվեց ձևավորվել 1993-94 թվականներով անցած այսօրվա բանակը, և այս գիրքը այդ ճանապարհին ընկածների, այդ ճանապարհը բացածների և այսօր էլ այդ ճանապարհով անցնողների մասին է։
Այդ ճանապարհն սկսվեց Երասխավանով, շարունակվեց 1991 թ. գարնան և ամռան՝ Բերդաձորից մինչև Շահումյան ձգվող տեղահանության ալիքով՝ 1991-ի աշնանից վերածվելով կորցրածը ետ բերելու, Արցախի ներսի կրակակետերի լռեցման անկասելի մի ընթացքի, որի բարձրակետն էր դառնալու Շուշիի ազատագրումը, որտեղից ճանապարհը տանելու էր մինչև Գորիս։ 1992 թ. մայիսյան հաղթական այս երթին, սակայն, մեկ ամիս անց հաջորդելու էր Հյուսիսային Արցախի գրավումը, չարենցյան բնորոշմամբ՝ «անկումների սարսափից» ցնցելով ողջ Հայաստանը և Արցախը։